ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հստակեցվել են ԱՊՀ երկրների նոր առաջնահերթությունները․ ՀՀ փոխվարչապետը «Խաղաղության խաչմերուկն» է մատնանշել

Մոսկվայում հանդիպել են ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետները։ Քննարկման առանցքում արևմտյան պատժամիջոցների ֆոնին ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար համագործակցության հարցերն են եղել։ ԵԱՏՄ անդամ երկրների հանդիպման օրակարգում էլ տնտեսական ինտեգրման խորացման հարցերն էին։ ԱՊՀ ու ԵԱՏՄ նիստերը կտևեն երկու օր։ ՀՀ վարչապետը նիստերին չի մասնակցում, Մոսկվայում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մոսկվայում ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների վարչապետների մասնակցությամբ ընթացող նիստերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում։ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու համար Մոսկվա են գործուղվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

ՀՀ փոխվարչապետը վստահեցրել է ԱՊՀ նիստի մասնակիցներին, որ հայկական կողմը դրական է գնահատում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը։

«ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարողների միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել»։

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այդ համատեքստում նա հիշատակել է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման կարևորությունը․

«Ուզում  եմ ընդգծել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը, որի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման ճանապարհով։ Համոզված եմ, որ այս նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է ԱՊՀ բոլոր երկրների շահերին»։

Հայաստանի փոխվարչապետը կարևորել է նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչն ըստ նրա, ենթադրում է տրանսպորտային տեղեկատվական ոլորտի զարգացում և առաջադեմ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, ինչն էլ կնպաստի ԱՊՀ ողջ տարածքում լոգիստիկ ծառայությունների վերափոխմանն ու արդիականացմանը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը խոսել է ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին, առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, թվայնացումը և առևտրի զարգացումը։

«Փոխգործակցությունը ԱՊՀ շրջանակներում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Մենք հետաքրքրված  ենք պատմականորեն նախանշված տնտեսական և հումանիտար կապերով։ Ռուսաստանի արտաքին առևտրում ԱՊՀ երկրների մասնաբաժինը աճել է մինչև 16%։ Իսկ փոխադարձ առևտրաշրջանառությունը այս տարվա երեք եռամսյակում ավելացել ավելի քան 11%–ով»։

Միշուստինը կարևորել է նաև տրանսպորտային կապերի, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնումը։ Իսկ վերջում Ռուսաստանի վարչապետն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու 2025 թվականի «Intervision» երաժշտական ​​մրցույթին։

ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները շրջել են նաև Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի «Սպեկտր» հանրակացարանային ավանում, զրուցել հանրակացարանում ապրող ուսանողների հետ։

ԱՊՀ անդամ երկրների վարչապետների հաջորդ հանդիպումը 2025թ մայիսի 30-ին Դուշամբեում է։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին Երևանը չի մասնակցում կազմակերպության նիստերին, սակայն չի անտեսում ԱՊՀ ու ԵԱՏՄ հարթակները, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ միևնույն տնտեսական գոտում է։

Կարդացեք նաև

Back to top button