ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանը Մոսկվայում խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի, Մոսկվան՝ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է՝ Մոսկվայում մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Օրակարգում ինտեգրման հետագա խորացման, էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերն են։ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ  Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ։

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առանձին հանդիպում Մոսկվայում տեղի չունեցավ։ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Մոսկվա սահմանափակվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախագահությամբ։

Վարչապետ Փաշինյանին Մոսկվայում դիմավորեցին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար ավելի վաղ Մոսկվա մեկնած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ուշագրավ է, որ մինչ Հայաստանի վարչապետի օդանավը կհասներ Մոսկվա, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը մի շարք հայտարարություններ էր արել Մոսկվայում Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Այդ հայտարարությունները մասնավորապես, խաղաղության գործընթացում Ռուսաստանի միջնորդական ջանքերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին են։ Լրատվական գործակալությունները մեջբերում են Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետևյալ հայտարարությունը։

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է»։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Մոսկվան անում և անելու է ամեն ինչ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, հետևողականորեն աջակցելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմանը։

Ձեռք բերված նոր պայմանավորվածությունների առնչությամբ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն դեռ չեն արձագանքել։

Վերադառնալով Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին՝ նշենք, որ թեև ԵԱՏՄ-ում մեկ տարով նախագահում է Հայաստանը, բայց կառույցի վերջին նիստը անցկացվելու է ՌԴ մայրաքաղաքում։ Բացի կառույցի միջկառավարական խորհրդի հերթական նիստից, որը 4-րդն է այս տարվա ընթացքում, կողմերը ևս մեկ անգամ կհանդիպեն մի քանի օրից։ Դեկտեմբերի 25-ին նախատեսված է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում, որը հայկական կողմի առաջարկով դարձյալ կազմակերպվելու է Մոսկվայում, բայց կրկին նախագահելու է Հայաստանի վարչապետը։ Այդ ընթացքում նախագահությունը, ամենայն հավանականությամբ, կփոխանցվի Բելառուսին։

Սա ազդակ չէ ԵԱՏՄ շրջանակում հարաբերությունների որակի մասին, ընդհակառակը՝ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում բարձր է գնահատվել Հայաստանի նախագահությամբ կառույցում բոլոր կողմերի համագործակցությունը։ Դա շեշտել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Տարվա առաջին երեք եռամսյակներին ԵԱՏՄ-ում ՀՆԱ աճել է 4.5 տոկոսով, գրեթե նույնքան ավելացել է արդյունաբերական արտադրանքը, ապրանքաշրջանառությունն աճել է 8 տոկոսով։ ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետերը ներկայացված թվերը տպավորիչ են համարում, բայց արձանագրում են, որ կառույցում կարելի է հասնել ավելին, և դեռ տեղի չի ունեցել այն թռիչքը, որն ակնկալվում էր 2014–ին՝ ԵԱՏՄ պայմանագիրը ստորագրելիս։

Նիստի օրակարգում ընդգրկված 6 հարցերը վերաբերել են ինտեգրման հետագա խորացմանը, էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, լոգիստիկ կապերի և տրոնսպորտային կոմունիկացիաներին։ Նիկոլ Փաշինյանը լավագույն լուծում է համարել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։  

«Առանցքային թեման ԵԱՏՄ տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումն է, որտեղ անդամ-պետությունների հնարավորությունները ոչ լիարժեք են գործարկվում։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը։ Ծրագիրը մասշտաբային է մեր տարածաշրջանի համար։ Այն ենթադրում է մի շարք կոմունիկացիոն ուղիների ստեղծում և մոդեռնիզացում։ Նշված ծրագիրը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, վերջնարդյունքում ապահովելու է տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի բարենպաստ պայմաններ հետաքրքրված բոլոր պետությունների համար։ Խաչմերուկի աշխատանքի հիմքում պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգանքն է»։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան։ Փաշինյանը խոսել է նաև էներգետիկ շուկայի մասին՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն էներգետիկ շուկաների արդյունավետ գործունեության համար։ Ըստ վարչապետի՝ ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման տրամաբանությամբ, սակայն գործնականում այս սկզբունքի իրագործումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ տեղից չեն շարժվում։

Կարդացեք նաև

Back to top button