
Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակը, տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջը։
Նշվում է, որ Հարավային Կովկասում իրավիճակը դիտարկելիս հաստատվել է «3+3» պլատֆորմի հետագա զարգացման կարևորությունը։
Կենտրոնական Ասիայի հարցի քննարկման ընթացքում նշվել է տարածաշրջանում կայունության ապահովման կարևորությունն ու պետությունների հետ համագործակցության մեծ ներուժը։
«Իրանցի գործընկերներին մանրամասն բացատրվել են ռուսական կողմի մոտեցումներն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ», — ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարության եվրասիական երկրների գլխավոր տնօրեն Դամիրչիլուին։ Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ–ի՝ քննարկումներն ընթացել են ռուս-իրանական ռազմավարական գործընկերությանը բնորոշ բարեկամության և համագործակցության մթնոլորտում։
Նոյեմբերի 29–ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։
«Համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերի համահունչ համակարգված առաջընթացը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի նրա ստեղծագործական ներուժը: Ինչպես նախկինում, մենք չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է ՌԴ փոխնախարարը։




