
Վերջին շրջանում ավելի հաճախ են պաշտոնական հայտարարություններ հնչում, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ժամկետներ չեն նշվում, բայց օգտագործվում են «խաղաղությունը շատ մոտ է» կամ «կողմերը հասել են ամենամոտ կետին» ձևակերպումները։
Գործընթացի մասին լավատեսական գնահատականներով նախօրեին խոսել է Հայաստանի արտգործնախարարը։ Դրական սպասումների մասին են ակնարկել նաև Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը։ Բաքվից հնչող գնահատականներն այլ տոնայնությամբ են։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատականը, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, հաջորդիվ կրկնել են նաև Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում դեսպանների 15-րդ համաժողովին նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման «դրական միտումն ու հեռանկարները» և հայտարարել, որ ցանկանում են բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում ավելի է բացել փակագծերը՝ հաստատելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության հաստատման հարցում հասել են ամենամոտ կետին։ Թուրք պաշտոնյան նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա։
Այս հայտարարություններից մեկ ամիս առաջ՝ նոյեմբերին, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում Հայաստան-Թուրքիա սահմանին։ Հայկական կողմը նոր է հաստատում հանդիպման փաստը, մինչ այդ պաշտոնական որևէ տեղեկատվություն դրա մասին չի եղել, հայտնի չէ նաև, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը։ Հայկական կողմը այն դրական և կառուցողական է գնահատել։ Քննարկվել են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու տեխնիկական կարիքները։ Այս թեման Հայաստանի և Թուիքիայի բանագնացների քննարկումների օրակարգում ընդգրկվել է այս տարվա հուլիսին, այս ուղղությամբ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ այն ժամանակ։
Այս գործնական քայլերի և դրական ակնկալիքների ֆոնին Ադրբեջանը շարունակում է խոսել խաղաղության խոչընդոտների մասին՝ դրանց շարքում առաջինը մատնանշելով Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում գրառման միջոցով է պատասխանել հերթական նախապայմաններին։
«ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանի մասում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»։
Գրառումը վարչապետ Փաշինյանն արել է անգլերենով՝ հուշելով, որ այն ուղղված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանին։ Նախօրեին Ադրբեջանի փոխարտգործնախարարն էր խոսել կայուն խաղաղության հասնելու խոչընդոտների մասին։
Ադրբեջանի հետ «մոտ» խաղաղությանը Հայաստանում բնակիչների մի մասը դեռ չի հավատում։ Նրանցից մեկը Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանն է։
«Ադրբեջանը ամեն քայլափոխին փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ և դրանով խափանել կամ հետաձգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստեղծումը: Ես այդ պատրանքը չունեմ, որ փաստաթուղթը իրականում կապահովի կայունություն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, որովհետև ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը, եթե չասենք կողմերը, յուրովի են պատկերացնում խաղաղությունը, որում Հայաստանը և հայկական շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չի գրավում: Կարող է տեքստի 95-97%-ը համաձայնեցվի, բայց դիվանագիտության մեջ ընդունված ոսկե կանոն կա՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ»։
Խաղաղության բանակցություններին զուգահեռ իրականացվում է նաև սահմանազատման հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստի նախապատրաստումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ի իր հարցազրույցում խոսել էր այս աշխատանքների մասին․
«Վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, և սահմանազատման հանձնաժողովները հետևյալն են արել՝ փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը, Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր մոտեցումը: Հիմա հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք: Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը Տավուշի մարզից հետո ո՞ր ուղղությամբ կամ ո՞ր տարածքից է շարունակվելու․ գրեթե բոլորին հետաքրքրող այս հարցի պատասխանը իշխանությունը դեռ չի տալիս։ Այն, որ տարբեր ուղղություններ են քննարկվել, հաստատում է սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Վերջին հանդիպման ժամանակ տարբեր վերսիաներ քննարկվել են, բայց ավելին չեմ կարող ասել, որովհետև կա պայմանավորվածություն հանրային խոսքում սահմանափակվել այն տեղեկատվությամբ, որը պաշտոնապես հրապարակվել է»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա․ նախապատրաստական աշխատանքները դեռ ընթանում են։




