ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սասունցիները «ոչ հայեր» չեն, հայերն էլ բալկանյան ծագում չունեն․ ստեղծվում է պատմական Հայաստանի գենետիկական ատլասը

Հայ մասնագետներն արտասահմանցի գործընկերների հետ ստեղծում են «Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս»-ը։ Այն կարող է տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ուսումնասիրությունների համար օգտագործվում են ԴՆԹ տվյալներ։ Աշխատության հեղինակներն առաջին անգամ ուսումնասիրում են ամբողջական գենոմը  հայկական պոպուլյացիայում։

«Ո՞վ է ապրել Տիգրանակերտում՝ չգիտենք․ կան տարբեր, ոչ հավաստի տվյալներ, որ Տիգրանը բերել, բնակեցրել է այսքան հրեա»։

Որքանո՞վ են փռյուգիացիները, հրեաները կամ այլ ժողովուրդներ ազդեցություն ունեցել հայկական պոպուլյացիայի վրա, կարո՞ղ էին համշենցիները, սասունցիները լինել «ոչ հայեր»։ Այս հարցերի միջոցով է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը բացատրում «Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս»-ի ստեղծման կարևորությունը։

«Աշխատանքը կատարվում է համատեղության կարգով, եթե մենք չհամագործակցենք արտասահմանյան և Հայաստանի գործընկերների հետ, մեր աշխատանքը առաջ չի շարժվի։ Ուսումնասիրում ենք ԴՆԹ-ն, քանի որ դա է պարունակում ինֆորմացիան։ Դա և՛ ժամանակակիցն է, այսինքն՝ մեր, ձեր ԴՆԹ-ն է, և՛ նյութը, որը մենք դուրս ենք հանում կմախքներից, և դա ոչ միայն Հայաստանում իրականացվող պեղումների նյութն է»։

Ատլասի ստեղծման մեկնարկային քայլը «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» աշխատությունն է, որը նոյեմբերի 25-ին հրապարակվել է «The American Journal of Human Genetics» վարկանիշային գիտական ամսագրում։ Դրանում կա պատմաբանների և լեզվաբանների արմատացած տեսակետները հերքող 3 կարևոր եզրակացություն։ Առաջինն այն է, որ հայերի նախնիները պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում՝ նշում է Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր, ԵՊՀ գենետիկայի ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը։

«Շատ մոտ են իրար հայերի տվյալները արևմտյան, արևելյան խմբերից. սա 2-րդ եզրակացությունն է: Հաջորդը ցույց է տրվել շարունակելիությունը, այսինքն՝ 1000-ավոր տարիների ընթացքում գենոմների կառուցվածքի փոփոխություններ տեղի չեն ունեցել»։

Հոդվածի համահեղինակ Լևոն Եպիսկոպոսյանը մանրամասնում է՝ առաջին եզրակացության համար համեմատվել են հայերի և գիտական բաց աղբյուրներում առկա  բալկանյան ժողովուրդների ԴՆԹ արդյունքները։

«Մենք համեմատել ենք այստեղի նեոլիթյան շերտը, այնտեղի նեոլիթյան շերտին, բրոնզեդարն ենք վերցրել, և այդպես շարունակ։ Ոչ մի մակարդակում նմանություն չենք գտել։ Բացի դրանից, մենք նաև ենթադրական երթուղուն ենք հետևել՝ Բալկաններից մինչև Հայկական բարձրավանդակ, այնտեղ էլ են պեղումներ իրականացվել, թուրքերն են իրականացրել, սովորաբար գենետիկական տվյալները բոլորը բաց են։

Երբ մենք այդ ամբողջ ճանապարհի նյութն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ չկա նմանություն։ Այսինքն՝ զանգվածային գաղթ այնտեղից դեպի Հայկական բարձրավանդակ չի եղել։ Հոդվածում դա շատ մանրամասն գրված է»։

Հայ և օտարազգի գենետիկների խումբը հերքել է նաև սասունցիների՝ ասորական արմատներ ունենալու մասին տեսակետը։ «Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս»-ի ձևավորման համար հեղինակներն ունեն պահանջվող տվյալների 10%-ը։ Պահանջվող 250-300 նմուշների խումբն ամբողջացնելու համար Հայաստանում և արտերկրում շարունակում են հավաքվել հայերի տարբեր խմբերի ներկայում ապրող ժառանգների ԴՆԹ տվյալները։

Կարդացեք նաև

Back to top button