ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ալիևը ռուսական հեռուստաալիքին ասել է, թե Խաղաղության պայմանագրում որ հարցերն են չհամաձայնեցված

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագրից» նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Դրանք  ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտել է Ադրբեջանի նախագահը։

Նա խոսել է  խաղաղության բանակցություններում  խոչընդոտների և չհամաձայնեցված կետերի մասին։ Հայկական կողմը Ալիևի հայտարարությունները չի մեկնաբանել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք խաղաղության ճանապարհին կա երկու խոչընդոտ և հենց պայմանագրում չհամաձայնեցված երկու կետ։ Տևական ժամանակ է, որ  հայկական կողմը՝ բանակցություններին չվնասելու և շահարկումներից խուսափելու հիմնավորմամբ չի բացահայտում չհամաձայնեցվող երկու կետերի բովանդակությունը։ Բայց դա արեց Ադրբեջանի նախագահը ռուսական հեռուստաալիքի եթերում։

Բաքվից հնչած հերթական նախապայմաններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կվերացնեն խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները։ Բայց սրանք դեռ պայմանագրի կետեր չեն։ Փաստաթղթի 17 կետից չհամաձայնեցված երկուսը միջազգային իրավական ատյաններից հայցերի փոխադարձ հետ քաշման և սահմանին երրորդ երկրների ուժերի, այսինքն՝ ԵՄ դիտորդների ներկայությունը բացառելու մասին են։ Ադրբեջանի նախագահի որևէ հայտարարություն այս պահին հրաժարվում է մեկնաբանել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես չեմ կարող ձեզ հետ քննարկել որևէ մի հարց սահմանների և սահմանազատման հետ կապված, որը դուրս է մամլո հաղորդագրությունների շրջանակներից։ Ինչո՞ւ, որովհետև այդ գործընթացը շատ զգայուն է։ Մենք ունենք գրավոր փաստաթուղթ, ստորագրված երկու երկրների լիազոր ներկայացուցիչների կողմից, որով պայմանավորվել ենք, որ շրջանակներից մամլո հաղորդագրությունների դուրս չեն գալիս»։

Հայաստանի փոխվարչապետի հստակ ասելիքը առնչվում է միայն Բաքվի «միջանցքային» հռետորաբանությանը և  «Զանգեզուրի միջանցք» խոսույթին։

«Մենք քանի՞ անգամ ենք արդեն կրկնել, որ կան «կամիր գծեր», որոնց հատումը ուղղակի անհնարին է, և ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել։ Չի լինելու նման բան»։

Անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու շանսն այս պահին շատ ցածր է համարում․  

«2024 թվականին շատ կարճ հատված է եղել, երբ պայմանագրի կնքման հավանականությունը բավականին բարձր է եղել: Դա եղել է ամառվա ընթացքում մինչև Բայդենի կողմից ընտրարշավից դուրս գալը, որովհետև Միացյալ Նահանգները բավական լուրջ հույսեր ուներ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելը որպես «հաջողության պատմություն» հնարավոր է լինելու ներկայացնել ներքին դաշտում։ Գուցե Ադրբեջանը ցանկանում է իրականում Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրել, բայց ունի նաև պարտականություններ և առաջին պարտավորությունը Ռուսաստանին վարձահատույց լինելն է 44-օրյա պատերազմի և 2023-ին էթնիկական զտման համար: Հավանաբար, Ադրբեջանը բացի այն, որ ԵՄ դիտորդները հենց իրեն են անհանգստացնում, քանի որ գործոն են Հայաստանի հզորացման հարցում, բացի դա նաև ցանկանում է այսպիսով Ռուսաստանին ինչ-որ բան տալ, որից հետո հնարավոր է, որ Հայաստանի հետ համաձայնությունների հարցում ևս մեկ քայլ առաջ կգնան»։

ԵՄ դիտորդների առաքելության երկամյա ժամկետը լրանում է երկու ամսից՝ փետրվարին, բայց հետագա անելիքների առումով դիրքորոշումները դեռ պաշտոնապես չեն ներկայացվել։

Միջազգային իրավական ատյաններում հայցերի հետքաշման առնչությամբ պաշտոնական Երևանը նշել է, որ հարցը հնարավոր է դիտարկել, եթե խաղաղությունը իրատեսական դառնա։ Այս պահին, սակայն, միջազգային ատյաններից հայցերի հետքաշման որոշում Հայաստանը չունի։ Ի դեպ, Ալիևի փոխանցմամբ՝ Ադրբեջանը փոխհատուցման պահանջով նոր հայցի նախապատրաստումն ավարտել է։ 150 միլիարդ դոլարի հայցապահանջը վերաբերում է ԼՂ ռեսուրսների օգտագործմանը։ Այս համատեքստում է նա հայտարարել, որ հայցերից հրաժարվելու առաջարկը փոխադարձ շահավետ է։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանում է, թե ինչ պայմաններում Հայաստանը պատրաստ կլինի քննարկել այս հարցը, մյուս կողմից նշում է, որ այսօր աշխարհում կա միջազգային արդարադատության խնդիր՝ դատարաններում կայացված որոշումները կյանքի չեն կոչվում։  

«Երբ մենք խոսում ենք հայցերից հրաժարվելու կամ հետ կանչելու գործընթացի մասին, մենք դա դիտարկում ենք համապարփակ խաղաղության պայմանագրի շրջանակներում՝ կոմպլեքսային լուծման պարագայում: Որևիցե մեկը իր իրավական գործիքներից հրաժարվելու ցանկություն չունի, բայց եթե մենք ուզում ենք գնալ երկարատև և կայուն խաղաղության, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է դա հնարավոր: Քանի՞ լումա արժի 30 տարի անց ունենալ այս կամ այն դատարանի բարենպաստ դատական ակտ, եթե այլևս այդ ակտը իրագործելի չէ: Մենք սրա մասին պետք է մտածենք և սրա մասին պետք է խոսենք»։

Ինչ վերաբերում է խաղաղության հասնելու խոչընդոտներին՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու Բաքվի նախապայմաններին, ապա դրանց պաշտոնական Երևանը նույնպես արձագանքել է՝ առաջինի դեպքում վկայակոչելով ՍԴ-ի որոշումը, երկրորդի դեպքում՝ խաղաղությունը որպես ինքնալուծարման պայման նշելով։

Ռուսական հեռուստաալիքի եթերում Ալիևը նաև մանիպուլյացիա է արել՝ Հայաստանի կողմից ձեռք բերվող պաշտպանողական զենքը ներկայացնելով որպես հարձակողական։ Հաստատել է, որ Ադրբեջանը շարունակելու է զենք ձեռք բերել Ռուսաստանից։

Ադրբեջանի շարունակական զինվելը նա հիմնավորել է աշխատհում տիրող իրավիճակով՝ պնդելով, թե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված «կանոնները» այլևս խախտվել են և հաստատվել է ուժի իրավունքը։

Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցում նոր ծրագրեր է մշակում։ Ռուսական կողմից ներդրումների է սպասում Ղարաբաղում։ Առաջին ներդրումային ծրագիրը իրականացրել է Թաթարստանը։ Խոսքը Ջաբրայիլի շրջանում «Կամազ» սպասարկման կենտրոնի մասին է, որն արդեն բացվել է։

Կարդացեք նաև

Back to top button