Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Պենտագոն ԱՄՆ պաշտպանության քարտուղարը պատմական է որակում։ Ռազմական փորձագետները կարծում են՝ այս գնահատականը հիմքեր ունի․ սա վերջին 12 տարիների ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Պենտագոն։
Խոսվում է համագործակցության ընդլայնման մասին, որը փորձագետները ոչ պակաս կարևոր են համարում, քան սպառազինության մատակարարումը։ Սրան զուգահեռ Երևանը ՀԱՊԿ-ից հիշեցումներ է ստանում կառույցի նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Պենտագոն պատմական է որակում։
Լլոյդ Օսթին- Սուրեն Պապիկյան հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները։
Պապիկյանը հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը և ընդգծում, որ երկկողմ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել»։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Հայաստանի պաշտպանության նախարարի ամերիկյան այցի կարևորությունը բացատրում է երկու հանգամանքով։
«Եթե ճիշտ եմ հիշում, վերջին անգամ 12 տարի առաջ է եղել Հայաստանի ու ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպում, շատ երկար ժամանակ է դա։ Դա և հանդիպման ռազմավարական բնույթը, որը նախկինում չի եղել։ Հանդիպումներ եղել են, բայց կարծում եմ, որ ավելի սահմանափակ թեմաների շուրջ»։
«Այս պահին մենք տեսնում ենք, որ վերջին 2 տարին գոնե բավականին լուրջ զարգացում կա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հատկապես ռազմական և անվտանգային ոլորտներում։ Այստեղ էլ մենք տեսանք, որ քննարկվել են թեմաներ, որոնք այս պահին Հայաստանի համար բավականին կարևոր են, օրինակ՝ բարեփոխումները բանակի պարագայում»։
Ռազմական փորձագետը կարևորում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում սերժանտական դպրոցին, ամերիկյան պատվիարակությունների այցերը, ինչպես նաև հետաքրքրությունը կիբերանվտանգության ու մարտական պատրաստության հարցերում, որոնք ոչ պակաս կարևոր են, քան զենքի ձեռք բերումը՝ վստահեցնում է Լեոնիդ Ներսիսյանը։
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Օսթինը նշել է, որ ԱՄՆ պատրաստակամ է ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Պաշտպանության նախարարն էլ հաստատել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ այցի շրջանակում քննարկվել է նաև ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման հարցում համագործակցության հնարավորությունը։
Լեոնիդ Ներսիսյան. «Ինձ թվում է, որ մի 5-6 տարի առաջ շատ քիչ մարդ կհավատար, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կարող է լինել ներկայացուցիչ ԱՄՆ-ից, որը, ասենք, օգնում է հենց բարեփոխումների անցկացման գործընթացում: Բավականին լուրջ առաջընթաց է տեղի ունենում: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն բավականին մեծ երկիր է և ունի բյուրոկրատիա, ԱՄՆ երևի առաջին երկիրն է, որը ամենալուրջն է վերաբերվում աշխարհում՝ իր անվտանգությանը: Դրա համար այդ զարգացումը մենք տեսնում ենք երկու տարվա մեջ, բայց նաև տեսնում ենք, որ դա շատ արագ գործընթաց չէ: Առաջընթացը կա, բայց շատ արագ չէ, միջին տեմպերով»։
Ֆրանսիան ավելի արագ տեմպեր է արձանագրում ռազմական, պաշտպանական ոլորտներում համագործակցության առումով, սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն դանդաղ է գործում՝ հստակեցնում է փորձագետը։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն էլ առաջարկում է այցի կարևորությունը գնահատել՝ անկախ մի քանի հանգամանքներից։
«Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ, և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում: Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ»:
Մինչ Պենտագոնը խոսում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման մասին և պատմական է որակում Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Վաշինգտոն, ՀԱՊԿ-ը Երևանին հիշեցնում է իր պարտավորությունները։
Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով՝ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, նաև հավելել, որ այդ պարտքը կարող է երկու տարի չվճարվել, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն:
Մինչև այս հարտարարությունը ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանն իրեն, ըստ էության, ՀԱՊԿ-ից դուրս է համարում։ Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը հաջորդել էր ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել 2020 թ -ի արցախյան պատերազմին, քանի որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չէր:Այս առումով ՀՀ վարչապետն էլ հստակեցրել էր, որ խոսքը 2021-2022 թվականներին Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիայի մասին է։ Երբ արդեն ոտնձգությունը տեղի էր ունեցել և Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ համապատասխան քայլերի ակնկալիքով, այդ դիմումը անարձագանք էր մնացել։
«Այս իրադրությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումը ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձնում Հայաստանի Հանրապետության վերադարձը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Եվ ես կարծում եմ, որ մենք այդտեղ անդառնալիության կետը ըստ էության անցել ենք»:
ՌԴ նախագահ Պուտինի ձևակերպումը առաջացրել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի տարակուսանքը։
«Ես, ինչպես և կարծում եմ ցանկացած հայ, տարակուսած եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի մեկնաբանությունից, որովհետև ակնհայտ է, որ հարցը վերաբերվում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիային, այլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգային օրենքով ճանաչված տարածքի նկատմամբ ագրեսիաներին՝ Սև լիճ, Սյունիք (առանձին՝ նոյեմբերին) Ջերմուկ։ Այնպես որ ես նույնկերպ տարակուսած եմ ինչպես կարծում եմ մեր բոլոր քաղաքացիները»։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստանը դանդաղ, բայց գնում է ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։