2021թ․-ին Լոռու մարզի 70 քաղաքացիներ դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի։ Պահանջը՝ տնտեսական և առողջական վնասների փոխհատուցում։ Հայցերի հիմքում չեխական կազմակերպության հետազոտության արդյունքներն են, ըստ որոնց՝ մարդկանց օրգանիզմում և աղտոտված հողի, ջրի ու մթերքի նմուշներում հայտնաբերվել են ծանր ու թունավոր մետաղներ։
Դատարանը, սակայն, բնակիչներից պահանջել է սեփական միջոցներով անցնել նոր փորձաքննություն և ապացուցել կրած վնասները, ինչը քաղաքացիների համար բավական մեծ բեռ է։ Փաստաբանական թիմը ստեղծված իրավիճակն օրենսդրական բացերով է պայմանավորում։
Դեռ 2021 թվականից Լոռու մարզի Մեծ Այրումի և Ճոճկանի 70 բնակիչներ որոշել են պաշտպանել սեփական իրավունքներն ու փաստաբանների միջոցով դիմել դատարան՝ ընդդեմ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ հանքարդյունաբերությունից կրած վնասների փոխհատուցման պահանջով։ Մինչ դատական տարբեր ատյաններ որոշում էին՝ ո՞ւմ քննության տիրույթում է գործը, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայցվոր բնակիչներն իրենք պետք է դատարանին ապացուցեն, թե հանքարդյունաբերությունն ինչքան է վնասել իրենց առողջությանն ու գրպանին։
Տուժած բնակիչներից ճոճկանեցի Սամվել Սիրադեղյանի ապրուստի հիմնական միջոցը դեղձի այգիներն էին, որոնք չորացել են Դեբեդի ջրերի տևական աղտոտման հետևանքով։ Չեմ կարող, ասում է, սեփական միջոցներով փորձաքննություն պատվիրել ու դատարանին ապացուցել, որ վնասներ եմ կրել․
«Փորձաքննության համար շատ մեծ գումար կպահանջի։ Երևի չեն էլ կարող անել Հայաստանում։ Ես փորձ ունեմ փորձաքննությունների բյուրոյի հետ։ Չեմ էլ հավատում, ու թանկ կարժենա։ Հաստատ մասնագետ էլ չեն ունենա»։
Փաստաբան Մերի Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փորձաքննությունը շատ մեծ ֆինանսական բեռ է համարում քաղաքացիների համար։ Դրա հարցով դիմել են նաև շրջակա միջավայրի նախարարությանն ու մերժում ստացել՝ հիմնավորմամբ՝ մասնավոր տարածքներում բյուջեի հաշվին նման գործողությունների իրավասություն չունեն։
Քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպությունը 2018-2020 թթ.-ին տեղի ՀԿ-ների հետ համատեղ նշյալ համայնքների բնակիչներից ու աղտոտված հողից, ջրից և մթերքից նմուշառումներ է արել: Փորձաքննություններն արվել են Չեխիայի քիմիատեխնիկական և Պրահայի հանրային առողջապահության հավաստագրված ազգային ինստիտուտներում։ Բացահայտվել են ծանր և թունավոր մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակություն չափահասների ու երեխաների օրգանիզմում: Թե՛ մարդկանց օրգանիզմում, թե՛ գյուղնշանակության հողերում ամենաշատը մկնդեղ է հայտնաբերվել։Հայցերի հիմքում հենց այս հետազոտության արդյունքներն են․
Փաստաբան Մերի Կարապետյան․ «Մենք առնվազն 3 կետի մասով ապացույցներ ունենք միջազգային փորձագիտական կենտրոններից, որոնք հենց իրենք նմուշառումներ են կատարել Ախթալայի և մերձակա տարածքներում հողից, ջրից, Դեբեդ գետի հունից։ Հայտնաբերվել են ծանր կոնցենտրացիաներ՝ ընդհուպ մարդու օրգանիզմում, որոնք գերազանցել են նորմայի շեմը, նույնիսկ կրկնակի, եռակի անգամ»։
