Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի մաս, գրում է Al Arabia-ն։
Իսրայելի վարչապետն այս մասին հայտարարել է Սիրիայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտին գրավելուց հետո:
Ելույթ ունենալով Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում՝ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր առաջին պաշտոնավարման ընթացքում Գոլնի բարձունքները իսրայելական ճանաչելու համար և նշել, որ «Գոլանը հավերժ կլինի Իսրայել պետության մաս»:
Իսրայելը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ Սիրիայից գրավել է լեռնային բարձրավանդակի մեծ մասը՝ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմում հետ մղելով սիրիական վերանվաճման փորձը:
Նեթանյահուն ասել է, որ բարձրադիր վայրերում իսրայելական վերահսկողությունը «ապահովում է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։
Հանգստյան օրերին նա հրամայել էր զորքերը տեղափոխել ՄԱԿ-ի կողմից հսկվող բուֆերային գոտի՝ Գոլանի արևելքում, այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը Սիրիայում տապալել են նախագահ Բաշար ալ-Ասադին:
ՄԱԿ-ը և Իսրայելի հարևանները դատապարտել են այդ քայլը, իսկ ՄԱԿ-ի խոսնակը երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները «խախտում են» Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականին կնքված համաձայնագիրը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բուֆերային գոտու գրավումը հաստատում է «Իսրայելի կողմից միջազգային իրավունքի կանոնների շարունակական խախտումը և նրա վճռականությունը սաբոտաժի ենթարկելու Սիրիայի՝ իր անվտանգությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորությունները»:
Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Ասադի կառավարության փլուզմամբ անվավեր են ճանաչվել համաձայնագիրը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բուֆերային գոտու գրավումը «սահմանափակ և ժամանակավոր քայլ է, որոնք ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ այդ քայլով Իսրայելը լրացնում էր վակուումը, որից կարող էին օգտվել ահաբեկչական խմբավորումները։ Ըստ Միլլերի՝ ԱՄՆ-ն ցանկանում է կայունություն տեսնել Իսրայելի և Սիրիայի հարաբերություններում և աջակցում է 1974 թ. տարանջատման մասին համաձայնագրի պահպանմանը։