
Արմավիրի մարզի 7 համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում Արցախից բռնի տեղահանվածներ են ապրում։ Նրանց թվում շատ են տարեցները: Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից նրանք չեն կարող օգտվել: Հիմա ապրում են թոշակով ու պետության սոցիալական աջակցության գումարով, որը տրվում է տան վարձակալության ու կոմունալ վճարների համար:
75-ամյա Ռամիա Սաղյանն ազգությամբ բաշկիրուհի է, բայց իրեն արցախցիներից չի տարբերում: 53 տարի ապրել ու աշխատել է Արցախի Մարտունի քաղաքում: Տեղահանումից հետո հաստատվել են Արմավիրի մարզի Մերձավանում: Ասում է՝ Բաշկորտոստանից հետո Արցախն իմ երկրորդ հայրենիքն է:

«Շատ լավ եմ ապրել, չեմ դժգոհում: Բարձրագուն կրթություն ունեմ ու միշտ լավ տեղեր եմ աշխատել: Արդյունաբերական ապրանքների ապրանաքագետ եմ, հանրախանութի, «Մանկական աշխարհ» խանութի տնօրենն եմ եղել, ոսկերչական բաժնում եմ աշխատել, միշտ էլ աշխատանք ունեցել եմ: Ես չեմ ասում, որ այնտեղ վատ եմ ապրել. տուն ենք ունեցել, մեքենա, անասուն, 1 հա խաղողի այգի»:
53 տարի առաջ իր հայրենիքում է հանդիպել ապագա ամուսնուն։ Ինքը ուսնող է եղել։ Ամուսնացել են ու գնացել Արցախ: Ռամիա Սաղյանն ազատ խոսում է գրական հայրերենով ու Արցախի բարբառով:
«Մենք ամբողջ կյանքում ոչխար ենք պահել, իմ սկեսրայրն էր սկզբում պահում: Ոչխարները մորթել ենք, ծախել, կաթն եմ մշակել, պանիր սարքել, հավ եմ պահել, ամեն ինչ արել եմ»:

Հիմա Մերձավանում ամուսնու հետ ապրում են բազմաբնակարան շենքում: Նրանց որդիներից մեկը մահացել է 2020թ-ին՝ կորոնովիրուսից, մյուսը մեկնել է Ռուսաստան: Հիմա տանը երկուսով են: 100 հազար դրամ տան վարձ են տալիս, իսկ ապրուստի միջոցը թոշակն է ու սոցիալական աջակցությունը: Ռամիան ցավում է կորցրած հայրենիքի և ունեցվածքի համար:
«Այսօրվա դրությամբ մենք եկել ենք տունը կորցրած, ամեն ինչը կորցրած: Եկել եմ այստեղ, գոնե հող տան, փողն էլ տան, որ մենք տուն կառուցենք: Մեզ ասում են՝ դեռ զոհվածների ընտանիքներին պետք է տան, բազմազավակ ընտանիքներին: Հասկանում եմ, բայց ես 75 տարեկան եմ»:
Տարեց ամուսինները Մարտունուց բեռնատարով են հասել Հայաստան։ Ասում է «Կամազի» թափքին 29 մարդ է եղել, ինքը կարողացել է իր հետ ընդամենը 2 շոր վերցնել:
Հիմա հարևաններից գոհ է, ասում է՝ շատ լավ մարդիկ են, կարեկից, անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում: Բայց ինքը հիվանդ է և ուզում է ծերությունն իր սեփական տանն անցկացնել:

Ստելլա Գալստյանի ընտանիքն էլ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղից է հասել Մերձավան: Նրանք էլ բազմաբնակարան շենքի առաջին հարկում են ապրում:
«Եկել ենք այստեղ, մեր տան տերը շատ լավ մարդ է, մեզ լավ են ընդունել, իրենց տանն ենք մնում ես, ամուսինս ու 97 ամյա սկեսուրս: Երեքս էլ թոշակառու ենք՝ ես 71 տարեկան, ամուսինս՝ 72»:
Արցախում բարձր թոշակ են ստացել: Գյուղում մեծ տնտեսություն են ունեցել, զբաղվել են հողագործությամբ: Հիշում է Դաշուշենից հեռանալու գիշերը:

«Երբ կռիվը սկսվեց, մեզ ժամը 3 անց կես դուրս հանեցին գյուղից՝ մի շոր ունեինք մեր հագին: Էնքանով էր լավ, որ մեր անձնագրերը պայուսակիս մեջ էին, պայուսակս վերցրի ու դուրս եկանք: Տատիկին էլ մի կերպ բերեցինք: Տղաներս տանը չէին, երկուսն էլ կռվում են եղել: Որ եկանք Գորիս, այնտեղ մեզ գրանցեցին: Հետո Գորիսից տեղափոխեցին Վարդենիս, որ այնտեղ մնայինք, բայց Վարդենիսում չկարողացանք մնալ: Տատին ասում էր՝ եթե Վարդենիսում պիտի մնանք, հենա մեր գյուղում կմնայինք»:
Հետո եկել են Մերձավան: Երկու տղաների ընտանիքներն առանձին են ապրում, աշխատանք ունեն:

Մերձավանը փոքր գյուղ է, բայց այնտեղ հիմա Արցախից տեղահանված 51 ընտանիք է ապրում՝ 195 մարդ: Փարաքար համայնքի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Լուսինե Սիմոնյանը հաճախ է շփվում համայնքում տեղավորված արցախցիների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին: Հերթական այցելուն Թաղավարտ գյուղից տեղահանված Զոհրապ Բադասյանն էր՝ բնակարանի հարցով.
– Ծրագիրը փուլային է լինելու՝ ըստ բազմազավակ ընտանիքների, զոհվածների ու հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների:
-Մեզ դրանցից ոչ մեկը չկա, մի անչափահաս ունենք:
-Այդ դեպքում դուք անցնում եք երկրորդ փուլ:
— Շանս չկա, կարող է մեզ չհասնի:
-Չէ, չէ կհասնի, հաստատ կլինի, ուղղակի ձեր առաջին գործը քաղաքացիություն ստանալն է։
-Կստանանք:

Բնակարանային ապահովման պետական ծրագրի երկրորդ փուլը մեկնարկելու է 2026թ հունվարի 1-ից։ Այն նախատեսված է նաև մեկ կամ երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, իսկ 2027թ հունվարի մեկից կիրականացվի ծրագրի 3-րդ բաղադրիչը՝ ցանկացած կազմով ընտանիքների համար:Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Վանանդ և Բաղրամյան գյուղերում բնակարան ձեռք բերելու համար ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիներին ընտանիքի մեկ անդամի հաշվով 4 մլն դրամ կտրամադրվի, իսկ մարզի այլ բնակավայրերում՝ 3 մլն: Հիփոթեք ունեցողներին կտրամադրվի 2 մլն դրամ:




