ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստվելու կոչ է անում

Ռուս-ուկրաինական պատերազմում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցում է 1 միլիոնը. DW փոխանցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Շաբաթական կտրվածքով երկու կողմերից ավելի քան 10 հազար մարդ է զոհվում և վիրավորվում՝ ասել է Մարկ Ռյուտտեն։ Նա զգուշացրել է, որ Ուկրաինայում կատարվողը կարող է պատահել նաև իրենց հետ՝ դաշնակիցներին կոչ անելով պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, կրկին դեմ է արտահայտվել, որ ամերիկյան հրթիռները հասնեն Ռուսաստանի խորքը։ «Մենք պարզապես սրում ենք այս պատերազմը և վատթարացնում այն»,-հայտարարել է Թրամփը, կրկին քննադատելով Բայդենի վարչակազմին՝ Ռուսաստանին հեռահար զենքով հարվածելու Ուկրաինային տված թույլտվության համար։ Այդ մասին նա ասել է Time ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ամսագրի կողմից «տարվա մարդ» ճանաչվելու առիթով:

Time ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.

«Ես կտրականապես դեմ եմ հարյուրավոր մղոն հեռավորությամբ Ռուսաստան հրթիռներ արձակելուն: Ինչո՞ւ ենք մենք դա անում: Մենք պարզապես սրում ենք այս պատերազմը և վատթարացնում այն»։

Արձագանքելով հարցին, թե արդյոք կթողնի՞ Ուկրաինային առանց աջակցության, Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կօգտագործի ամերիկյան օգնությունը՝ որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ կրակը դադարեցնելու մասին բանակցություններում:

 «Ես ցանկանում եմ համաձայնության հասնել, և դա անելու միակ եղանակը՝ չհրաժարվելն է (Կիևին աջակցելուց: Խմբ.)»,-ասել է նա:

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խոստացել էր ռուս-ուկրաինական պատերազմն ավարտել 24 ժամում: Սակայն, լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ խաղաղության հասնելն ավելի դժվար ու բարդ է լինելու, քան ինքն ակնարկել էր։

«Մերձավոր Արևելքի խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել, քան այն, ինչ կատարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Դաշտերում ընկած երիտասարդ զինվորների սպանդի քանակը սարսափեցնող է: Այն, ինչ տեղի է ունենում, խելագարություն է»,-շեշտել է Թրամփը:

Այն, որ Ջո Բայդենի դեռևս գործող վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS բալիստիկ հրթիռները Ռուսաստանի խորքերը հարվածելու համար, հայտնի դարձավ նոյեմբերի կեսերին։ Դեկտեմբերի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատեց ATACMS հրթիռներով հարձակումը Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տվյալ հայտարարությունը լիովին համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ՝ Կրեմլի տեսակետն է ՏԱՍՍ գործակալությունը փոխանցել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ Թրամփը հասկանում է հակամարտության շուրջ իրավիճակի լարման հետևանքները»։

Պեսկովը միաժամանակ հավելել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ գործողություններ կլինեն Թրամփի երդմնակալությունից հետո։ Կրեմլի խոսնակը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ակնկալում է ԱՄՆ ներկա վարչակազմի՝ Ռուսաստանի տարածքի խորքում հեռահար հարվածների թույտվության որոշման չեղարկում:

«Ժամանակը ցույց կտա, մենք կսպասենք մինչև այն պահը, երբ ընտրված նախագահը կզբաղեցնի իր տեղը Օվալաձև աշխատասենյակում»,-եզրափակել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տվյալներ է հրապարակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։ Ըստ այդմ՝ ավելի քան 1 միլիոն մարդ է զոհվել կամ վիրավորվել պատերազմի ողջ ընթացքում: DPA գործակալությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետևյալ խոսքերն է մեջբերել.

«Շաբաթական կտրվածքով երկու կողմերից ավելի քան 10 հազար մարդ է զոհվում և վիրավորվում»։

REUTERS

Մարկ Ռյուտտեն Ուկրաինայում իրադարձություններն անվանել է Եվրոպայում ամենաարյունալի հակամարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները նկատել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի իրական թիվը մշտապես վիճելի է։ Վերջերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հակամարտության սկզբից ի վեր, Ուկրաինայի զինված ուժերի մոտ 43 հազար զինծառայող է զոհվել, իսկ 370 հազարը վիրավորվել է, սակայն նրանց մոտ կեսը վերադարձել է ծառայության։

Դոնալդ Թրամփը խոսել է ռուսական կողմի 600 հազար զոհերի և վիրավորների, ուկրաինական կողմի՝ 400 հազարի մասին: The Economist բրիտանական ամսագիրը Ուկրաինայի կորուստները գնահատել է 60-100 հազար զոհ: BBC-ի և Mediazona-ի լրագրողները նշել են ավելի քան 78 հազար ռուսների զոհվելը ռազմաճակատում:

AP գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի։ Գործակալությունը մեջբերել է Ռյուտտեի հետևյալ խոսքերը.

«Եթե բոլորս հիմա ավելի շատ չծախսենք պատերազմը կանխելու համար, մենք շատ ավելի մեծ գին կվճարենք հետագայում՝ պատերազմելու համար: Ոչ թե միլիարդներ, այլ տրիլիոն եվրոներ: Այն էլ՝ եթե մենք հաղթող դուրս գանք, եթե մենք ընդհանրապես հաղթենք»։

Ռյուտտեի խոսքով՝ թեպետ այժմ Ռուսաստանի կողմից անմիջական ռազմական սպառնալիք չկա, Ռուսաստանն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ երկարաժամկետ հակամարտության է պատրաստվում: DW–ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել՝ անցնել ռազմական ժամանակի մտածելակերպի և ռազմական ծախսերը դնել «տուրբո» ռեժիմի մեջ:

«Մենք կարող ենք կանխել հաջորդ մեծ պատերազմը ՆԱՏՕ-ի տարածքում»,-ըստ գերմանական պարբերականի՝ եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Back to top button