ԿարևորՄիջազգային

Ավերիչ ցիկլոնը հարվածել է Մայոտ արշիպելագին, հարյուրավոր զոհեր կան

Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Մայոտ արշիպելագում (այս տարածքը գտնվում է Կոմորյան կղզիների մոտ, Մադագասկարից 300 կիլոմետր հեռավորության վրա) մեծ ավերածությունների պատճառ դարձած «Շիդո» ցիկլոնի հարվածից հետո փրկարարական գործողություններ են իրականացվում։

Տեղի վարչակազմի ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Բիևիվիլը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ իշխանությունները կարողանան գնահատել ավերածությունների մասշտաբները:

Նա նշել է, որ աղետի հետևանքով «մի քանի հարյուր» մարդ է մահացել, բայց թիվը կարող է աճել՝ հասնելով մի քանի հազարի։

Այժմ փրկարարները դեռ փորձում են հասնել որոշ տուժած շրջաններ։

Ենթադրաբար, «Շիդոյի» հարվածից մի շարք բնակավայեր հիմնովին ավերվել են։ Քամու արագությունը հասել է ժամում 225 կմ-ի։

Մայոտում ապրում են բազմաթիվ միգրանտներ, ովքեր ժամանել են Ֆրանսիայի տարածք ապաստան փնտրելու նպատակով: Ենթադրվում է, որ նրանք են ամենաշատը տուժել, քանի որ շատերն ապրում են ինքնաշեն ապաստարաններում։

Մայոտ կղզիների խմբի բնակչությունը կազմում է 320 հազար մարդ։

Տարածքի վարչական կենտրոնի՝ Մամուձու քաղաքի բնակիչներից մեկը Reuters-ին ասել է. «Ինձ թվում է միջուկային պատերազմի միջով անցանք: Մի ամբողջ տարածք անհետացավ իմ աչքի առաջ»։

Մայոտը գրեթե ամբողջությամբ կախված է Ֆրանսիայի ֆինանսական օգնությունից:

Ֆրանսիայից որոշ փրկարարներ արդեն աշխատում են Մայոտում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետալյոն պետք է այցելի տարածք։

Կիրակի օրը «Շիդո» ցիկլոնը հարվածել է նաև Մոզամբիկին՝ ավերածությունների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դառնալով մի քանի շրջաններում:

Ֆրանսիական զբոսաշրջության գործակալության պաշտոնական կայքում ասվում է, որ Մայոտ արշիպելագը «բուսական և կենդանական աշխարհի անհավատալի բազմազանության օրինակ է, իդեալական վայր նրանց համար, ովքեր սիրում են ուսումնասիրել ծովի խորքերը»:

Կարդացեք նաև

Back to top button