ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայաստանում ՀՆԱ-ն ավելացել է 5,2 տոկոսով․ ազդել են ներքին ու արտաքին գործոնները

Տնտեսական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են համախառն ներքին արդյունքի ձևավորման վրա։ Այս տարվա ինն ամիսներին մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն ավելացել է մոտ 5 տոկոսով։ Փորձագիտական դաշտում ցուցանիշի ավելացումը պայմանավորում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Մասնագետները նաև նկատում են՝ Հայաստանում համախառն ներքին արդյունքը ներառական չէ։ Ասվածի հիմքում վիճակագրական տվյալներն են։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազար 328 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 872 հազ. 832 դրամի փոխարեն։ Աճը 5․2 տոկոս է։ Վիճակագրական թվերի հետևում տնտեսական զարգացումներն են։ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է՝

«ՀՆԱ–ն տվյալ երկրում նոր ստեղծված արժեքն է՝ մեկ տարվա կտրվածքով։ Նախորդ տարվա համեմատ  Հայաստանում  5.2%-ով ավելի շատ ապրանք և ծառայություն է ստեղծվել»։

Մասնագետները կարևորում են հատկապես այն, թե ինչպես է ձևավորվել ՀՆԱ–ն։ Մասնագիտական բնութագրմամբ՝ արդյո ՞ք այն ներառական է, թե՞ ոչ, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները մասնակցել են ՀՆԱ–ի ձևավորմանը։ Տնտեսագետը նշում է՝ կոնկրետ Հայաստանում ՀՆԱ–ն այնքան էլ ներառական չէ, այն քիչ տնտեսվարողների մոտ է ձևավորվում։ Ասվածը վիճակագրական տվյալներով է հիմնավորում մասնագետը․

«Հայաստանում 90․000-ից ավելի գրանցված տնտեսվարողներ կան, բայց նրանցից միայն մոտ 1000–ն են, որ ստեղծում են ամբողջ ներքին արտադրանքի արժեքի 70%-ից 80%-ը։ Սա արդեն վտանգավոր թիվ է, այսինքն, ներառականությունը բնակչության տեսանկյունից մեծ չէ։ Այս առումով բնակչությունը թույլ կզգա իր վրա տնտեսական աճի ազդեցությունը։ Բայց, եթե պետությունը կարողանա վերաբաշխման ֆունկցիաների միջոցով իր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության միջոցով, սոցիալական քաղաքականության, բիզնեսին աջակցության շրջանակում իրականացնել վերաբաշխումներ, իրավիճակը կփոխվի»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ հարկային եկամուտների անվանական մակարդակը կամ եկամուտների բացարձակ թիվը ոչինչ չի նշանակում․

«Մենք այն դիտարկում ենք  մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջական արժեքի՝ համախառն ներքին արդյունքի հետ, ինչպես նաև այն համեմատում ենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ»։

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը նկատում է՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի աճին նպաստել է հատկապես առևտրի ոլորտը՝ թե մեծածախ, թե մանրածախ։ ՀՆԱ–ում տեսակարար կշիռը 13 տոկոս է կազմում։ Վերջին տարիներին ՀՆԱ–ի աճի հիմնական շարժիչ ուժը առևտուրն ու ծառայություններն են, բայց այլ ոլորտներ նույնպես նպաստել են աճին՝ արձանագրում է տնտեսագետը․

«Նույն ժամանակահատվածում բարձր է եղել նաև գյուղատնտեսության և մշակող արդյունաբերության ճյուղերի տեսակարար կշիռները՝ համապատասխանաբար 11.3% և 9.8%, որոնք որոշ չափով ևս նպաստել են ՀՆԱ-ի ընդհանուր ծավալների աճին։ Չնայած մեծ մասնաբաժնին, գյուղատնտեսության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 1.2%-ով։ Ավելի բարձր աճ էր գրանցվել ֆինանսաբանկային հատվածում՝ 24.5%, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության տեսակներում՝ 32.3%»։

Ինն ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․7 տոկոսով։ Այստեղ ՀՆԱ–ի աճից տարբերությունը նկատելի է։ Սա, մասնագետի բնութագրմամբ, պայմանավորված է նրանով, որ այստեղ անուղղակի հարկերը չեն ներառվում՝ ԱԱՀ–ն ու աքցիզային հարկը։ Ֆինանսաբանկային հատվածի ծառայությունները նույնպես ներառված չեն տնտեսական ակտիվության ցուցանիշում։ Փոխարենը դրանք ներառված են իրական ՀՆԱ–ում։

«Վերջին 10 տարիներին Հայաստանում ամենաբարձր աճը գրանցվել է 2022 թվականին։ 2023-ի տարեկան տվյալներով աճի տեմպը նախորդ տարվա համեմատ որոշ չափով նվազել է՝ կազմելով 8.7%։ 2023 թվականի ամփոփված տվյալներից պարզ է դարձել, որ գրանցվել է որոշակի փոփոխություն։ Զուգահեռաբար, զգալի աճ է գրանցել նաև արդյունաբերության ոլորոտում»։

Փորձագիտական դաշտում համակարծիք են՝ վերջին տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձևավորմանը նպաստել են նաև արտաքին գործոնները, մասնավորապես ռուս–ուկրաինական պատերազմը։

Կարդացեք նաև

Back to top button