ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայ-Ֆրանսիական ռազմական գործակցության հաջորդ փուլը կարող է լինել համատեղ զորավարժությունը․ փորձագետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում  հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր: Պապիկյանի հանդիպումների օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ Բրյուսելում Ֆրանսիայի արտգործնախարարը ԵՄ երկրներին կոչ է արել աջակցել Հայաստանին։

Տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող թեմաներից մինչև ռազմատեխնիկական հարցեր․ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի պարզաբանմամբ՝ հայ-ֆրանսիական պաշտպանական գերատեսչությունների մակարդակով ակտիվացած փոխգործակցությունն ու հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պետք է ակնկալել ռազմական ոլորտում կրթական ծրագրերի ավելի ինտենսիվացում և գուցե նաև հայ-ֆրանսիական զորավարժություններ․

«Բացի ռազմատեխնիկայի գնման տեսանկյունից՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի բանակի առաջին աջակցողը։ Խոսքը ուսումնական ծրագրերի և հրահանգիչների աշխատանքի աջակցության մասին է։ Հայտնի է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչությունը հանդես է գալիս որպես տրանսֆորմացիոն ռեֆորմներին աջակցող ուժ։ Այստեղից կարելի է տարբեր քայլեր ձեռնարկել, ընդլայնելով կրթական ծրագրերը, համատեղ զորավարժություններ կազմակերպելով և այլն։ Կարծում եմ՝ մեծ ներուժ կա տարբեր ուղղություններով համագործակցության»։

Նախորդ շաբաթ Երևանն ու Փարիզը ռազմավարական խորհրդակցություններ անցկացրին, ստորագրվեց պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը և պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող սահմանվեց։ Երևանն ու Փարիզը անցած տարի ռազմական մատակարարումների մասին պայմանագիր ստորագրեցին, ինչը Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարումներով դրսևորվեց։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով մեկ քայլ առաջ համագործակցությունը նշանակում է ՀՀ անվտանգության ապահովում ևս մի քայլով։

«Մեկ քայլ դեպի առաջ համագործակցությունը ռազմական ոլորտում ենթադրում է նոր մարտահրավերներով պայմանավորված համագործակցություն։ Սակայն, ինչպիսին կլինի դա, դժվար է կանխատեսել։ Նմանատիպ հայտարարությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, եթե բալային սանդղակով ասենք, ապագայում առնվազն մեկ բալով բարձրանում է, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հավանականությունը գոնե մեկ սանդղակով իջնում է»։

Բրյուսելում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն էլ շտապել է ԵՄ երկրներին կոչ անել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Կոչ կանեմ ԵՄ-ին զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Պետք է կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որն ակնկալելու իրավունքն ունի նա»։

Այս կոչից ընդամենը երեք օր առաջ Իտալիայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները Հայաստանում ստորագրեցին Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։ Իսկ մի քանի ամիս առաջ էլ Հռոմում ստորագրվել էր Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։

Հաղորդագրությունն ուշագրավ է, հաշվի առնելով Ադրբեջանի ու Իտալիայի միջև ռազմական համագործակցության բարձր մակարդակը։ Բաքուն և Հռոմը 2023-թ ամռանը հայտարարեցին իտալական արտադրության ռազմատրանսպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարի արդեն Հռոմը առաջին օդանավը փոխանցեց Բաքվին։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյան․ «Ունենք շատ երկրների հետ ռազմական համագործակցություն ձևական առումով, բայց շատ հաճախ սա սահմանափակվում է հետաքրքիր գործողություններով, ինչ-որ հանդիպումներով կամ ժամանակ առ ժամանակ կրթական ինչ-որ ծրագրերով, օրինակ։ Բայց պետք է շարունակել աշխատել, քանի որ Ադրբեջանը Իտալիայի հետ շատ մոտ է, և ինչ-որ չափով, եթե կարողանանք փոքր-ինչ բալանսավորել ու չեզոքացնել մի քիչ Իտալիայի դիրքը, դա կարևոր է»։  

Պարզվում է, որ ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունը Հնդկաստանի հետ հետաքրքրություն է առաջացրել Բաքվում։ Եթե նախկինում Ադրբեջանը դժգոհում էր, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում Հնդկաստանից, այսօր ինքն է դիմում Դելլին՝ զենք գնելու առաջարկով։ «ThePrint»-ը գրում է, որ Հայաստանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, որը մի քանի զենք և պաշտպանական համակարգեր է գնում Հնդկաստանից, Բաքուն երրորդ երկրի միջոցով փոխանցել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից՝ կշեռքի նժարները հավասարակշռելու համար: Սակայն հայտնի է դարձել, որ Նյու Դելին մերժել է Բաքվի խնդրանքը։

Կարեն Հովհաննիսյանը բնական է համարում դա․

«Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկայում է, երբ տվյալ երկրի հետ հակամարտող երկրին պարտավորվում է չվաճառել զենք կամ չհամագործակցել առնվազն գոնե այդ զենքի մասով։ Կարծում եմ, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից։ Այդ առումով էլ մերժում է Ադրբեջանին։ Պարզապես հասկացել է, որ հայ-հնդկական ռազմավարական համագործակցությունը շատ ավելի խորն է, քան ինքը պատկերացնում էր։ Եվ, որպեսզի ձախողի այդ ռազմավարական համագործակցությունը, ինքը պարզապես փորձում է գրավել Հայաստանի տեղը հնդկական ռազմարդյունաբերության մեջ և այսպիսով դուրս մղել Հայաստանին հնդկական ռազմարդյունաբերության շուկայից»։

Լեոնիդ Ներսիսյանը պարզունակ է համարում Բաքվի այդ քայլը։ Հնդկաստանը, ըստ նրա, դժվար թե իր հետ հակամարտության մեջ գտնվող Պակիստանին մոտ երկրին՝ Ադրբեջանին որևէ զենք վաճառի։

Կարդացեք նաև

Back to top button