ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՎերլուծական

Թեհրանը ստիպված կլինի որդեգրել նոր ռազմավարություն․ արաբագետը՝ Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Փորձագիտական շրջանակներում ակտիվորեն  քննարկվում է Իսրայել-Իրան հնարավոր էսկալացիայի թեման։ Որքանո՞վ է հավանական մոտ ապագայում Թեհրանի ուղղությամբ հարձակումը։ Այս հնարավորությունն իսրայելական լրատվամիջոցները չեն բացառում, իսկ ամերիկյան պարբերականները գրում են Իրանին զսպելու Թրամփի ծրագրի մասին։

Իսրայելը սովորաբար որևէ երկրում որևէ գործողություն իրականացնելու իր պլանների մասին նախապես չի հայտարարում՝ ասում  է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով իսրայելական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Մասնավորապես The Times of Israel-ը, իր անանուն աղբյուրներին հղում անելով,  գրել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունը՝ Իրանին հարվածելու համար։

«Չեմ կարող պնդել, որ գործողությունները հենց այդ սցենարով  կիրականանան: Սովորաբար Իսրայելն իր գործողությունները իրականացնելիս չի բարձրաձայնում այդ մասին, այլ թիրախային հարձակումներ է իրականացնում: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այս պահին Իսրայելի ռազմավարական նպատակը, հատկապես փոփոխվող աշխարհակարգի պայմաններում, որն ուղիղ ազդում է նաև տարածաշրջանի զարգացումների վրա, հասնելն է իր ռազմավարական նպատակին, այսինքն՝ Իրանին որպես թշնամական պետություն չեզոքացնելը»։

Արաբագետը կարծում է, որ Իսրայելի բանակի կողմից սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի ոչնչացումը դուռ է բացում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Իսրայելի բանակի տվյալներով՝ այդ երկրի օդուժը ոչնչացրել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի մոտ 86 տոկոսը։ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, թուլացնում է Իրանին։

«Իրանը փորձելու է որդեգրել նոր ռազմավարություն, և դրա համատեքստում, իհարկե, շատ կարևոր դեր կարող է ունենալ միջուկային զենք ստանալը: Միջուկային զենքով Իրանը բոլորովին այլ խաղացող է դառնում տարածաշրջանում։ Իրանի անվտանգությունն ապահովելու գործիքակազմը բավականաչափ սեղմվում ու նեղանում է: Հետևաբար, նոր լուծումներ են պետք, և այդ լուծումներից մեկը կարող է լինել միջուկային զենքը»։

Իսրայելը պնդում է, որ Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենքի ստեղծման իր ծրագրից։ Սրան զուգահեռ որոշ փորձագետներ համոզված են, որ Իրանի ուղղությամբ իսրայելական գործողությունները կարող են ավելի արագ տեղի ունենալ, քան ենթադրվում է։ Իրանագետ Արմեն Վարդանյանը տեսականորեն հնարավոր է համարում կարճ ժամկետներում Իրանին հարվածելու սցենարը, առավել ևս, որ փորձնական հարվածից արդեն որոշակի եզրակացություններ են արվել։

«Թրամփը կոշտ գծի կողմնակից է Իրանի նկատմամբ և չի բացառվում։ Հատկապես, որ  Իսրայելի հատուկ ծառայությունները մեկ ամիս առաջ փորձնական հարձակում իրականացրեցին Իրանի վրա՝ օդային հարվածներ հասցնելով և պարզվեց, որ Իրանի ղեկավարությունն այդքան էլ պատրաստ չէր դիմագրավելու այդ հարձակումներին»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմն առաջարկել է Իրանին զսպելու ծրագիր, որը կներառի Իսրայելի օդուժի հարվածները Թեհրանի միջուկային օբյեկտներին՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զենքեր», որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները՝ գրում է պարբերականը։ 

Թրամփն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ ասել է, որ անհանգստացած է «իրանական միջուկային բեկումով», բայց նաև «ցանկանում է իրականացնել մի ծրագիր, որը չի հանգեցնի նոր պատերազմի բռնկման, հատկապես՝ այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերին»։ WSJ-ի տվյալներով՝ Իրանն այժմ ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան՝ մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։

Կարդացեք նաև

Back to top button