
2025–ի հունվարից արդեն Հայաստանում գնաճը կթիրախավորվի ոչ թե 4 , այլ՝ 3 տոկոս։ «2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է, որ հաջորդ տարվա ընթացքում կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կընդունի՝ առաջնորդվելով12-ամսյա գնաճի 3% նպատակային ցուցանիշով։ Փորձագիտական դաշտում մի քանի գործոն են մատնանշում՝ արտաքին գործոններից մինչև տնտեսական կայուն աճ։
Հայասատանի կենտրոնական բանկը վերջին ավելի քան տասը տարում առաջին անգամ գնաճի նոր թիրախ է սահմանել՝ 4 –ի փոխարեն՝ 3 տոկոս։ ԿԲ–ում վստահեցում են՝ գնաճի շեմը նվազեցնելու ժամանակն էր։ Գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանելը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման համար։ Այս փոփոխությունը կնպաստի ոչ միայն կայուն տնտեսական աճին, այլև հասարակության բարեկեցության բարձրացմանը, ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․
«Քայլը նախ և առաջ նպատակաուղղված է մեր հասարակության համար գների կայունության նպատակին ավելի համահունչ նպատակակետ սահմանելուն։ Քանի որ երկրում գների կայունությունը մենք ենք ապահովում, ապա տարիներ շարունակ մեր բոլոր հետազոտոթյունները վկայում են, որ 3 տոկոսը ավելի համահունչ է»։
«2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով արդեն ամրագրվել է, որ հունվարից Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կընդունի, առաջնորդվելով 12-ամսյա գնաճի 3% նպատակային ցուցանիշով՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Փորձագիտական դաշտում վերլուծում են գլխավոր դրամատան այս քայլը։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը բացատրում է՝ կենտրոնական բանկը մի քանի գործոն է հաշվի առել․
«Առաջին բաղադրիչը արտաքին գործոնների նվազումն է: Այլ կերպ ասած, կենտրոնական բանկը համարում է, որ արտաքին գնաճային ճնշումները մեծ չափով չեն լինի: Իմ կարծիքով, սա փորձությունների դեպքում չի աշխատի։ Իհարկե, արտաքին գնաճային ճնշումներ կլինեն այս դեպքում, բայց բոլոր դեպքերում սա կարևոր բաղադրիչ է: Այսինքն, կենտրոնական բանկը միգուցե ունի որոշակի հաշվարկներ, որ չեզոքացվում են կամ նվազեցվում են արտաքին ճնշումները: Երկրորդ՝ կենտրոնական բանկը հենվում է այն փաստի վրա, որ իր վստահելիության կամ իր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ վստահելիության գործոնը բավականին մեծ է»:
Մասնագետը սա պայմանավորում է նրանով, որ Կենտրոնական բանկը լուրջ գործիքակազմ ունի և կարող է շրջանառության մեջ գտնվող փողի քանակը կարգավորել։
«Գնաճի վերահսկումը ավելի շատ իրականացվում է շրջանառության մեջ փողի քանակը կառավարելով։ Այսինքն, կարող է շրջանառության մեջ անհրաժեշտ պահի և՛ գումար ներդնել, և՛ դրանք հավաքել »։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը ընդգծում է՝ ռիսկեր կան, թե՛ 3, թե՛ 4 տոկոս գնաճի դեպքում։ Այս դեպքում հանրությանը ուղերձ է հղվում, որ ընդհանուր գնաճային ֆոնը կայուն է, Հայաստանը շարունակում է հաստատակամորեն առաջ գնալ գնաճի զսպման ու երկրի ներսում գնաճային ցածր միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Իսկ սա, ըստ նրա, կարևոր ազդակ է շատերի համար․
«Հանրության ամենամտարբեր հատվածների, բիզնեսի, արտաքին ու ներքին ներդրողների համար կարող է ազդակ լինել։ Ցածր գնաճը, ըստ էության, ինչ որ առումով երկարաժամկետ գնահատականներին, ներդրումային նախագծերին կանխատեսելիություն է հաղորդում»։
Ռիսկեր նույնպես կան՝ արձանագրում է տնտեսագետը։ Նշում է՝ Հայաստանը փոքր տնտեսություն է, ուստի արտաքին գնաճային շոկերի նկատմամբ ավելի զգայուն է։ Այս դեպքում ԿԲ միջամտությունը ավելի հաճախ կարող է լինել։
Փորձագիտական դաշտում այդուհանդերձ վստահ են՝ եթե ռիսկեր լինեն, խնդիրները կշտանանան։ Գնաճը երեք տոկոսի շրջանակում պահելը դժվար կլինի։




