ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ասադը տապալվեց. Էրդողանի շահն ու Թուրքիայի նոր ռազմավարությունը՝ ըստ գերմանական DW-ի

Անկարան ի սկզբանե աջակցում էր սիրիական ընդդիմությանը Ասադին տապալելու և քրդերին Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս մղելու համար: Այս մասին այսօր գրել է գերմանական DW պարբերականը, հիշեցնելով, որ Թուրքիան երկար ժամանակ հաստատել էր իր ռազմական ներկայությունը Իդլիբում՝ սիրիական ընդդիմության կենտրոնում։ Հեղինակավոր պարբերականը բացահայտել է նաև Անկարայի հետագա նպատակները, երբ Բաշար Ասադի ռեժիմն արդեն տապալված է։ Թե ինչո՞ւ է Սիրիայում հաղթել Էրդողանը՝ մանրամասնել են փորձագետները։   

Այսօր համարվում է, որ Ասադի տապալումից ամենաշատ ռազմավարական շահը Թուրքիան ունի, իսկ Ռուսաստանը և Իրանը՝ կորցրել են: Մոսկվան Բաշար Ասադի ամենակարևոր դաշնակիցն էր, իսկ Թեհրանն աջակցում էր նրա ռեժիմին շիա զինյալների միջոցով: Ստամբուլի գերմանա-թուրքական համալսարանի թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ Զաուր Գազիմովը DW-ի հետ զրույցում նկատել է.

«Եթե համեմատենք իրավիճակը այն բանից հետո, ինչ եղել է երկու շաբաթ առաջ, ապա Թուրքիան ակնհայտորեն շահել է Սիրիայում։ Անկարան մտադիր է սերտորեն համագործակցել Սիրիայի նոր կառավարության հետ: Թուրքիան ինտենսիվ կերպով կներգրավվի վերականգնման գործընթացում և կդառնա պատերազմով ավերված Սիրիայում հիմնական ներդրողը»։

Թուրքիան տնտեսական շահույթ կստանա Սիրիայի վերականգնումից, եթե թուրքական շինարարական ընկերությունները պատվերներ ստանան այնտեղ՝ իր հերթին բացատրել է Ստամբուլի Սաբանջի համալսարանի քաղաքագետ Բերկ Էսեն.

«Թեև երկար ժամանակ թուրք իշխանությունների՝ Սիրիային առնչվող քաղաքականությունը համարվում էր անհաջող, Էրդողանը շարունակ կրկնում էր, որ Ասադին վերջ կտան: Նա ճիշտ դուրս եկավ և քաղաքական միավորներ վաստակեց»։

Սիրիայի վերջին արշավանքի ժամանակ Թուրքիան կարևոր դեր է խաղացել և նոր Սիրիայում, Ասադից հետո, Անկարան դա կօգտագործի իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար՝ համոզմունք է հայտնել փորձագետը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան անուղղակի աջակցել է սիրիական ընդդիմությանը։

Գերմանական պարբերականի հոդվածագիրներն ընդգծել են, որ Թուրքիան աջակցում է «Սիրիական ազգային բանակ»-ին և վերահսկում է Սիրիայի հյուսիսի մեծ տարածքներ: Իր ներկայության շնորհիվ Թուրքիան որոշ չափով կարողացել է մոտենալ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի իսլամիստական խմբավորմանը, միևնույն ժամանակ ժխտելով իր մասնակցությունը սիրիական զինված ընդդիմության արշավանքում, որը հանգեցրեց Դամասկոսի գրավմանը և Ասադի ռեժիմի տապալմանը:

Չնայած պաշտոնապես Թուրքիան չի կանգնում այս խմբավորման ետևում և ճանաչում է այն որպես ահաբեկչական, Անկարան աջակցում է Սիրիայի հյուսիսում զինված խմբավորումներին, որոնք մասնակցել են արշավանքին՝ շեշտում է DW-ն։

Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ուղղակիորեն ռազմական աջակցություն չի ցուցաբերել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին՝ նշել է Համբուրգի GIGA համալսարանի Մերձավոր Արևելքի փորձագետ Անդրե Բանկը, ապա հավելել.

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը վերջերս նոր զենք է ստացել: Այժմ օգտագործում է դրոններ և հրթիռային համակարգեր: Ենթադրաբար այս ամենը ստացվել է Թուրքիայից»։

DW-ի հետ զրույցում, սակայն, շատ զգուշավոր է արտահայտվել Անդրե Բանկի գործընկերը՝ Լանկաստերի համալսարանից Սիմոն Մաբոն։ «Սա անթափանց թեմա է: Մենք ճշգրիտ չգիտենք, թե ինչ չափով է Թուրքիան իրականում աջակցել այս արշավանքին»,- ասել է Մաբոն:

Ըստ Ստամբուլի գերմանա-թուրքական համալսարանի թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ Զաուր Գազիմովի՝ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ, ինչը պարբերաբար անհանգստություն է առաջացնում իր արևմտյան գործընկերների մոտ:

Նրա համոզմամբ, սակայն, Սիրիայի շուրջ վերջին իրադարձությունները չեն հանգեցնի Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խզմանը։

Ըստ Գազիմովի՝ հակառակը. թուրք-ռուսական երկկողմ հարաբերություններն ապագայում կդառնան ավելի խորը։ Նա կարծում է, որ Ասադի տապալումով Թուրքիան ավելի կարևոր է դարձրել Ռուսաստանի համար:

DW-ն նաև նկատել է, որ քրդական գործոնը շարունակում է մնալ Թուրքիայի հիմնական մտահոգություններից մեկը: Ստամբուլի Սաբանջի համալսարանի քաղաքագետ Բերկ Էսեն հետևյալ կանխատեսումն է արել.

«Ապագայում մենք փաստորեն Սիրիայում կտեսնենք ինքնավար քրդական շրջան, ինչպես Իրաքում է: Բայց տարբերությունն այն է, որ Իրաքի հյուսիսում, որտեղ լեռնային է տեղանքը, քրդերին ավելի հեշտ է պաշտպանել իրենց տարածքները, Սիրիայի հարթավայրային տեղանքում դա շատ ավելի դժվար է»:

Բացի այդ, դեռ անհասկանալի է, թե ինչպես կվարվի «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը քրդերի և այլ կրոնական փոքրամասնությունների հետ՝ հավելել է գերմանական պարբերականը: Նշվում է, որ փախստականների խնդիրը նույնպես կարևոր դերակատարում ունի: Գերմանական հեղինակավոր պարբերականը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հավաստիացումն է հիշեցրել.

«Մեզ համար շատ կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Միլիոնավոր սիրիացիներ, որոնք ստիպված էին լքել իրենց հայրենիքը, վերջապես կարող են տուն վերադառնալ»:

Այսպիսով, ըստ DW պարբերականի հոդվածագիրների, Թուրքիան շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ սիրիական ճգնաժամում, իրականացնելով իր քաղաքական, տնտեսական և ռազմավարական նպատակները։

Կարդացեք նաև

Back to top button