ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բաքվի քաղաքական արդարադատությունը՝ Արցախի առաջնորդների և Ռուբեն Վարդանյանի դեմ նոր ճնշումների փուլում

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի դատարան է ուղարկվել ԼՂ նախկի ռազմաքաղական ղեկավարության դեմ Բաքվում հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ նրանք մեղադրվում են իբր 2548 դրվագով ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ շուրջ 20 նոր մեղադրանք է առաջադրվել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ դրանց թիվն ընդհանուր առմամբ հասցնելով 45-ի։ Նրա փաստաբանական թիմը տարածած հայտարարությամբ դատապարտել է շինծու մեղադրանքները, նշել, որ զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արցախի նախկին ղեկավարների և պաշտոնյաների նկատմամբ քրեական գործը՝ 2548 դրվագով, փոխանցվել է Բաքվի զինվորական դատարան: Գործը, նրանց ձևակերպմամբ, վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված հանցագործություններին»: Հաղորդվում է, որ 2024 թվականի մայիսին միավորվել են 1987-2024 թթ. քննված 1389 քրեական գործեր: Մեղադրյալների շարքում են Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սակահյանը և այլք: Նրանց մեղադրում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20-ից ավելի հոդվածներով: Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը համագործակցության է  հրավիրում Հայաստանի իրավասու մարմիններին:

Մինչև այս հայտարարությունը հայտնի էր դարձել, որ Բաքուն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով նոր մեղադրանքներ է առաջադրել Ռուբեն Վարդանյանին՝ դրանց թիվը հասցնելով 45-ի։

Վարդանյանի մեղադրանքների այս աննախադեպ ավելացումը «Ռադիոլուրի» հետ զրույցում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն այսպես է մեկնաբանում։   

«Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չի կարողանում ստանալ այն, ինչի հույսն ուներ ստանալ գերիների դիմաց և փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել։ Ընդ որում, այստեղ պետք է նկատել, որ այդ ճնշման գործադրման հասցեատերը կարող է լինել ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի, ընդհանուր առմամբ, կապվածությունը Ռուսաստանի հետ, նրա հնարավորությունները Ռուսաստանում։ Հնարավոր է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում այն ակնկալիքները, որոնք ուներ Բաքուն, չեն արդարանում և, կոնկրետ Ռուբեն Վարդանյանի դեպքում, դրա հետևանքն այն է, որ Ադրբեջանում նրա նկատմամբ խստացվում են գործողությունները, ինչը չի նկատվում մյուս գերիների նկատմամբ»։  

Ըստ փորձագետի՝ մյուսների դեպքում նման ակնկալիքներ Բաքուն կամ չունի, կամ այդ ակնկալիքները գուցե Հայաստանից են։ Եվ քանի որ այդ առումով գործընթացային փուլ է, Բաքվում դեռ չեն գնահատել, որ անհրաժեշտ է ճնշումն ուժեղացնել՝ կարծում է փորձագետը։         

Վարդանյանի փաստաբանական թիմը նախօրեին տարածած հայտարարությամբ, մինչդեռ, նկատել է. «Այս զարգացումը տեղի է ունենում երկու ամիս անց այն բանից հետո, երբ այդ երկիրը վեճի առարկա դարձրեց COP29 կլիմայի գագաթաժողովը, որտեղ մարդու իրավունքների հարցում նրա սարսափելի վարքը միջազգային սուր քննադատության արժանացավ»։

Վարդանյանի պաշտպանական թիմը չգիտի, թե Վարդանյանի դեմ ինչ ապացույցներ ունի Բաքուն։ Վստահ են, որ եղածներն էլ շինծու են։ Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն էլ իր հերթին նկատում է.

«Պարոն Վարդանյանը նաև ակտիվ է գտնվել շրջափակման ընթացքում մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու տեսանկյունից, ինչը նաև հանգեցրել է Ադրբեջանի վարկանիշների անկման։ Սրանք վրեժխնդրության մոտիվացիայով կատարվող հետապնդումներ են, քաղաքական են»

Հտեևաբար դրանք չեն տեղավորվում իրավական գործընթացների մեջ՝ հավելում է միջազգային իրավունքի մասնագետը։ Փաստաբանական թիմը տարածած հայտարարությամբ արձանագրել է, որ Բաքվի ռեժիմը հուսահատորեն փորձում է արդարացնել Ղարաբաղում էթնիկ զտումը և նրա նախկին առաջնորդների ապօրինի բանտարկությունը։ 

«Մեղադրանքների այդ երկար շարանը ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի համար, ինչ ադրբեջանական ռեժիմն է արել Լեռնային Ղարաբաղում»,- տարածած հայտարարության մեջ արձանագրել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեթ Գենսերը։

Փաստաբան Սիրանուշ Սահակյան. «Մեղադրանքները իրենց մեջ ներառում են ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, հրահրում, իրականացում կամ ազգաբնակչության բռնի տեղահանում, բռնի անհետացումներ, խոշտանգումներ, վարձկանների ներգրավում, մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ և, իհարկե, դասական գործելակերպին համահունչ նրանք մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության մասով»։

Պաշտպանական թիմը շեշտում է, որ կեղծված ապացույցները ներկայացված են ավելի քան 25 000 էջով՝ 100 հատորներում։ Գորշի նյութերը չեն  տրամադրվում Վարդանյանին ու նրա փաստաբանին՝ պատճառաբանությամբ, թե մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը։ Չի ապահովվում նաև պատշաճ թարգմանություն։ Փաստաբանական թիմն ահազանգում է՝  զրկված է դատավարության ժամանակ լիարժեք պաշտպանություն ապահովելու հնարավորությունից։  

Այս պայմանններում շարունակվող բանակցություններին անդրադառնալով՝ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ գերիների վերադարձի հարցը քննարկվում է առանձին:

«Դա նորմալ է, պիտի բանակցությունները շարունակվեն և պիտի փորձի Հայաստանը հետ վերադարձնել բոլոր գերիներին և պահվող անձանց՝ անկախ նրանից նրանք քաղաքական ղեկավարության մաս են կազմել Արցախի, թե պատերազմի գերիներ են, թե պատերազմից հետո գերի են ընկել կամ առևանգված անձիք են»:

Փորձագետը հավելում է, որ բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի, սահմանազատման և գերիների վերադարձի ուղղություններով:

Կարդացեք նաև

Back to top button