
Լայն հանրության ուշադրությունից թերևս վրիպեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ–ն արտահերթ նիստով ընդունեց ԸՕ–ում կառավարության առաջարկած լայնածավալ փոփոխություններ ու լրացումներ ենթադրող օրենսդրական փաթեթը։ Դա այն նույն փաթեթն էր, որը նախատեսում էր ընտրության արդյունքների չեղարկումը ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում։
Արտահերթ նիստում պատգամավորները քվեարկել են 66 կողմ և 21 դեմ հարաբերակցությամբ։ Փոփոխությունների փաթեթը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականից։
Կառավարությունն ու խորհրդարանը լսեցին արտախորհրդարանական քաղաքական ուժերի բողոքը ԸՕ–ում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ, և արդեն ընդունված փաթեթից նախապես դուրս բերվեց մեծ աղմուկ բարձրացրած դրույթը, որը նախատեսում էր ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում չեղարկել ընտրության արդյունքները։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի փոխանցմամբ՝ արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրության փոխկապակցվածությունը ընտրական օրենսդրության հետ պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Քննարկումները կսկսվեն, երբ նախագիծը պատրաստ կլինի։
«Թեման նուրբ է, և այստեղ կարծես թե հասարակության մեջ էլ կոնսենսուս չկա՝ ինչպես վարվել: Սրա համար անհրաժեշտ է աշխատանք, և այդ աշխատանքը տարվելու է: Պայմանավորվել ենք, որ լավարկելու ենք օրենսդրությունը կուսակցությունների մասով: Ընտրական օրենսդրությունը այն մասով, որի շրջանակներում մենք չունենք կոնսենսուս այստեղ։ Որևէ մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում: Մենք քննարկել ենք այս հարցը ելնելով այն իրավիճակից, որ նախկինում մենք բախվել ենք դեպքերի, երբ ընտրական գործընթացների հետ զուգահեռ Հայաստանի սահմանին ինչ-որ ոչ անվտանգ իրավիճակ է ձևավորվել, դուք շատ լավ գիտեք դա։
Մենք փորձել ենք այս իրավիճակները կանխել և գաղափարը հետևյալն է՝ ինչպես անենք, որ արտակարգ կամ ռազմական դրությունը չազդի և չի ազդելու, չպետք է ազդի քաղաքացու քվեի վրա։ Այ, սրա մասին աշխատելու ենք, ինչքա՞ն՝ որքան անհրաժեշտ կլինի ձևավորել կոնսենսուս այդ հարցի վերաբերյալ»։
Ամեն դեպքում, ընդդիմությունը դժգոհ է փոփոխություններից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մտավախություն ունի, որ փոփոխված օրենսդրության վերահսկողական լծակնելով սահմանափակվելու է կուսակցությունների ազատ գործունեությունը։
«Մեր առաջարկների հսկայական հատված վերաբերում է կուսակցությունների գործունեության ազատության սահմանադրական սկզբունքի իրականացմանը։ Կուսակցությունների գործունեության ազատության կարևոր սկզբունքներից մեկը ֆինանսական ռեսուրսներին հասանելիությունն է, որը թույլ կտա կուսակցությանը ոչ թե «աղքատների միավորումով» գա իշխանության և սկսի թալանով զբաղվել, այլ հանդես գա այնպիսի ծրագրերով, այնպիսի առաջարկներով, որոնք նաև համաչափ են և համարժեք են իր մոտեցումներին, իր կարողություններին, իր հնարավորություններին։ Խոսքը ամենևին հարուստների կուսակցություն ստեղծելու մասին չէ, խոսքը հավասարաչափ և նորմալ կարողություններ ունեցող քաղաքական ուժերի ստեղծման մասին է»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հավաստիացնում է՝ նախագծի մշակման և քննարկումների ժամանակ ընդունել են ընդդիմադիրների գրեթե բոլոր առաջարկները։ Չընդունվածները սկզբունքային հարցերին էին առնչվում․
«Առաջարկները, որոնք չեն ընդունվել հիմնականում և, կարելի է ասել՝ ամբողջությամբ վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորմանը և քրեական պատասխանատվության բացառմանը։ Խոսքը հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռելով դրույթի ապաքրեականացման առաջարկի մերժման մասին է և խոսքը սահմանված շեմից բարձր ֆինանսական հոսք դեպի կուսակցություն ապահովելու արգելքը վերացնելուց հրաժարվելու մասին է։ Պարոն Մինասյանն ասում է՝ որպես լծակ եք պահում քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը։ Քրեական օրենսգրքի բոլոր դրույթներն էլ լծակ են հակազդելու հակաիրավական գործունեությանը։ Մի գերազանցեք օրենքով նախատեսված շեմը, այդ հակազդեցությունը չի լինի։ Ինչու՞ պետք է կառավարությունը հրաժարվի հակազդեցությունից»։
Կառավարության հիմնավորումներով՝ ԸՕ–ի փոփոխությունների նպատակն է՝ լուծել դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած մի շարք խնդիրներ՝ նպաստելով ընտրական համակարգի կատարելագործմանը և Հայաստանում ձևավորված ժողովրդավարության ամրապնդմանը։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2025 թվականից։