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հարցին այլ կողմից է մոտենում․ասաց՝ հայտնի չէ՝ այդ մարդիկ, որոնք բնակվում են պոչամբարի հարևանությամբ, առողջական ինչ վիճակ են ունեցել նախկինում։
Որևէ հստակ վիճակագրություն այդ մասին չկա․
«Հայցադիմումը, որ ներկայացվել է էդտեղ, որևիցէ փաստեր չկան, որ ենթադրենք ինչ-որ մեկի առողջությանը վնաս է պատճառվել։ Էդ հետազոտության արդյունքները կարող է պարզվի, որ բոլորովին այլ բան է եղել։ Կա՞ ինչ-որ մի տեղ մի վիճակագրություն արված, համաձայն որի՝ ապացուցված լինի, առողջապահական որևիցէ կազմակերպության կողմից նման խնդիր ծագած լինի և քննարկված»։
Հայաստանում չկան հանքարդյունաբերական վնասի փոխհատուցման մեխանիզմներ և ոչ էլ էլ նախադեպեր, թեև 2022թ.-ին ընդունվել է ռազմավարություն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ՝ասում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Նա կարծիք է հայտնում, որ փորձաքննությունների բեռը հայցվոր քաղաքացիների վրա դնելով դատարանը հաշվի չի առնում կարևոր մի հանգամանք՝ առանց այն էլ առողջական ու տնտեսական վնասներ կրած մարդիկ ի վիճակի չեն մինչև 300 հազար դրամ ծախսել նման փորձաքննությունների համար։
Օլեգ Դուլգարյան․
«Ես փորձել եմ գտնել կազմակերպություններ, որոնք որ մասնագիտացված են և՛ էկոլոգիական, և՛ տնտեսական վնասի չափման եզրակացություն կազմելու մեջ, այսինքն խորքային փորձաքննություն են իրականացնում, ամեն դեպքում ինձ հայտնի չէ նման կառույց։ Իմացել ենք, որ կա անհատ մասնագետ, որը նման կարծիք, եզրակացություններ է կազմում, բայց ոչ խորքային փորձագիտական աշխատանքներ է իրականացնում»։
Փաստաբան Մերի Կարապետյանը փորձաքննության ծախսերն անհամաչափ է գնահատում հայցվոր կողմի համար, ասում է՝ օրենսդրական բացերի պատճառով իրավական փակուղում ենք հայտնվել․
«Էկոլոգիական իրավունքը ողջ աշխարհում այս պահին առաջնային դեր ունի։ Այն դիտարկում է անձնական կյանքը հարգելու իրավունքի ներքո, և այդ իրավունքի արդյունավետ իրացումը պետության վրա դնում է անհատներին՝ իրենց շրջակա միջավայրի նկատմամբ լուրջ ոտնձգություններից պաշտպանող ողջամիտ և բավարար միջոցների համակարգ ընդունելու պարտականությունը»։
Փաստաբանական խումբն այժմ միջազգային գործընկերների հետ ուսումնասիրում է այլ երկրների փորձը, որի բերումով պատրաստվում են նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը․
«Որ, օրինակ, պետական տուրքերի կամ դատական այլ ծախսերի մասով՝ ներառյալ նաև փորձաքննության ծախսերը, կամ դրվեն մյուս կողմի վրա, կամ իրականացվեն պետության հաշվին կամ որևէ արտոնություն սահմանեն»։
Օլեգ Դուլգարյանի պնդմամբ՝ առողջ ու մաքուր միջավայրում ապրելու իրավունքը ոչ միայն սահմանադրական, այլև միջազգային իրավունք է։ Զրուցակիցս հույս է հայտնում, որ դատական կարգով նման իրավունքների վիճարկումն ի վերջո հող կպատրաստի օրենսդրական մակարդակում լրջագույն փոփոխությունների համար։