ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ուղևորների միայն 35 տոկոսն է QR տոմս գնել․ 15 օրից տրանսպորտի համար 100 դրամով վճարել հնարավոր չի լինի

Տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն 15 օրից քիչ ժամանակ է մնացել, սակայն համակարգում դեռ  շտկումներ անելու կարիք կա։ Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրել է՝ այս պահին տրանսպորտից միասնական տոմսային համակարգի միջոցով օգտվողների թիվը գոհացնող չէ․ վերջին 15 օրվա ընթացքում ուղևորների միայն 35 տոկոսն է OR տոմս գնել։

Ընդամենը 15 օր ու մայրաքաղաքում տրանսպորտով երթևեկելիս կգործի բացառապես QR տոմսերի համակարգը։ Չնայած ընդամենը երկու շաբաթ է մնացել, բայց այս պահի դրությամբ 15 օրում ավտոբուսային տրանսպորտից օգտվողների միայն 36, իսկ տրոլեյբուսներից օգտվողների 6 տոկոսն է նախընտրել վճարումը QR տոմսով իրականացնել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է՝ անելիք դեռ կա հունվարի 1-ից նոր համակարգին անցումը սահուն կազմակերպելու համար։

«Մեծ քանակի մարդիկ անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի։ Խոսքն այն մասին է, որ 6 տոկոսն է միայն էլեկտրատրանսպորտում օգտվում  նոր համակարգից, իսկ 94 տոկոսը դեռևս կոպեկով է վճարում, այսինքն՝ 94 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգին։ Կամ 36 տոկոսն է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում օգտվում  նոր համակարգից, իսկ սա նշանակում է, որ ուղևորների 64 տոկոսը դեռ 100 դրամանոցով է վճարում կատարում։ Սրանք լուրջ թվեր են»,-ասում է Ավինյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

Այս պահին ամբողջությամբ տոմսային համակարգով է աշխատում միայն Երևանի ստորգետնյա տրանսպորտը՝ մետրոն։ Այստեղ պարզապես այլընտրանք արդեն չկա՝ ասում է Ավինյանը։ Քաղաքապետը գործընկերներին է փոխանցում նաև քաղաքացիներից ստացած դժգոհությունները։ Երևանցիներն ամենից շատ բողոքում են տրանսպորտի հաճախականությունից ու գերծանրաբեռնվածությունից։

«Մասնավորապես, ունենք թաղամասեր, որտեղ իրավիճակն իրապես վատացել է, մասնավորապես՝ Նորագավիթում։ Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը։ Մենք ունենք նաև փոխարինման խնդիր․ մասնավոր ավտոբուսները, որոնք արդեն շարքից դուրս են եկել, փոխարինվում են  Higer մակնիշի ավտոբուսներով։ Բայց կան թաղամասեր, որտեղ խնդիրն ավելի լուրջ է, ու այստեղ ավելի շատ ջանք պետք է գործադրենք»։

Վերջերս Երևան հասած 171 նոր ավտոբուսն ու 15 նոր տրոլեյբուսը կօգտագործվեն նաև այս խնդիրները լուծելու համար։ Արդեն հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է 250 հատ 18 մետրանոց ավտոբուս ձեռք բերել։ Նոր շարժակազմով նոր երթուղիների պլանավորման աշխատանքներն արդեն կատարվել են։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը վստահեցնում է՝ կլուծվի նաև Նորագավիթ թաղամասի տրանսպորտային հարցը։

«Բոլոր փչացած, շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները հանվել են և համալրվել վերաբաշխման արդյունքում։ Մասնավոր երթուղիներում տեղատարողությունը փոխարինվել է երկու անգամ ավելի մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով։ Որոշ երթուղիներում, որտեղ շարժակազմի փոխարինում նախատեսված չէ, լինելու են համալրումներ, որը բերելու է պիկ ժամերին նշված խնդիրների բարելավմանը»,– ասում է Վազգեն Հարությունյանը։

Քաղաքացիները տրանսպորտից իրենց դժգոհությունները ոչ միայն գործող, այլև նախկին քաղաքապետին են փոխանցել։ Հայկ Մարությանը խոստանում է դրանք անձամբ ուղղել քաղաքային իշխանությանը առաջիկայում սպասվող բանավեճի ընթացքում։

«Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա իմ և Տիգրան Ավինյանի միջև բանավեճը։ Այս ընթացքում ես շփվել եմ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ, և մարդիկ ինձ փոխանցել են իրենց խնդիրները, իրենց դժգոհությունը և խնդրել են, որ ես անպայման փոխանցեմ այս բանավեճի ժամանակ իրենց դիրքորոշումն ու վերաբերմունքը և ես դա կանեմ դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին FactorTV-ի ուղիղ եթերում»,-ասել է Մարությանը։   

Նախկին քաղաքապետի գլխավորած ուժը նաև ստորագրահավաք է նախաձեռնել․ արդեն 75 հազար մարդ է միացել տրանսպորտի սակագնի փոփոխության դեմ իրականացվող ակցիային։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ստորագրահավաքին զուգահեռ նաև ավագանու որոշման նախագիծ է հեղինակել, առաջարկում  են տոմսային նոր համակարգի ներդրմանը զուգահեռ պահպանել 1 ուղևորության դիմաց 100 դրամ վճարելու հնարավորությունը։

«Մարդիկ միանալով ստորագրահավաքին, ստորագրելով ասում են, որ իրենք դեմ են այս խայտառակ թանկացմանը, իրենք դեմ են այս խայտառակ որոշմանը»։

Ենթադրյալ թանկացման վերաբերյալ մեղադրանքներին Ավինյանը շաբաթներ առաջ էր արձագանքել, պնդել՝ վճարման նոր համակարգով մեկ ուղևորափոխադրման միջինացված արժեքը 144 դրամ է։

«Միջինացված ուղևորափոխադրման գինը հաջորդ տարվա ընթացքում լինելու է 144 դրամ։ 144 դրամից ավելի լինելու է այն դեպքերում, երբ ավելի նվազ քանակով են օգտվում տրանսպորտից։ 144 դրամից ավելի քիչ է լինելու գումարը, եթե ավելի շատ ես օգտվում տրանսպորտից։ Մեր տարբեր խմբերի համար սահմանված արտոնությունների ֆոնին մենք շատ դեպքեր ենք ունենալու, երբ վճարը 100 դրամից պակաս է լինելու։ Լայն տարածում գտած թեզը, որ ուղևորափոխադրումները հունվարի 1-ից լինելու են 300 դրամ, ուղղակի իրականությանը չի համապատասխանում»,-ասել էր քաղաքապետը։

Հունվարի 1-ից քաղաքացիները 300 դրամ կվճարեն 90 րոպեի ընթացքում տրանսպորտից 3 անգամ օգտվելու համար։ 1 օրվա ընթացքում 8 անգամ երթևեկելու դեպքում 900, իսկ մեկ շաբաթվա ընթացքում 30 անգամ երթևեկելու դեպքում 5000 դրամ կվճարեն։ Ամսական անսահմանափակ փաթեթը կարժենա 9000, եռամսյակայինը՝ 24 հազար, իսկ տարեկանը՝ 90 հազար դրամ։ Փոփոխություններով ավելի քան 560 հազար մարդ էլ հանրային տրանսպորտից զեղչով կամ անվճար կօգտվի։

Կարդացեք նաև

Back to top button