ԿարևորՄիջազգային

Նիդերլանդները խստացրել է հսկողությունն իր սահմաններին

Նիդերլանդները երկուշաբթի օրվանից խստացրել է հսկողությունը Բելգիայի և Գերմանիայի հետ իր սահմանին։

Շենգենյան հարևանների հետ սահմաններին ստուգումները կտևեն վեց ամիս և կիրականացվեն ճանապարհներին և գնացքներում։ Օդանավակայաններում, ինչպես պարզաբանել է կառավարությունը, հսկողության կենթարկվեն միայն որոշ չվերթեր՝ կապված «անօրինական միգրացիայի կամ անդրսահմանային հանցագործության վտանգի հետ»։

Միջոցառումները առաջարկվել են աջակողմյան կոալիցիայի կողմից, որը գլխավորում է Գերտ Վիլդերսի հակամահմեդական ազգայնական Ազատության կուսակցությունը (PVV):

Չնայած քննադատություններին, Նիդերլանդների ապաստանի և միգրացիայի հարցերով նախարար Մարժոլեյն Ֆաբերն ասել է, որ իշխանությունների նպատակն է ավելի արդյունավետ դարձնել սահմանապահների աշխատանքը:

«Այդ միջոցները ձեռնարկում ենք, քանի որ ուզում ենք, որ միգրանտների հոսքը նվազի։
Եվ սա այս նպատակին հասնելու միջոցներից մեկն է»,- Լիմբուրգ նահանգում սահմանային անցակետ այցելության ժամանակ ասել է նախարարը:

Ըստ Նիդերլանդների De Telegraaf օրաթերթի՝ սահմանապահների թիվը գրեթե անփոփոխ է մնացել: Հրատարակության տվյալներով՝ աշխատանքի կընդունվի ընդամենը 50 նոր աշխատակից։

Նախարար Ֆաբերը հայտարարել է, որ ձեռնակված միջողները խորհրդանշական բնույթ չեն կրում։ «Դրանք անպայման ազդեցություն կունենան»,- վստահեցրել է պաշտոնյան։

Կարդացեք նաև

Back to top button