ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանում անցյալ տարի ականատես եղանք Ցեղասպանության, որն աշխարհն անկարող եղավ կանխել. Միրզոյան

Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող ցեղասպանության կանխարգելում բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը, «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, անգամ դրանից 3 օր առաջ, անգամ դրանից 3 օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում, ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։

Միրզոյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։

«Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,- ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը համատեղ ջանքերով պայքարել ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց:

Կարդացեք նաև

Back to top button