ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Հանրահռչակել արցախյան երաժշտությունը, հայոց այբուբենը տեղադրել Ժնևի «Թրեմբլի» այգում․«Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթած նախագծերը

«Հայաստան 2041» հիմնադրամը տվեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի մեկնարկը։ Նպատակը մեկն է՝ իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն հայկական ժառանգության պահպանմանը և Սփյուռքի հայ համայնքների հզորացմանը։ Ֆրանսիայում ապրող Դավիթ Հարությունյանը մշակել է ծրագիր՝ հանրահռչակել արցախյան երաժշտությունը, իսկ Ժնևում ապրող Ռուզաննա Թարվեդյանը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է հայոց այբուբենը տեղադրել Ժնևի «Թրեմբլի» այգում։

Ջութակահար Դավիթ Հարությունյանը առաջին և վերջին անգամ Արցախ է այցելել 1995 թ–ին։ Հետո տեղափոխվել է Ֆրանսիա, ուսանել Փարիզի կոնսերվատորիայում։ Այս տարիներին նա հայկական սփյուռքում մեծ դերակատարում է ունեցել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։ Եվ ահա՝ արցախցիների բռնի տեղահանումից հետո, երբ միջոցներ էր հայթայթում նրանց օգնելու համար, ծանոթանում է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ․

«Նարինե Աղաբալյանը ինձ պատմեց, որ գաղթի ժամանակ կարողացել էր փրկել մի հատ գիրք, որի մեջ կային նոտաներ, որոնց մեջ ընդգրկված էին ժողովրդական ու հեղինակային գործեր։ Դիմեցի իմ երկու դասընկերներին՝ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանին, որը Մադրիդից է, և թավջութակահար Միքայել Հախնազարյանին, որը Բեռլինից է։ Մտածեցի, որ ամենաճիշտը դրանք անմահացնել է պետք»։

Նախագիծը ամբողջությամբ իրականացնելու համար ներգրավել են նաև կոմպոզիտորներ Արթուր Ավանեսովը՝ Երևանից և Բրունո Մանթովանին՝ Ֆրանսիայից։ Նրանք կազմելու են արցախյան 6 ժողովրդական երգերի ցանկը։ Դավիթը ներկայացնում է նախագծի նպատակը․

«Անմահացնել աշխարհի համար Արցախի երաժշտությունը,  բարձրացնել նրա պահանջարկը Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս, ապահովելով դաշնամուրային տրիոյի համար մնայուն ներկայություն արևմտյան երգացանկում»:

Արդեն որոշվել է, որ ալբոմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականին Փարիզում։ Եթե Դավիթ Հարությունյանի նախագիծն արդեն կայացման փուլում է, ապա Ռուզաննա Թարվերդյանի ծրագիրը դեռ սաղմնային վիճակում է։ Ռուզանան ապրում է Ժնևում և ակտիվորեն մասնակցում է հայ համայնքային կյանքին։

Ռուզանան հանդես է եկել մի նախաձեռնությամբ՝ տեղադրել հայոց այբուբենը Ժնևի «Թրեմբլի» այգում։ Այնտեղ տեղադրված է նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշահարձան։

«Իմ աղջիկը 2 տարեկան էր ու մեծանում էր շվեցարական միջավայրում, դժվարանում էր հայրերեն նույնիսկ խոսել։ Երբ մենք նրա հետ խոսում էինք հայերեն, նա մեզ պատասխանում էր ֆրանսերենով։ Ու բախվեցի մի իրականության հետ, որ հայ լինելու պահպանության խնդիրը դարձավ լուրջ իրավիճակ։ 2018 թվականին Ժնևի «Թրեմբլի» այգում տեղադրեցին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Փողոցային լույսեր» հուշարձանը, ու այնպես ստացվեց, որ ժնևում ունենք մի փոքրիկ անկյուն, որն ավելի հայկականացված է։ Ամեն ջանք չեմ խնայի, որպեսզի ծրագիրն իրագործվի»։

Այս երկու անձինք «Հայաստան 2041» հիմնադրամի  «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողներն են։ Այս ծրագիրն սկսել է իրականացվել 2023 թ–ից։

«Հաղթող գաղափարներն արդեն սկսել են աշխատել դրանց իրականացման ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ դրանք ոչ միայն արյունավետ կիրագործվեն, այլ նաև նոր մտքեր ու ծրագրեր առաջ կբերեն, կոգևորեն իրենց շրջապատի մարդկանց նույնպես մասնակից դառնալ նման նախաձեռնություններին: Ծրագիրը կհամարենք հաջողված, եթե կարողանանք հասնել Սփյուռքում գտնվող նույնիսկ մեր ամենափոքր համայքներին և նրանց մեջ կապեր հաստատել և խթանել տարատեսակ համագործակցություններ»,–ասում է  «Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանը։

Նշենք, որ «Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսում՝ մինչև 2026 թ. գարունը:

Կարդացեք նաև

Back to top button