
Եվրոպական մի շարք երկրներ դադարեցնում են Սիրիայից ապաստան հայցողների դիմումների քննումը։ Միջազգայնագետները կարծում են, որ իշխանափոխության պայմաններում այդ երկրի բնակիչները ավելի անվտանգ պայմաններում ապրելու հնարավորություն կարող են ստանալ, քան կար Ասադի պաշտոնավարման ժամանակ։ Ոմանք, սակայն, այսօրվա վիճակն ավելի տագնապալի են համարում և ՀՀ իշխանություններին հորդորում են դուրս բերել ՀՀ քաղաքացիներին Սիրիայի տարածքից։
Եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ դադարեցնում են քննել Սիրիայից ապաստան հայցող փախստականների դիմումները։ Այլ կերպ ասած, Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացի փախստականներին ապաստան տրամադրել։
Նման որոշում են կայացրել Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան։
DW-ն մասնավորապես գրում է, որ Նիդերլանդների կառավարությունը ոչ լեգալ միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում խստացնում է հսկողությունը ցամաքային սահմանին։ Նիդերլանդների ապաստանի և միգրացիայի նախարար Մարժոլեին Ֆաբերն ասել է, որ իր երկրի կառավարությունը նպատակ ունի սահմանափակել անլեգալ միգրանտների հոսքը երկիր։
Բեռլինն էլ պարզաբանում է, որ սիրիացիների դեպորտացիայի հարց այս պահին չկա։ Սակայն Գերմանիան էլ իր հերթին է կասեցնում սիրիացի փախստականների ապաստանի դիմումների քննությունը։
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցչը տեղեկացնում է, որ ավելի քան 47 000 դիմումի քննարկում է կասեցվել։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը X սոցիալական ցանցում գրում է, որ շատ փախստականներ, որոնք պաշտպանություն են գտել Գերմանիայում, վերականգնել են Սիրիա վերադառնալու հույսը։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նախ՝ անդրադառնում է մինչ օրս գրանցված արտագաղթի պատճառներին․
«Փաստացի, սիրիացի ռազմական ուժերը 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո կարողացան վերացնել ընդդիմադիրների կես դարյա իշխանությունը: Տասնամյակներ տևած քաղաքացիական հակամարտության ընթացքում, որն ավելի ուշ վերածվեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, ավելի քան կես միլիոն մարդ սպանվեց, և 12 միլիոնը լքեցին իրենց տները: Խոսքը 2011-2016 թվականների մասին է, և այստեղ կա հիմնավոր կարծիք, որ եթե Ասադը հեռանար, օրինակ, 2011 թվականին խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ, երկիրը կխուսափեր քաղաքացիական պատերազմի ավերածություններից, 600,000 զոհերից, ավերված քաղաքներից»:
Գոյաբանական խնդիրների առաջ հայտնվելով, սիրիացիները ստիպված լքում են իրենց տները, ասում է միջազգայնագետը։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով Լաթաքիայի բնակիչներից մեկին, գրում է, որ Սիրիայի բնակիչները վաճառում են «սև օրվա» համար պահած դոլարներն ու ոսկին, քանի որ նրանց չեն տրամադրում ապրանքային կտրոններ, որոնցով քաղաքացիները կարողանում էին ցածր գներով հաց, բենզին և գազ ձեռք բերել։
«Հիմա այդ նույն տրամաբանությամբ, դուք պատկերացնում ե՞ք, քանի միլիոնավոր մարդիկ, ելնելով իրենց սեփական անվտանգությունից, փորձում են ապաստան գտնել հատկապես եվրոպական երկրներում: Եվ դա բնական է, որովհետև էքզիստենցիալ վտանգի տակ գտնվող մարդիկ փորձում են, բնականաբար, փախնել երկրից»։
Մեծ Բրիտանիայի իշխանություններն էլ նշում են, որ ուշադիր հետևում են Սիրիայում իրավիճակին և չեն բացառում Սիրիայից ժամանած մարդկանց ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումների դադարեցումը։
Արաբագետ Գոռ Գևորգյանը նշում է, որ հարցն ունի քաղաքական և իրավական հարթություն․
«Քաղաքական առումով տեղի է ունեցել իշխանափոխություն, որի պահանջը դրված է եղել տարբեր երկրների կողմից, քանի որ գործող իշխանությունը Ասադների չի ընկալվել շատերի կողմից և ասոցացվել է տարբեր ձևաչափերի, ձևակերպումների հետ: Եթե իշխանափոխություն եղել է, ուրեմն այդ երկրում ամեն ինչ պետք է լավ լինի` սա քաղաքական ընկալումն է, և դա նշանակում է, որ դուք կարող եք վերադառնալ։ Իրավական առումով արդեն դա ինչ ընթացակարգ է ենթադրում` դա արդեն պայմանավորված կլինի կոնկրետ երկրով` կլինի դա Գերմանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր»։
Սիրայից Հայաստան ապաստան հայցողների հավանականություն ևս կա, և միջազգայանգետները պնդում են, որ ՀՀ պետք է անի հնարավորը Հայաստան վերադառնալ ցանկացող Սիրայում գտնվող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի վերադարձն ապահովելու համար։ Նրանք հնարավոր են համարում նաև Սիրիայի քաղաքացիների Հայաստանում ապաստան հայցելու հավանականությունը։ Քանի որ Սիրայում հայկական համայնքը մեծ է, հնարավոր է՝ անսալով տեղի հայերի հավաստիացումներին, Սիրիայի այլազգի քաղաքացիների մոտ ևս ցանկություն լինի Հայաստան տեղափոխվելու, և պետք է պատրաստ լինել նաև նման զարգացումների։




