Շուրջ 9 ամիս է՝ առողջապահական համակարգում կիրառության մեջ են դրվել էլեկտրոնային դեղատոմսերը, սակայն դրա կիրառությունը դեռ խնդրահարույց է։ Կառավարության որոշմամբ՝ մի շարք դեղեր, այդ թվում՝ հակաբիոտիկները, պետք է վաճառվեն բացառապես դեղատոմսով։
Շատ դեղատներ, սակայն, տեխնիկական խնդիրների պատճառներով այդպես էլ չեն կարողացել անցնել այդ համակարգին։ Ուստի տարբեր դեղատներ շրջանցում են կարգն ու դեղատոմսով իրացման ենթակա դեղերը վաճառում են առանց դեղատոմսի։ Համակարգի հսկողությունը կատարվում է «Արմեդ» հարթակում, որն էլ, որոշ դիտարկումներով, խնդիրներց զերծ չէ։
էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրման առաջին իսկ օրվանից առանց խնդիրների չէ։ Համակարգի ներդրման առաջին շրջանում, ըստ դիտարկումների, դեղերը հիմնականում դուրս էին թողնվում բացառապես դեղատոմսերով, իսկ դեղատների մի մասը պատճառաբանում էր, թե դեռ միացված չեն համակարգին։ Սակայն այժմ՝ ամիսներ անց էլ, մի շարք դեղատներ չեն հետևում պարտադիր կարգին․ դեղատոմսով բաց թողնվող դեղերը շատ տեղերում վաճառվում են ազատ, առանց դեղատոմսերի։ Առողջապահական ոլորտի մասնագետների այս դիտարկումները «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում են նաև քաղաքացիները։
«Տարվա սկզբում որոշ դեղատներ դեղ չէին վաճառում առանց դեղատոմսի։ Մի մասն էլ ասում էին՝ համակարգին միացված չենք, դրա համար չենք կարող վաճառել հակաբիոտիկներ։ Բայց հիմա յուրաքանչյուր դեղատուն կարող ես մտնել ու առանց որևէ դեղատոմսի քո ուզած դեղը առնել։ Նույնիսկ պոլիկլինիկաներում բժիշկները հակաբիոտիկի համար դեղատոմս չեն գրում, ամեն դեպքում՝ ոչ էլեկտրոնային»։
«Ես միշտ մեր տան մոտի դեղատներից եմ օգտվում։ Հորմոնալ դեղեր եմ ստանում, և երբեք ինձանից դեղատոմս չեն պահանջել։ Միշտ էլ ազատ վաճառք է եղել։ Հակաբիոտիկի կարիք չեմ ունեցել, բայց հորմոնալ դեղեր միշտ էլ գնում եմ և առանց դեղատոմսի»։
Կառավարության որոշմամբ՝ մի շարք դեղեր՝ այդ թվում հակաբիոտիկները, պիտի վաճառվեն բացառապես դեղատոմսերով։ Առողջապահական գերատեսչությունը սա հիմնավորում է ինքնաբուժությամբ չզբաղվելու, անտիբիոտիկների ազդեցությանն օրգանիզմը չսովորեցնելու մոտեցմամբ։
Շատ դեղատներ էլ իրենց հերթին տեխնիկական խնդիրներով են բացատրում, որ այդպես էլ չանցան այդ համակարգին ու բացեիբաց այդ դեղերն իրացնում են առանց դեղատոմսերի։ «Ռադիոլուրը» պատահականության սկզբունքով տարբեր դեղատներում հետաքրքրվել է՝ հորմոնալ դեղերը դեղատոմսո՞վ են բաց թողնվում ու ստացել պատասխան՝ ոչ, առանց դեղատոմսի։
Առողջապահական համակարգի փորձագետ Ծաղիկ Վարդանյանի համար միանշանակ է՝ դեղատոմսերով պիտի դուրս գրվեն մի շարք դեղեր, իսկ մարտից գործարկված համակարգի խնդիրները նա բացատրում է շտապողականությամբ, վիճակի թերի գնահատումներով։
Հաշվի առնելով բոլոր անհարմարությունները և դիտարկումները՝ նախարար Անահիտ Ավանեսյանն, այնուամենայնիվ, ընդգծում է՝ փոփոխությունն ինքնանպատակ չէ, և, հակառակ պնդումներին, հավաստիացնում ՝ համակարգն աշխատում է.
«Ինքնանպատակ չէ մեր կյանքը բարդացնելը: Այս փոփոխությունն ուղղված է նրան, որ մենք ունենանք առողջական ավելի լավ ելքեր, և դեղերի չարաշահման դեպքերը նվազեն: Այդ տրամաբանությունն ինձ համար ընկալելի չէ: Ինչո՞ւ չաջակցել, որ ռեֆորմը կայանա: Կրկնում եմ՝ ես դեղատունն եմ: Ինձնից գումար չեն ուզում, որ համակարգին միանամ: Ինձնից հավելյալ ռեսուրս չեն պահանջում: Դա զարգացման նոր փուլ է: Աշխատում է համակարգը, դա լավ է պացիենտի համար, դա ճիշտ է պրոֆեսիոնալ առումով: Դեղագետն ունի խորհրդատվության իր շրջանակը, բժիշկն ունի ցուցում»։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում դեղերի մանրածախ իրացմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, որոնք ունեն ավելի քան 600 դեղատուն, նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին՝ դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի մասով տուգանքների կիրառումը՝ պնդելով, որ դա կարող է սնանկացման տանել։ Վարչապետին ուղղված նամակում նրանք էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառներ են նշել՝ ենթակառուցվածքներն անպատրաստ են, բժիշկներն իրենք էլ երբեմն էլեկտրոնայինի փոխարեն թղթային դեղատոմս են գրում։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին:
Հաճախակի են նաև ծրագրային խնդիրները։ Ի հայտ են եկել նաև տեխնիկական խնդիրներ․ «Արմեդ»-ի բազայում ոչ բոլոր դեղերի անվանումներն են առկա: Մեկնաբանություն ստանալու նպատակով «Ռադիոլուրը» հարցում է ուղարկել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։