
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նոր օրինագիծ, որով փոփոխություններ են նախատեսվում զինծառայողների պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։ Վարչապետն այս համատեքստում խոսել է բանակի կերպափոխման հայեցակարգի մասին, նշել, որ բանակը պետք է տեղավորվի կառավարության քաղաքական ու ռազմավարական ընկալումների շրջանակում։ Ավելի մանրամասն այս մասին Նիկոլ Փաշինյանը խոստացել է խոսել առաջիկա հարցազրույցի ընթացքում։
Կառավարության նիստում ընդունված որոշմամբ փոփոխվում են զինծառայողների առողջական պիտանելիության կարգավորումները։ Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հիմնական փոփոխությունները վերաբերում են այն հիվանդություններին, որոնք կարող են սահմանափակել զինվորական ծառայությունից ազատվելը։
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները, մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջապահական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո, ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։
Նախարարը համոզված է, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է՝ կառավարությունը վերջերս քննարկել և հաստատել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը ոչ միայն բանակի, այլև հանրության վերաբերմունքի փոփոխություն է ենթադրում։ Չնայած թվում է, «թե ավելի լավ վերաբերմունք ինչպե՞ս կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան կա»՝ ասում է վարչապետը։
«Բայց այստեղ էլ սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված, և կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»։
Ըստ վարչապետի՝ բանակը պետք է տեղավորվի կառավարության քաղաքական ու ռազմավարական ընկալումների շրջանակում, իսկ միակ խնդիրը տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի համատեքստում մնում է «միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումը»։
Ինչ վերաբերում է նախագծին, ապա դրանով, ըստ էության սահմանափակվում է տարկետման հնարավորությունը։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների ընդունման արդյունքում «կնվազի բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակը, իսկ հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն՝ ըստ հիվանդության արտահայտման աստիճանի»։ Ըստ պաշտպանության նախարարի՝ փորձը ցույց է տալիս, որ զինծառայողները տարկետումների ընթացքում հիմնականում ոչ թե բուժվում ու վերադառնում են ծառայության, այլ կրկին դիմում տարկետման։




