ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հնարավոր բանակցություններ՝ առանց կողմերի հստակեցման․ ԵՄ–ն դիտարկում է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հարցը

ԵՄ–ն դիտարկում է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը, գրում է Reuters-ը։ Նման վերլուծության համար հիմք է հանդիսացել Թրամփ-Մակրոն մի քանի օր առաջ կայացած հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ ընտրված նախագահը պնդել է՝ ՌԴ-Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունն ու խաղաղապահ զորքերի տեղակայումը Ուկրաինայում։ Փորձագետներն էլ  քննարկում են, թե որ երկրներն են նստելու բանակցային սեղանի շուրջ։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ Ուկրաինա ամերիկացի զինվորականներ ուղարկել։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջ է տանում եվրոպական խաղաղապահ առաքելություն ստեղծելու գաղափարը։

Reuters-ը գրում է, որ Եվրոպական երկրներն այժմ քննարկում են Ուկրաինա զորախումբ ուղարկելու հնարավորությունը, որպեսզի հրադադար հաստատելու կամ հակամարտող կողմերի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու դեպքում Ուկրաինայի անվտանգությունն ապահովված լինի։

Քննարկումները դեռ նոր են սկսվում, բայց արդեն մասնակիցների միջև տարաձայնություններ կան առաքելության նպատակների և մանդատի հարցում։ Բացի այդ, որոշ դիտորդներ սկզբունքորեն կասկածի տակ են դնում նման բանակցությունների իրագործելիությունը պատերազմի այս փուլում։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։ Բայց արդեն այսօրվանից նա բացառում է անվտանգության նկատառումներով Ուկրաինա ամերիկյան զորք ուղարկելու հավանականությունը։ Մի քանի օր առաջ կայացած Թրամփ-Մակրոն հանդիպունից հետո լրատվամիջոցները գրեցին, որ Թրամփը պնդել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատվի և բանակցություններ սկսվեն։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք մանրամասներ գիտեին Փարիզում կայացած հանդիպման մասին, գրում էր, որ Թրամփը կողմնակից է, որ եվրոպացիները մեծ դեր ունենան Ուկրաինայի պաշտպանության և աջակցության գործում: Նա կողմ է արտահայտվել նաև եվրոպացի զինվորներ Ուկրաինա ուղարկելու առաջարկին՝ զինադադար ապահովելու համար։ Ըստ պարբերականի, Եվրոպացիներն ամերիկյան աջակցություն կստանան, բայց առանց զորքերի ներգրավման։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ավելի ուշ էր միացել Թրամփ-Մակրոն հանդիպմանը, կարևորել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը, ինչպես նաև, այսպես ասած, «ուժի դիրքերից խաղաղության» հասնելու անհրաժեշտությունը։ Զելենսկին նաև մտավախություն է հայտնել, որ դիվանագիտական ​​ճանապարհով պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը կարող են հանգեցնել Մոսկվայի պայմանները կատարելուն, գրում է The Wall Street Journal-ը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը չի բացառել Ուկրաինա խաղաղապահ զորքերի կազմում Գերմանիայի ԶՈւ ներկայությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության նախագահ Ֆրիդրիխ Մերցը քննադատաբար են արձագանքել նախարարին։

Նման հրապարակումներից հետո, արդեն քննարկումներ են սկսվել, թե որ երկրներն են նստելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցային սեղանի շուրջ։

Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը հայտարարում է՝ ռուս–ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերջնական պայմանավորվածություններում պետք է հաշվի առնել Բելառուսի շահերը.

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ տեղ ենք փնտրում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, երբ դրանք սկսվեն»։

Գերմանացի փորձագետները որևէ առիթ չեն տեսնում, որ Բելառուսը մասնակցի բանակցություններին։

Որքանո՞վ է իրատեսական Բելառուսի մասնակցությունը խաղաղության բանակցություններին, ի՞նչ կարգավիճակով կարող է Մինսկը նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ընդհանրապես որքանո՞վ են արդիական այդ հարցերը։

DW-ն զրուցել է գերմանացի փորձագետների հետ։ Ֆրանկֆուրտի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Յան Բեհրենդս․

«Մի կողմից՝ Մինսկի ցանկությունը մասնակցելու բանակցություններին, որպես Ռուսաստանի և Ուկրաինայի հարևան երկիր, արդարացված է, բայց մյուս կողմից՝ սա հավանաբար Կրեմլի հորինած մանևրն է։ Մենք գիտենք, որ Լուկաշենկոյի կառավարությունն իրականում ինքնիշխան չէ, ինձ թվում է, որ Մոսկվան, որը շատ մեկուսացված կլինի այս բանակցություններում, պարզապես կցանկանար այնտեղ ունենալ դաշնակից, որը կպաշտպանի իր դիրքորոշումը»։

ՌԴ ԱԳ նախարարությունը համաձայնություն է տվել Բելառուսի մասնակցությանը։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․

«Մենք բարձր ենք գնահատում և աջակցում Մինսկի ջանքերը, կարևոր և անհրաժեշտ ենք համարում մեր ամենամոտ դաշնակցի՝ հնարավոր բանակցություններին, բանակցային գործընթացներին միանալը, որոնք տեղի կունենան Ռուսաստանի մասնակցությամբ»։

Իսկ որքանով է իրատեսական Մինսկին բանակցային սեղանի շուրջ տեղ հատկացնելու գաղափարը, հարցնում է գերմանացի փորձագետ Յան Բեհրենդսը։ Նա առաջարկում է նախ դիտարկել հարցը՝ արդյո՞ք կարելի է խաղաղ բանակցություններ ակնկալել մոտ ապագայում, և հետո արդեն հստակեցնել, թե ովքեր կարող են մասնակցել այդ բանակցություններին։

«Ուկրաինան ու Ռուսաստանը անպայման կմասնակցեն բանակցություններին, հավանաբար Միացյալ Նահանգները ևս, քանի որ նախաձեռնության մեծ  մասը նախագահ Թրամփինն է։ Եթե նման բանակցություններ սկսվեն, հավանաբար սկզբում դրանք կսկսվեն փակ դռների հետևում, և կարծում եմ՝ Բելառուսին գրեթե տեղ չի մնա սեղանի շուրջ»։

Միջազգային փորձագետներն դիտարկում են նաև հարցը, թե ինչ դերակատարում պետք է ունենա Մինսկը բանակցություններում՝ ագրեսորի՞, զոհի՞, թե՞ չեզոք կողմի։

Գերմանացի փորձագետների մի մասը կարծում է, որ միակ դերը, որ կարող է վերագրվել Մինսկին, Մոսկվայի դաշնակից լինելն է։ Նրանք նկատում են, որ 2022 թվականին ռուսական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ սկսվել է նաև Բելառուսի տարածքից։ Ոմանք, սակայն, պնդում են, որ ագրեսիայի մեջ Մինսկին մեղադրելը անհեթեթ է։

Կարդացեք նաև

Back to top button