ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արարատում մաքուր օդ ու առողջ համայնք ունենալու համար մասնակցային որոշումներ են պետք

Օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է Արարատի մարզի համար։ Դրանով մտահոգ են թե՛ ՏԻՄ-երը, թե՛ քաղհասարակությունն ու տնտեսվարողները։ Օդի աղտոտվածության պաշտոնական ցուցանիշները մտորելու տեղիք են տվել Արարատի օդի որակի բարելավմանը նվիրված քննարկման մասնակիցներին։ Տնտեսվարողները պնդում են, որ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ հնարավորինս քիչ վնասելու շրջակա միջավայրին, ՀԿ սեկտորն էլ իր հակափաստարկներն է բերում։ Քննարկման մասնակիցներն, ի վերջո, որոշել են համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը շարունակական մոնիթորինգ կիրականացնի և կմշակի օդի որակի բարելավման ռազմավարություն։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 2024-ի առաջին եռամսյակում Արարատում փոշումիջին սահմանային կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելիի սահմանը մինչև 1․5 անգամ։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է նաև օդի աղտոտվածության միջին ցուցանիշների աճ։ Տվյալները Արարատի մարզի Այգեզարդ բնակավայրի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի ղեկավար Արփինե Խաչատրյանն է հրապարակում:

«Արմաշ» գյուղական համայնքների զարգացման կենտրոնի նախագահ Տիգրան Մաթևոսյանն էլ վնասներից է խոսում։ Ասում է՝ մարդկանց առողջությունից բացի, տուժում է նաև գյուղատնտեսությունը։ Մարդիկ վարկեր են վերցնում, հեկտարներով այգիներ հիմնում, վատ էկոլոգիայի պատճառով կանգնում են իրացման խնդրի առաջ։ Վատորակ օդի պատճառով, ասում է, աճեցրածը չի համապատասխանում էկոլոգիապես մաքուր սննդի եվրոպական սերտիֆիկացման պահանջներին։

«Եթե ցանկանում եմ աճեցնել էկոլոգիապես մաքուր միրգ կամ բանջարեղեն և դա սերտիֆիկացնել, էդ հնարավորությունից զուրկ եմ։ Ստեղ համակարգային ու համընդհանուր մոտեցում ա պետք»։

5 տասնյակից ավելի շահագրգիռանձինք ու տնտեսվարողներմեկսեղանիշուրջ Արարատի օդի որակի բարելավման հարցերն էին քննարկում։ Արարատի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը ասում է՝ ինչ իրեն հիշում է՝ Արարատի օդը միշտ փոշոտ է։ Մարզում ու համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են ընթանում, մեքենաներն են ավելացել՝ արտանետումներով։

«Ես էդ փոշին, որ չեմ տենում, վատ եմ զգում։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր արարատցու համար էդ դոգմա է։Մենք ծնվել ենք՝ էդ ենք տեսել։ Ես չգիտեմ, թող մասնագետներն ասեն՝ չափն անցնում ա, չի անցնում, բայց ցուցակները մենք նայում ենք պարբերաբար»։

Ստեղծվում է նախադեպ, երբ թիրախավորելու փոխարեն, փորձ է արվում մասնակցային լուծումներ առաջարկել՝ համայնք- տնտեսվարող-քաղհասարակություն ձևաչափով, արձանագրում են քննարկման մասնակիցները։ Ուշագրավ է, որ չնայած օդի աղտոտվածության ցուցանիշներին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ բողոքներ չեն ստացել, վարույթներ չունեն․

«Արարատ քաղաքում 2023-24 թթ.-ին որևէ քաղաքացուց կամ պետական, տեղական ինքակառավարման մարմնից չենք ստացել որևէ բողոք մթնոլորտի աղտոտման հետ կապված»։

Մասնակիորեն համաձայնելով պաշտոնական ցուցանիշների հետ, «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչ Հովհաննես Դեմիրճյանն ասում է՝ պարբերաբար թարմացնում են ֆիլտրերը՝ բնությանը քիչ վնասելու համար։ Արարատի ավագանու անդամ Վահե Հարությունյանն էլ միջազգային փորձից է խոսում։

Ասում է՝ պետությունը պիտի ձեռք մեկնի ձեռնարկություններին՝ արդիականացման հարցում, որ արտանետումների մակարդակը հնարավորինս նվազեցվի. «Եթե եղել եք Բելգիայում, ցեմենտի գործարանի կողքը կանգնում ես, չես հասկանում, ցեմենտի գործարան ա էդտեղ, թե ինչ որ շոկոլադի արտադրամաս։ Բայց էդ հնարավորությունը կառավարությունը պիտի տնտեսվարողին ընձեռի, որ արտանետումները մինիմալ դառնան»։

Հովհաննես Դեմիրճյան. «Փոշու որսման տեսանկյունից կատարյալ սարքավորումները էլեկտրոֆիլտրներն են։ Մեր մոտ ֆիլտրերը կան, ողջ հզորությամբ աշխատում են։ Ադմինիստրացիան շատ մեծ ուշադրություն ա դարձնում մեր փոշեորսման սարքավորումներին»։

Որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ՝ բաղկացած համայնքի ակտիվ բնակիչներից, ՏԻՄ, ՀԿ սեկտորի ու ձեռնարկությունների ներկայացուցիչներից։ Խումբը կիրականացնի օդի որակի շարունակական մոնիթորինգ և կմշակի օդի որակի բարելավման ռազմավարություն։ Քննարկման նախաձեռնողները նամակ են հղել Արարատի համայնքապետին։ Ի պատասխան, վերջինս առաջարկել է առաջիկայում հանդիպել և քննարկել աշխատանքային խմբի ձևավորմանն ու գործառույթների հստակեցմանն առնչվող հարցերը։

Կարդացեք նաև

Back to top button