ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացում․ ԵԱՏՄ-ն 10 տարեկան է

Արդեն տասը տարի Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Տնտեսական այս կառույցը նոր հնարավորություններ է բացել հայկական բիզնեսի համար։ Կառույցի անդամ երկրների ղեկավարները ևս կարևորում են միության գործունեության առանցքային հարցերը։ Օրերս Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումն են, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում՝ հայտարարել էր Փաշինյանը։ Ռուսաստանի վարչապետն էլ հայտարարել է  հավաքական պարենային անվտանգության մասին առանձին միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնության մասին։

300 միլիոն դոլարից 10 տարում Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև արտահանման ծավալները հասել են ավելի քան 3.4 միլիարդի․ 2025-ի հունվարին լրանում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարին։

 «ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում»,– օրերս Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ  խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։»։

ՌԴ վարչապետն, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում պարենային անվտանգությանը, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմներին, հայտարարում է՝  հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումներ են սկսվել։ Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն նախատեսում է մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել անդամ երկրներում սննդի պակասը։ 

«Երեք տարի առաջ մենք հասկացանք հացահատիկի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի, արևածաղկի ձեթի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման նպատակահարմարությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղաքացիների համար դրանց պակասից, համակարգել դիրքորոշումները միության սահմաններից դուրս արտահանման առումով։ Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, որ ամենակարևորն է, օպերատիվ կերպով հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունը»։ 

Միության գոյության 10 տարիների ընթացքում  զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%՝ արձանագրում են կառույցում։ Հայաստանի արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ-ին բաժին է հասնում կեսը՝ 50 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարությունում արձանագրում են՝ ԵԱՏՄ-ն հայ բիզնեսի համար ավելի քան 185 միլիոնանոց շուկա է։ Ընդ որում, ԵԱՏՄ շուկաներում արտահանման շուկաներում հիմնական գործընկերը ՌԴ-ն է։ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն արձանագրում է․

 «Հիմնական արտահանվող ապրանքներն են գինիները, կոնյակը, գյուղատնտեսական ապրանքները, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքը։ Բացի այդ, մենք կարողացել ենք զարգացնել նաև տեքստիլի արտադրությունը, որը մեծ պահանջարկ ունի, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում»։

Ազատ առևտրի համաձայնագրերը ևս տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություն են տալիս։ Արդեն կնքված է Վիետնամի, Սերբիայի, Չինաստանի , Իրանի հետ փաստաթղթերը։ Մոնղոլիայի հետ համաձայանգրի կնքման հարցերը վերջնական փուլում են։ Փոխնախարարը ընդգծում է՝ 2020–2024թ ներքին շուկաները բարելավվել են։ ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում վերացվել է 30 խոչընդոտ, 8 սահմանափակում՝ ասում է փոխնախարարը։ Որքան էլ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտաշրջանառությունն ավելանում է, միևնույնն է, խնդիրներ կան։ «Այլըտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը ընդգծում է․ ԵԱՏՄ անդամ երկրների ու Հայաստանի միջև լոգիստիկ խնդիրներ կան․

«Մենք հնարավորություն ունենք Ղազախստանի հետ կապերը ընդլայնելու, բայց լոգիստիկան լավը չէ, խոչընդոտում է։ Բելառուսի հետ նույնպես կարող ենք կապեր հաստատել։ Ղրղզստանի հետ ավելի դժվար կլինի, քանի որ տնտեսությունը անկում է գրանցում։ Իրենք ավելի շատ Չինաստանի հետ են աշխատում»։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր  ԵԱՏՄ նախագահությունը։ Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն հիմունքներով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ Անդամակցելով միությանը, երկրները նաև վճարումներ են կատարում։ 2023 թվականին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 473 մլն դոլար։ ԵԱՏՄ-ից Հայաստանը 181 մլն դոլար է ստացել։ Բացասական սալդոն կազմել է 292 մլն դոլար: Սա բնական է՝ ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

ԵԱՏՄ-ում ձևավորվում է նաև միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում փոխանակման կանոնները ևս հաստատված են։ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից, արձանագրում է Հայաստանի վարչապետը, հույս հայտնելով, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծումը։

Կարդացեք նաև

Back to top button