
Մայրաքաղաքի օդի որակը բարելավելու համար նոր ծրագիր կմշակվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացնելով օդի որակի բարելավմանն ուղղված արդեն իսկ իրականացված ծրագրերը, առաջարկել է նոր նախաձեռնություններ, մասնավորապես՝ նոր ծրագիր ներկայացնել, որը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։ Հաշվի առնելով մտահոգիչ տվյալները, քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։
Եթե մինչև վերջերս Երևանի քաղաքապետարանը վստահեցնում էր, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված իրավիճակը գտնվում է նորմայի սահմաններում և համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջներին, հղում անելով մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված տվիչներին, այսօր արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի հերքում՝ մարդածին աղտոտվածության նվազեցման գործում Երևանի քաղաքապետարանը հստակ անելիքներ ունի։
«Մեր նախընտրական ծրագրում խոստացել էինք, որ պետք է ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր տեղադրենք, որը արդեն իսկ իրականացվել է։ Փաստացի, մեր կայքում տեղադրված է 149 օդի որակի չափման սարքերից ստացվող տեղեկատվությունը օնլայն ռեժիմում։ Ձմռան ամիսներին տվյալ տեղեկատվությունը երբեմն կարող է մտահոգիչ լինել։ Իհարկե, շատ բաներ փոխվում են եղանակային պայմանների հետ, սակայն, նախևառաջ, պարոն Ավետիսյանին պետք է խնդրեմ՝ ընդհանուր զեկույց ներկայացնել, որից հետո համապատասխան հանձնարարականներ կտրվեն»։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։
«Դա կախված է հատկապես ռելիեֆային պայմաններից, երբ սառը կուտակվում է ձմեռային ամիսներին Արարատյան դաշտավայրում և հատակային մասերում, ինչն իր հետ բերում է նաև աղտոտվածության կուտակում ցածրադիր մասերում: Դա կախված է օդափոխության պայմանների փոփոխությունից, երբ որոշ ժամանակահատվածում օդափոխություն չի իրականացվում։ Այսինքն, եղած աղտոտվածությունը մի քանի օրվա ընթացքում կուտակվում, հետո ցրվում է կախված քամիներից: Քաղաքապետարանը իր վարչարարության միջոցով նաև շինհրապարակները է պահում ուշադրության ներքո, և արտառոց արտանետումների ավելացում և այլն չի արձանագրվել այս ընթացքում»։

Հաշվի անելով նաև մարդածին գործոնները, Տիգրան Ավինյանը հանձնարարեց նոր ծրագիր ներկայացնել, որը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։
«Առաջարկում եմ կազմել քառամյա ծրագիր, պարոն Ավետիսյան, որը կներկայացնենք մոտավորապես երկու ամիս հետո, թե Երևանի քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Երևան քաղաքում մթնոլորտի բարելավման ուղղությամբ։ Այս ծրագիրը պետք է ներառի ամենապարզ մեթոդներ, ինչպիսին են, օրինակ, ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումներ, օրինակ ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք մեծ աղտոտիչներ են և թողնում են 2 կիլոմետրանոց ծուխ իրենց հետևից»։
«Եթե Երևանի քաղաքապետարանում ձմռան ամիսներին օդի աղտոտվածության մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրել, բնապահպաններն այդ միտումների մասին տարիներ շարունակ են ահազանգում։ Ավելին, ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, Երևանը կենդանի օրգանիզմ է, որտեղ ապրելը ոչ միայն հարմար չէ, այլև վտանգավոր է առողջության համար։ Եվ սա այն դեպքն է, երբ ազդող գործոնների 99 տոկոսը մարդածին են։
«Օդի աղտոտվածության մարդածին տարբերակները շատ են, դրանք միայն շինարարությունն ու մեքենաները չեն, այլև աղբավայրերը։ Մեքենաների հետ կապված ֆիլտրերի մասին, երբ քաղաքապետը նշեց, ասեմ, որ լինեն դրանք գազով կամ բենզինով, տարեթիվը չէ կարևոր, կարևորը որ ֆիլտրը առկա լինեն։ Թունավոր գազերի արտանետումների պատճառով է, որ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, ու հատկապես փոքր երեխաների ու դեռահասների մոտ սրտխառնոցներ են լինում: Նույն այդ աղտոտվածության պատճառով մասնագետները ասում են, որ օդի աղտոտվածությունը ազդում է նաև աուտիզմով ծնունդների վրա»։
Ըստ էկոլրագրողի՝ Երևանը թունավորվում է ոչ միայն Նուբարաշենի աղբավայրի այրումի և մեքենաների ֆիլտրերի բացակայության, այլև սաղարթախիտ ծառերի և ջրային տարածքների սակավության պատճառով: Մասնագետներն ահազանգում են՝ այդ ամենը հանգեցերել է մի իրավիճակի, երբ էկոլոգիական աղեգտն անխուսափելի է, իսկ թունավոր մասնիկներից հասարակ դիմակները չեն պաշտպանի։ Երևանում ապրելու համար արդեն հակագազ է պետք, ասում են։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում օդի աղտոտվածության հետ կապված քննարկումները չեն դադարում։ Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։




