ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված հոդվածների թիվն ավելացել է

Ֆինլանդիա կատարած այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որը արտատպվել է մի քանի պարբերականներում։ Նախարարն անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարացմանը, ԵՄ–ի հետ ավելի սերտ համագործակցելու ձգտումներին, ՌԴ-ի և ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններին։ Արարատ Միրզոյանի հարցազրույցի մի մասն էլ նվիրվել է տարածաշրջանային հարցերին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին ու ակնկալվող խաղաղության գործընթացին։ Նախարարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շատ մոտ են» խաղաղությանը։ Ուշագրավ է, որ հարցազրույցին զուգահեռ հայտարարություններ են հնչել նաև Բաքվից։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոր թիվ է հրապարակել Ադրբեջանի հետ բանակցվող «Խաղաղության պայմանագրի» նախագծի առնչությամբ։ «17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա»,– ֆիննական լրատվամիջոցին հայտնել է Միրզոյանը։ Սա, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իր հարցազրույցում Միրզոյանն ասել է, մեջբերում․

«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք»։

Ակնհայտ է, որ կողմերի միջև համաձայնեցված կետերի ավելացումը և պայմանագրի նախագծում կատարված փոփոխությունները տեղի են ունեցել վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, քանի որ օգոստոս–սեպտեմբերին արտգործնախարարն ու վարչապետը համաձայնեցված հոդվածների այլ քանակ էին նշում։

Արարատ Միրզոյան․ «Տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված են, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից են»։

Նիկոլ Փաշինյան․ «Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ: Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ: Օրինակ՝ ամենասկզբում երկրորդ, երրորդ խմբագրությունները խաղաղության պայմանագրի ունեցել են 18 հոդված, այսինքն՝ ինչ-որ հոդվածներ դուրս է եկել, օրինակ՝ Ադրբեջանը ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին, այսինքն՝ մնացել են 17-ը։ Մենք առաջարկում ենք 16-հոդվածանոց խաղաղության պայմանագիր»։  

Խորհրդարանական ընդդիմությունը, որը հասանելիություն չունի բանակցվող փաստաթղթի նախագծին, խճճվել է ներկայացվող թվերի միջև։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը համոզված է, որ խաղաղության բանակցությունները փակուղում են։

«Իրենք ասում էին, որ պայմանագիրը 16 կետ է, վերջերս ավելացավ 17-րդ կետը։ Որ մենք ասում ենք՝ ինչքան դուք կռանում եք, այնքան պահանջներն ավելի շատանում են։ 17-րդ կետը ծնելց, վաղը կպարզվի, որ 18-րդը կա, 19-րդը կա։ Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց հանրայնացնել 13 կետերը, որ ըստ իրեն համաձայնեցված են եղել։ Եթե համաձայնեցված են՝ ի՞նչ գաղտնիք, ումից է գաղտնի պահում, ինքը գիտի, Ալիևը գիտի։ Ոչ էլ հրապարակել է այն երեքը, որ համաձայնեցված չէին»։

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն շարունակում է խոչընդոտներ տեսնել։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը մի քանի թեմայի է անդրադարձել։ Շեշտել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախապայմանը, ինչը Երևանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին խառնվելու անընդունելի փորձ։ Երկրորդ խոչընդոտն, ըստ Մամեդովի, այն է,  «որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն»։ Ադրբեջանի փոխարտգործնախարարը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի։ Նա խնդիր է համարել նաև Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալը։ Մինչդեռ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դա խիստ կարևոր քայլ է համարում Հայաստանի համար․

«Ես շատ եմ կարևորում կանոնադրությանը միանալու փաստը, որովհետև ես վստահ եմ՝ ցանկացած իրավական գործընթաց՝ դա կլինի արդարադատության միջազգային դատարանում կամ միջազգային քրեական դատարանին միանալու քայլը, կարծում եմ, մեզ համար ունեցել է կարևոր անվտանգության նշանակություն, և ունենալու է: Ես վստահ եմ, որ կանխարգելման էֆեկտ ակնհայտորեն ունենում է: Դա չափելի է, որ ուշադիր նայենք՝ կտեսնենք։ Ես այս պահին շատ փակագծեր չբացեմ, բայց վստահ եմ, որ ունի: Անիմաստ չի միանալը եղել։ Կարծում եմ, որ նաև հնարավորություն կունենանք  ավելի շատ օգտագործել այս մեխանիզմը»։

«Խաղաղության պայմանագրի» նախագծում բանակցվող կետերի շուրջ պահպանվող լռությունը իշխանությունը հիմնավորում է խորհրդապահական անհրաժեշտությամբ՝ չվնասելու սկզբունքից ելնելով։ Փակուղու մասին գնահատականները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սխալ է համարում․        

«Բազմաթիվ, տարբեր մեկնաբանություններ են մինչև այս էլ հնչել Ադրբեջանից, բայց սա, ըստ էության, չպետք է մեզ մոտ տպավորություն ստեղծի, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ, ամենևին, բանակցությունները շարունակվում են։ Բնականաբար, կան բանակցություններում դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումները ավելի բարդ են և ժամանակատար։ Բայց գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ, միջազգային մեր գործընկերների հետ «Խաղաղության պայմանագիրը» իր վերջնական տեսքին հասցնելու համար»։

Միջազգային գործընկերների առումով ուշագրավ է, որ օրերս Բաքու էին այցելել Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի ու ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը»: Ամերիկյան կողմը չի հստակեցրել, թե ում հետ են Բաքվում հանդիպել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները։

 

Կարդացեք նաև

Back to top button