ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի համար անդամ երկրների ողջ հնարավորությունները չէ, որ օգտագործվում են։
«Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարեւորությունը մեր տարածաշրջանի համար, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծը, ի վերջո, «բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության վրա»։
Վարչապետը նաեւ նշել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն ընդհանուր էներգետիկ շուկաների արդյունավետ ձևավորման համար։
«ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման տրամաբանությամբ, սակայն գործնականում այս սկզբունքի իրագործումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ ամբողջությամբ չեն գործում»։
Ըստ Հայաստանի վարչապետի՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։