Քրիստոնեական գլխավոր մասունքներից մեկը՝ փշե պսակը, որը Հիսուս Քրիստոսի գլխին է եղել Գողգոթայի վրա խաչելության ժամանակ, կրկին Փարիզի Աստվածամոր տաճարում է:
Հինգ տարի առաջ հրդեհի ժամանակ փրկված փշե թագի վերադարձի հանդիսավոր արարողությունը ղեկավարել է Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը։
Մասունքը պարփակված է ոսկե զարդանախշերով բյուրեղապակյա նոր պատյանում։
1239 թվականին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ը փշե թագի համար տվել է իր գանձարանի տարեկան ծախսերի կեսը՝ 135 հազար լիվր։
Թագը պահվել էր Կոստանդնուպոլսում և խաչակիրների կողմից քաղաքը գրավելուց հետո հայտնվել էր նրանց կողմից հաստատված կառավարիչների ձեռքում։ Հետագայում գրավադրված մասունքը ֆրանսիական թագավորը գնել էր վենետիկցիներից։
Մի քանի դար այն Սենտ-Շապելի թագավորական եկեղեցում էր, իսկ Նոտր Դամ տեղափոխվել էր 1806 թվականին՝ մնալով այնտեղ մինչև 2019 թվականի հրդեհը։
Տաճարի վերականգնման ընթացքում թագը պահվում էր Լուվրում, որտեղ նրա համար նոր պատյան են պատրաստել։
Մասունքը հանրությանը կցուցադրվի հունվարի 10-ին։
Աստվածամոր տաճարը բացվել է դեկտեմբերի 8-ին։ Տաճարի վերականգնումը տևել է հինգ տարի և արժեցել է 700 միլիոն եվրո։