
ԱԺ–ում շրջանառության մեջ է դրվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը․ արտախորհրդարանական ուժերին հաջողվել է հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություններ՝ հարցը քաղաքացիական նախաձեռնության կարգով օրակարգ ներառելու համար։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը արտախորհրդարանական ուժերին թույլ է տալիս հանդես գալ օրենսդրական առաջարկով, եթե այն ստորագրությամբ պաշտպանում է 50 հազար քաղաքացի։ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի լիազոր ներկայացուցիչը խորհրդարանական քննարկումներում կլինի նախկին պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները խուսափում են հստակ դիրքորոշում հայտնել ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու հարցի առնչությամբ, թեև «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի օրենսդրական նախաձեռնությունն արդեն խորհրդարանում է։ ԱԺ պաշտոնական կայքում այն կարելի է գտնել «Օրակարգում դեռևս չընդգրկված» նախագծերի բաժնում։ Օրինագիծը նախ կքննարկի ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, ապա այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ասում են՝ աշխատանքային քննարկումներն ընթանում են, խմբակցության մակարդակով վերջնական որոշում դեռ չունեն:
Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերն իրենց ձգտումը դեպի ԵՄ հիմնավորում են ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև անվտանգային խնդիրներով։ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ Եվրաքվեի գաղափարի իրագործումը Հայաստանում անհրաժեշտ է արագացնել․
«Ես պնդում եմ, որ առավել ևս, երբ ալեկոծում կա մեր տարածաշրջանում և մեր շուրջը, մեզ հենման կետ է պետք։ Մենք տեսել ենք, որ այն անվտանգային համակարգը, որում մենք կանք, մեր համար այլևս հենման կետ չի և մենք, ուզենք թե չուզենք, այն մյուս համակարգերի մեջ ինտեգրվելու ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք։ Գոնե այդ հայտերը ներկայացնենք, որ այնտեղ տեսնենք, որ այստեղ սպասումներ կան»։
Միաժամանակ Խուրշուդյանը չի հերքում տեսակետը, որ Եվրոպան միասնական չէ ընդլայնման քաղաքականության հարցում ։
«Կան որոշ եվրոսկեպտիկների քայլեր ու գործողություններ, այդ թվում՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյաների: Ասեմ ձեզ, բյուրոկրատիայի մեջ կան մարդիկ, որոնք այնպիսի երկրներ են ներկայացնում, որոնք շահագրգռված չեն ընդլայնման մեջ և իրենց կողմից սաբոտաժ անում են»:
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը համոզված է, որ «Եվրաքվեն» կարևոր մի հարց արդեն լուծել է․
«Հայաստանը պահեց միջազգային քաղաքականության առաջին գծում, որովհետև եթե չլիներ այն ստորագրահավաքը, մենք որպես ազգ և պետություն կլինեինք բոլորովին այլ տեղ»։
Խորհրդարանական մեծամասնությունն այս հարցում խիստ զգուշավոր է։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասում է՝ այս դիրքորոշումը պատճառներ ունի։
«Վրաստանի իրադարձությունները մեզ ի՞նչ են հուշում: Վրաստանի իրադարձությունները մեր թևերը ավելի են ազատո՞ւմ, պատուհան ստեղծո՞ւմ, թե՞ ավելի շրջահայաց նայելու իրավիճակ են ստեղծում: Տեսնում ենք Վրաստանում ինչ է կատարվում, տեսնում եք Սիրիայում ինչ է կատարվում: Այսինքն, ի՞նչ հետևություն մենք պիտի անենք»։
Ասվածը թերևս վերաբերում է միայն կտրուկ որոշումներ կայացնելուն։ Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ հարաբերություններին, ապա դրանք խորանում ու ընդլայնվում են։ 2025-ին սկսված աննախադեպ ծրագրերը շարունակվելու են 2025-ին՝ հաստատում է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«ԵՄ–ն ուղարկեց փաստահավաք առաքելություն, որի արդյունքում փորձում ենք ձևավորել գործընկերության նոր օրակարգ: Բանակցությունները կավարտվեն մոտ շաբաթների ընթացքում և կստորագրվեն շատ մոտ ապագայում՝ ամիսների ընթացքում: Այդ օրակարգը ոչ միայն կփոխլրացնի մեր բուն պայմանագիրը՝ CEPA–ն՝ գրեթե մոտեցնելով Ասոցիացման անդամների պայմանագրին, նաև կընդլայնի՝ ներառելով նոր ոլորտներ, որոնք չկային անգամ Ասոցիացման պայմանագրի նախագծում»։
Հայտնի է, որ CEPA–ն առավելապես տնտեսական բովանդակություն ունի, բայց ԵՄ–ի հետ Հայաստանի ծրագրերն արդեն ընդգրկում են նաև անվտանգային ոլորտը։
Առանցքայիններից մեկը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է, որը դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը։ Սա հարցերից մեկն է, որ դարձել է Ադրբեջանի դժգոհության առարկա և ընդգրկվել հայ–ադրբեջանական բանակցային օրակարգում, թեև Հայաստանը մշտապես նշել է, որ քաղաքացիական առաքելության շնորհիվ նվազել են սահմանային միջադեպերը և որոշակի կայունություն է ստեղծվել։
Ի՞նչ կլինի երկու ամսից՝ փետրվարին, երբ ավարտվի առաքելության երկամյա ժամկետը, դեռ հայտնի չէ։ Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ փակ հանդիպում է տեղի ունեցել ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովում։ Բրյուսելից եկող ազդակներն առաքելությունը շարունակելու օգտին են։




