ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ո՞վ է կերտում Սիրիայի ճակատագիրը. Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի և «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի հաղթանակը

Սիրիան մտնում է պատմության նոր շրջափուլ։ Արդեն մեկ օր է, ինչ այդ երկրում իրադրության տերը ապստամբ ընդդիմադիր գործիչ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին է։ Ընդամենը տասը օր պահանջվեց նրա ղեկավարած «Հայա թահրիր ալ Շամ» շարժումից՝ տապալելու Սիրիան կառավարող Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունը։ Սիրիայի նոր առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի անունն այսօր արդեն դարձել է ինչպես ժողովրդական ցնծության, այնպես էլ միջազգային հետաքրքրության առարկա։ Ո՞վ է այս փուլում Սիրիայի ճակատագիրը կերտողը, և ի՞նչ է սպասվում այդ երկրին, որտեղ նոր բախումներ են կանխատեսում վերլուծաբանները։

Համացանցում կադրեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Դամասկոսի հողի վրա Ալլահի առաջ խոնարհվում Սիրիայի նոր ղեկավարը՝ Ասադների 53-ամյա իշխանությունը 10 օրում տապալած «Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին։

Ո՞վ է նախկինում համեմատաբար անհայտ այս գործիչը, և ինչո՞վ է հայտնի 42-ամյա Ջոլանին, որին կողմնակիցները ռեալիստ են համարում, հակառակորդները՝ պատեհապաշտ։

Հայտնի է, որ դեռ 21 տարեկանում՝ 2003 թվականին նա միացել է «Ալ Քաիդային»՝ պայքարելու Իրաքում ամերիկացիների դեմ։ 2016-ին Իրաքում ամերիկյան ուժերը նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման։ 2011-ին՝ բանտից դուրս գալուց հետո, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, նա ստեղծել է «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղը՝ «Ալ Նուսրայի ճակատը», որն ավելի ուշ վերանվանվել է «Հայաթ Թահրիր ալ Շամ»։

2016 թվականին Ջուլանին խզել է կապերը «Ալ Քաիդայի» հետ՝ ավելի պրագմատիկ և չափավոր դիրքորոշում որդեգրելով։ Նոր կերպարում նրա ծայրահեղական բառապաշարը փոխվել է, և Ջուլանին սկսել է դեմ հանդես գալ Արևմուտքի դեմ հարձակումներին։

Այդ շրջանում էլ նրա անվան շուրջ սկանդալ է առաջացել։ Ալ-Ջուլանիին մեղադրել են «պայքարի ընկերներին ծախելու և օտարերկրյա զինյալների մասին տեղեկություններ Արևմուտքին վաճառելու և այդ կերպ նրանց վերացնելու համար ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային օգնելու մեջ»։ 

Ջուլանին 2017-ին Սիրիայի հյուսիսում գործող իսլամիստ-արմատական բոլոր խմբավորումներին ստիպել է միանալ «Հայաթ Թահրիր ալ Շամ» կազմակերպությանը, որը ստանձնել է Իդլիբ նահանգի կառավարումը։

Իր հարցազրույցներում Ջուլանին խոստանում է, որ Իսլամի օրենքները բռնի ուժով չի պարտադրելու փոքրամասնություններին, վստահեցնում է, որ ինքը նրանց պաշտպանն է։

Չնայած դրան՝ իրավապաշտպանները նրա կազմակերպությանը մեղադրում են էթնիկ փոքրամասնությունների դեմ պատերազմական հանցագործությունների մեջ։

2018-ին ԱՄՆ-ն «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն՝ Ջուլանիի գլխի համար 10 մլն դոլար պարգև խոստանալով։ Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալած կազմակերպությունն ահաբեկչական են ճանաչել նաև ԵՄ-ն, ՄԱԿ-ը և Թուրքիան։

Նախօրեին, Դամասկոսի գրավումից ժամեր անց, Ջուլանիի կողմնակիցները Դամասկոսում նրան դիմավորել են «Ալլահ ակբար»՝ «Աստված մեծ է» վանկարկումներով։ Նա ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ։

«Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման հաջողությունը վերլուծաբանները պայմանավորում են ո՛չ միայն տնտեսական անկման և քաղաքական ճնշումների պատճառով ժողովրդական դժգոհությամբ, այլև Ասադների իշխանության տապալումով շահագրգռված արտաքին ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի աջակցությամբ։ Ռուսական և արևմտյան վերլուծաբանները նշում են, որ այս փոփոխությունը կարող է դառնալ Սիրիայի քաղաքական քարտեզի արմատական փոփոխության սկիզբը։

Իսրայելն արդեն տարածքներն ընդլայնելու գործընթաց է սկսել՝ հարվածելով Դամասկոսին, իսկ երկրի հյուսիսում կատաղի բախումներ են սկսվել թուրքամետ ուժերի և ԱՄՆ հովանավորությունը վայելող քրդական խմբավորումների միջև։ Տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածել՝ պրոթուրքական իսլամիստների կողմից քրդաբնակ շրջաններում իրականացրած խաղաղ բնակչության կոտորածների մասին։ 

Կարդացեք նաև

Back to top button