ԿարևորՀասարակություն

Վարկ վերցնելը ռիսկ ու պատասխանատվություն է․ անհուսալի վարկառուների եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը

Առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Ծրագրի շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս: Փորձագիտական դաշտում կարևորում են այս նախաձեռնությունը։

Հայաստանում 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար։ Նրանց վարկային բեռը շուրջ 642 մլրդ դրամ է։ 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատում է՝ 1․5 տարում նրանց բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է: Հենց սա էլ ստիպել է մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին:

«Նրանց մինչև 20 տոկոսն է, որ ունի ֆորմալ զբաղվածություն: Մնացածը կամ չունեն աշխատանք, կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ: Այսինքն՝ անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ, որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և պետությունից ստանում է նպաստ»:

Առաջարկվում է  առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Բացի այդ, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս:

«Նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե նա ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»։

Պոտենցիալ շահառուները 218 հազար են: Ընդ որում, նրանց 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է: Նախարարը նկատեց՝ նրանք գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Նա նշեց, որ այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվելն են, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն, ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Բանկերը բացի տույժ–տուգանքները զիջելուց, նաև վարկային պարտավորությունների նկատմամբ 14 տոկոս է գանձվելու, քանի որ այսպիսի վարկառուների համար, որպես կանոն, տոկոսները ավելի բարձր են լինում: Այսուհետև վարկը հաշվառվելու է 14% տարեկան տոկոսադրույքով, որը ևս օժանդակություն է։ Կառավարության կողմից շատ շռայլ առաջարկ է  քաղաքացիներին, որից պետք է օգտվել, փակել այդ շրջափուլն ու անցնել առաջ»։

Ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: Վարչապետը նկատում է՝ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ ու պատասխանատվություն է․

«Ես օրը 20-30 նամակ եմ ստանում, մարդիկ ասում են՝ վարկ են վերցրել, չեն կարողանում փակել, խնդրում են օգնել: Եթե շատ անկեղծ ասեմ, սա անընդունելի խոսակցություն է: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ մեր հանրության մեջ այս որոշումները ինքնին այնքան էլ միանշանակ չեն, որովհետև այստեղ հարց  կարող է առաջանալ, ու այսօրվա վարկառուները նույնպես մտածեն չվճարելու մասին։ Սա ֆունդամենտալ պրոբլեմ է»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ այս առաջարկը, բացի սոցիալական բաղադրիչ ունենալուց, նաև բանկային համակարգի համար է կարևոր, քանի որ առաջանայինը նաև ֆինանսական կայունությունն է։ Հիշեցնում է՝ եկամտային հարկի վերադարձ այս պահին էլ կա տարբեր նպատակների համար, հիմնականում՝ առաջնային շուկայից բնակարան գնելիս։ Այս նորմն առաջիկայում Երևանում, իսկ 2029թ արդեն մարզերում կդադարի գործել։ 2029թ հետո դրույթը կտարածվի միայն կոնկրետ բնակավայրերում բնակարան ձեռք բերելիս։ Կառավարությունը գնաց այս լուծմանը, քանի որ տարեցտարի բյուջեի բեռն ավելանում է՝ ի հաշիվ վերադարձվող գոմարների։ Այժմ եկամտային հարկը, թեկուզ ժամանակավոր, բայց կվերադարձվի անհուսալի վարկ ունեցողներին։ Սա ևս բեռ է բյուջեի համար, բայց տնտեսագետը այս դեպքում ֆինանսական համակարգի կայունությունն ավելի է կարևորում․

«Բնականաբար, պետական բյուջեի հաշվին է ստացվելու, բայց բանկային համակարգի կայունության ապահովումը այս դեպքում շատ ավելի կարևոր է, քան ենթադրենք՝ պետական բյուջեի հանդեպ որոշակի պարտավորությունների նվազեցումը։ Նախկինում եկամտային հարկը, որ ուղղվում էր շինարարության ոլորտ, ըստ էության, շինարարության ոլորտն էր գերակա համարվել  ի հաշիվ պետական բյուջեի։ Այսպես ձևակերպենք` հիմա շինարարության ոլորտից անցնում է կատարվում դեպի բանկային համակարգ։ Այսինքն՝ գերակա է համարվում բանկային համակարգի կայունության ապահովումը»։

Գործադիրում ընդգծում են, որ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամսով։

Կարդացեք նաև

Back to top button