
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Սեւանից լրացուցիչ ջուր վերցնելու կառավարության որոշումը ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց եւ հանրության բողոքի արդյունքում կառավարությունը հետ նահանջեց` 5 տարվա փոխարեն լրացուցիչ ջրառը սահմանափակվելով մեկ տարով։ Բնապահպանները, սակայն, զարմացած են. փաստաթղթում նախնական տարբերակում նշաված ջրառի քանակը վերջնական տարբերակում փոխվել է` թիվը բարձրացել է: Այսօր բնապահպանները կրկին ահազանգում են. Սեւանի ջրի մակարդակը կրկին կիջնի` վնաս հացնելով տարբեր ուղղություններով: Նույնիսկ սեյսմոլոգներն են անհանգստացած լճի ջրի մակարդակի անընդհատ տատանումներից:
Բնապահպանները ներկա փուլում մասնագետների ցուցակ են կազմում, որը ներկայացնելու են ՀՀ վարչապետին` Սեւանի հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու համար։ Համենայնդեպս՝ վարչապետը նման խոստում է տվել բնապահպաններին: Խնդիրն առաջացել է Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշման հետ կապված: Թեեւ բնապահպանների բողոքից եւ պայքարից հետո 5 տարվա ջրառը փոխարինվեց մեկ տարվանով, բայց դա էլ լուրջ հարված կհասցնի Սեւանին, եւ ոչ միայն լճի ջրի մակարդակին։
ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը պնդում է` Սեւանի հետ կապված ցանկացած որոշում ընդունելուց առաջ կառավարությանը երբեք չի հետաքրքրել կատարվելի քայլերի գիտական հիմնավորումները եւ մասնագետների կարծիքը: Էվելինա Ղուկասյանը թվերով փորձում է ապացուցել` անպատասխանատվության պատճառով ջրային ռեսուրսները ապաշնորհ են կառավարվում: «Սեւանը ջրամբար չէ` մեկ բարձրացնում են, մեկ իջեցնում են: Լճում ընդհանրապես ջրային ռեժիմի տատանումները իրենց բացասական հետեւանքներն են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա: Հասնել մինչեւ 60 տոկոս ջրային ռեսուրսների կորուստի` նշանակում է պարզապես ջրերը լցնել գետը եւ ուղարկել հարեւան երկրներ: Անհարմար է: Մենք բավականին պարզ բացատրություն էինք տալիս, որ բազմաթիվ տարիների միջին տվյալների համաձայն՝ ջրային հոսքերի առավելագույն մուտքը Սեւանա լիճ եղել է 220 միլիոն խորանար մետր, հետեւաբար, եթե անգամ 240 միլիոն է բաց թողնվելու, դա չի կարող չիջեցնել ջրի մակարդակը»։
Սա ասելով՝ Էվելինա Ղուկասյանը պատասխանում է կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե մեկ տարվա ընթաքվում կատարվելիք ջրառը չի իջեցնելու Սեւանի ջրի մակարդակը: Բնապահպանները զարմացել են, թե ինչպես է ստացվել, որ ջրառը թույլատրելու համար «Սեւանի մասին օրենքում» կատարվող փոփոխության ժամանակ, ԱԺ- ում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախնական 240 միլիոն խորանարդ մետր թույլատրելի սահմանը հանկարծակի բարձրացվել է մինչեւ 270 միլիոն խորանարդ մետրի:
Այն, որ վերջին երկու տարվա ընթացքում լիճն արդեն կրել է վնասներ, պնդում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: «Լիճը կիջնի, 270-ի պարագայում մենք ակնհայտ կունենանք բացասական բալանս: Այսօր արդեն անցյալ տարվա համեմատ 10 սանտիմետրով լիճն իջել է: Նաեւ ասեմ, որ սեյսմոլոգները անհանգստանում են` լճի այդ տատանումները կարող է սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում»։
Բնապահպանները չեն հավատում կառավարության այն հիմնավորումներին, թե լրացուցիչ ջրառը ստիպված քայլ է` Արարատյան դաշտավայրը անապատացումից փրկելու եւ ոռոգում կազմակերպելու համար: Ըստ Կարինե Դանիելյանի` կան մի շարք վարկածներ, թե ինչու է կազմակերպվել Սեւանի հանդեպ այս դավադրությունը։ «Մեկը, որ վիլլաները, դաչաները ջրի տակ չմնան, երկրորդը` ջուրը հատուկ բաց են թողնում Հրազդան գետով, որպեսզի աշխատեն ՀԷԿ-երը: Չենք ուզում մտածել, որ դա, իրոք, դավադրություն է: Իրոք, Արարատյան արտեզյան ավազանում այդ ձկնաբուծարանների խնդիրը շատ լուրջ է եւ սա ամենալուրջ էկոլոգիական խնդիրն է այսօր` Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի իջեցումը, որի արդյունքում մենք ստիպված ենք իջեցնել Սեւանը»:
Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու փոխարեն, թե ինչ կարելի էր անել եւ չի արվել Արարատյան արտեզյան ավազանի սակավաջրության խնդիրը լուծելու համար, Կարինե Դանիելյանը այս պահին դժվարանում է ասել: Պնդում է. նախ պետք է ձեւավորել հանձնաժողովը Սեւանը հետագա ոտնձգություններից փրկելու համար, հետո նոր մտածել անելիքների մասին: Բնապահպանները համոզված են՝ առաջիկա տարվա համար Սեւանից նախատեսված 270 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառը կանխել այլեւս չեն կարող, բայց արդեն պետք է պայքարեն հաջորդ տարիների համար։




