
Լրատվամիջոցներն ու փորձագետները շարունակում են քննարկել Մոսկվայի ու Մինսկի միջև կնքված համաձայնագիրը անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին։ ՌԴ նախագահը նշել է, որ այն «հնարավորություն կտա հուսալիորեն պաշտպանել Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը»։
Փաստաթուղթը սահմանում է, որ պաշտպանական խնդիրները լուծելու համար կարող են օգտագործվել առկա բոլոր ուժերն ու միջոցները։ Խոսքը նաև Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական միջուկային զենքի մասին է։
«Орешник» տիպի հրթիռների բավարար քանակությունը գործնականում վերացնում է միջուկային զենք կիրառելու անհրաժեշտությունը՝ օրերս հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան ոչ թե խստացնում է իր միջուկային դոկտրինը, այլ բարելավում է այն։
Ռազամական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ ավերիչ զինատեսակի կիրառումը հավասարազոր է միջուկային զենքի կիրառմանն ու ազդեցությանը։
«Այն շատ ավելի քայքայիչ զենք է, քանի որ զանգվածային օգտագործման դեպքում իսկապես կդառնա միջուկային զենքին հավասարազոր: Եվ այս դեպքում Ռուսաստանը ոչ միայն կարողանում է շրջանցել միջուկային զենքի արգելքը, այլ նաև դրա օգտագործման մասին բոլոր պայմանավորվածությունները: Մարդը չի օգտագործում միջուկային զենք, բայց միջուկային զենքի նման մի զենք է օգտագործում, որը միջուկային զենք չէ, սակայն տալիս է միջուկային զենքի հետևանքներ»։
Նման հայտարարություններով փորձ է արվում կանխել հակառակորդի գործողությունները՝ պարզաբանում է ռազմական փորձագետը և հավելում՝ եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի, այն քաղաքական հետևանքներ կունենա, սակայն ավերիչ նոր զինատեսակի կիրառումը ոչ մի փաստաթղթով արգելված չէ։
«Այս դեպքում զենքը միջուկային չէ, ոչ մի փաստաթղթով, ոչ մի համաձայնագրով արգելված չէ, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Հիմա Մոսկվան, շրջանցելով միջուկային զենքի օգտագործման արգելքը, կարող է այն օգտագործել, ինչը հավասար է միջուկային զենքին»։
Համաձայնագրի ստորագրումից հետո Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Մինսկը միջուկային մեծ զինանոց ունի։ Նրա խոսքով՝ Բելառուսն «աննկատ մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ է ներկրել, ինչը կատակ չէ»։
Դեկտեմբերի 6-ին Մոսկվան ու Մինսկը անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել։ Դրա բովանդակությունից շատ բան հայտնի չէ, հայտնի է միայն, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական օգնություն՝ կողմերից մեկի վրա հարձակման դեպքում առկա բոլոր ուժերի ու միջոցների օգտագործմամբ։ Խոսքը նաև Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական մարտավարական միջուկային զենքի կիրառման մասին է։
«Գրեթե գաղտնի փաստաթուղթ․ ինչ են ստորագրել Պուտինն ու Լուկաշենկոն» վերտառությամբ հոդվածում DW-ն գրում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է Բելառուսում տեղակայել «Օրեշնիկ» հրթիռային համակարգը, իսկ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամրագրված երաշխիքները պետք է ապահովեն Ռուսաստանի և Բելառուսի սահմանադրական համակարգի պաշտպանությունը։ Ինչո՞ւ է փաստաթուղթը, ըստ էության, գաղտնի մնում, ի՞նչ է ուզում Պուտինը «երաշխավորել» Լուկաշենկոյին. Օրեշնիկի տեղակայումը խախտո՞ւմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, հարցերի մասին DW-ն փորձագիտական վերլուծություններ է ներկայացրել։
Միջազգային իրավունքի մասնագետ Եկատերինա Դեյկալոն կարծում է, որ երկրների միջև նման պայմանագրերը պետք է լինեն հրապարակային։
«Միջազգային պայմանագրերի հրապարակայնությունը և՛ միջազգային իրավունքի, և՛ միջազգային պայմանագրերի վերաբերյալ Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջն է, ինչպես նաև ժողովրդավարական պետական կառավարման հաշվետվողականության և թափանցիկության բաղադրիչ, քանի որ քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչի մասին է պայմանավորվել իրենց պետության ղեկավար: Գործնականում Ռուսաստանի և Բելառուսի միջև մի շարք պայմանագրեր մնում են ոչ հրապարակային, ինչը բռնապետական երկրներին բնորոշ անքաղաքավարություն է»։
Ֆինլանդիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գրիգորի Նիժնիկովն էլ կարծում է, որ փաստաթուղթը գաղտնի է պահվում, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Մինսկին։
«Սա կարող է վախեցնել Բելառուսին, քանի որ բելառուսական հասարակությունը մեծ ցանկություն չունի ներգրավվելու ռուսական արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ»։
Փորձագետը նման պայմանագրերի ստորագրումը Ռուսաստանի կողմից իր դիրքերն ամրապնդելու փորձ է համարում ՝ ռուս-ուկրաինական ապագա հնարավոր բանակցություններում դիրքային առավելություն ապահովելու նպատակով։
«Դոնալդ Թրամփի ընտրվելուց ի վեր Կրեմլը հստակ ազդանշաններ է ուղարկում նոր վարչակազմին, որ պատրաստ է սրել իրավիճակը։ Ռուսաստանը փորձում է ամենավատ սցենարները ներկայացնել, որպեսզի ցույց տա, թե պատրաստ է ավելի ակտիվացնել առճակատումը Արևմուտքի հետ»։
Փորձագետը, վերլուծելով իրավիճակը, նաև նկատում է, որ Մինսկն այլևս չի վերահսկում սեփական անվտանգության ոլորտը, այլ կատարում է Մոսկվայի կողմից իրեն վերապահված դերը։




