
Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլին։
Այս մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվել են խորհրդարանի կայքում։
Կղավելաշվիլիի օգտին քվեարկել է 300 ընտրողներից կազմված կոլեգիայի 224 անդամ։ Նախագահ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր ստանալ 200 ձայն։
Ընդդիմությունը չի մասնակցել խորհրդարանի շենքում կայացած նիստին, որի ժամանակ նախագահ է ընտրվել։
Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն ավելի վաղ չէր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից։ Նա կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ ասել է, որ հասկանում է «Զուրաբիշվիլիի էմոցիոնալ վիճակը», սակայն «երդմնակալության օրը՝ դեկտեմբերի 29-ին, նա պետք է լքի իր նստավայրը և զիջի շենքը օրինական ընտրված նախագահին»:




