Պաշտոնական Բաքվից հնչող վերջին հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շուրջ կրկին հարցեր են առաջացրել խաղաղության գործընթացի և կողմերի միջև առկա տարաձայնությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ պնդելով, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Բաքուն շարունակում է առաջ տանել նաև հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերման պահանջները։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարության՝ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որոնցից 15-ն արդեն համաձայնեցված է։ Մնացած երկու հոդվածների շուրջ, ըստ նրա, աշխատանքները շարունակվում են։
Այս թիվն օրերս հրապարակել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցի հետ զրույցում դա դիտարկելով որպես ցուցիչ, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Միրզոյանը նաև այսպիսի կարծիք էր հայտնել.
«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետերում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք»։
Պաշտոնական Բաքվի անունից Բայրամովը, սակայն, այսօր կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հերթական անգամ պնդելով, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է նա։
Նախորդիվ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն էր նշել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա։ «Առաջինը Հայաստանի Սահմանադրության մեջ է և արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է», — ասել էր նա։
Որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է քանիցս։ Հերթական անգամ նա այս մասին նախօրեին է գրել X-ում։ Փաշինյանը հակադարձել էր Բաքվից հնչած հայտարարությանը՝ հիշեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ ընդգծվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- գրել էր Հայաստանի վարչապետը։
Միևնույն ժամանակ, նկատենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս արձագանքել է նման հայտարարություններին։
Բայրամովն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը իր տարածքում շարունակում է արագացված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից միջանցքի աշխատանքները հիմնականում ավարտվել են, և ակնկալվում է, որ Հայաստանը ևս կհամագործակցի այս ուղղությամբ։
Այս թեմայով զուգահեռ հայտարարություններ են հնչում նաև Թուրքիայից․ այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն նույնպես օրերս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման էր համարել։
Հայկական կողմը մշտապես շեշտել է, որ Բաքվի ձևակերպած «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը բանակցություններում չկա և չի կարող լինել։ Հայաստանը հստակ ընդգծում է, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Բաքվից հնչող հերթական հայտարարությունը Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության առնչությամբ է․ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաքելությունը համարել է ոչ նպատակահարմար։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի ղեկավարի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ։ Սակայն, Հաջիևի խոսքով, այն պետք է լիներ կարճաժամկետ, մինչդեռ այժմ դրա գործունեությունը երկարաձգվում է, մանդատի տարածքը՝ ընդլայնվում։
Թե ինչ դեր ունի ԵՄ առաքելությունը Հայաստանի համար՝ հայկական կողմը բազմիցս շեշտել է՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում՝ ներառելով միջազգային երաշխիքներ, որոնք նպաստում են խաղաղության գործընթացի առաջխաղացմանը։
Իր վերջին հարցազրույցում դիտորդական առաքելության հետագա աշխատանքի առումով վարչապետ Փաշինյանը հստակեցրել էր.
«Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ։ Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այնտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»։
ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը լրանում է 2025–ի փետրվարին։ Դրանից հետո որոշում պետք է կայացվի նրանց հետագա աշխատանքի վերաբերյալ։ Եթե Հայաստանի առաջարկն ընդունի Ադրբեջանը, ապա սահմանազատված հատվածները ԵՄ դիտորդները այլևս չեն դիտարկի։