
Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանը փորձում է նոր խոսույթ դնել շրջանառության մեջ՝ անդրադառնալով «վերադարձի իրավունքին»։ Բաքուն խոսում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների վերադարձի մասին՝ օգտագործելով այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը և հայտարարելով, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ համայնքի ներկայացուցիչների հետ ուղիղ շփմանը։ Պաշտոնական Բաքուն, սակայն, շրջանցում է Խորհրդային Ադրբեջանում ապրող 400 հազար հայերի վերադարձի, ինչպես նաև Արցախի բնակչության վերադարձի թեման։
Արդյո՞ք այս կետը կարող է «Խաղաղության պայմանագրի» բաղկացուցիչ մաս դառնալ․ հարցը քննարկվել է խորհրդարանական՝ այս տարվա վերջին ճեպազրույցի ընթացքում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այս պահին չեն մեկնաբանում հարցը, թե արդյոք «Խաղաղության պայմանագրի» հայ–ադրբեջանական բանակցություններում քննարկվում է «ադրբեջանցիների վերադարձի» հարցը, ինչպես նախօրեին ակնարկել էր Ադրբեջանի նախագահը՝ Հայաստանի տարածքի մասին խոսելիս օգտագործելով այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիմնավորում է, թե ինչու է հայկական կողմը զգուշավոր։
«Դա հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Ես այո, ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ-որ հնարավոր էր ասել մինչ այս պահը, և ինչ-որ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք: Բայց երբ ասես՝ այս թեման քննարկվում է, այս թեման չի քննարկվում, միգուցե փակես այդ թեման քննարկելու հնարավորության դուռն այլևս, կամ բացես: Դրա համար մենք չենք խոսում»:
Իրավական ձևակերպումների առումով արդյո՞ք կարելի է «վերադարձի իրավունքը» խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ադրբեջանցի և հայ փախստականների հարցը նույնականացնել արցախցիների՝ իրենց բնօրրանում ապրելու իրավունքի հետ․ «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանելով՝ Հովհաննիսյանը նշում է․

«Մենք խոսում ենք բանակցությունների մասին, և այստեղից ցանկացած հրապարակային դիրքորոշում հայտնել բանակցությունների պրոցեսի ընթացքում, նշանակում է տվյալ հարցը մտցնել փակուղի։ Եվ սրա համար՝ հարգելով ձեր հարցը և հետաքրքրվածությունը, պետք է խնդրեմ, որ պահպանենք բանակցությունների խորհրդապահական ռեժիմը։ Հրապարակային որևէ դիրքորոշում մենք չենք կարող հայտնել։ Դիրքորոշումները հայտնվում են բանակցությունների սեղանին, քննարկումների գործընթացում, և ոչ թե որպես վերջնական դիրքորոշում։ Գլոբալ առումով բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր իրավունքները ոտնահարված ամենատարբեր հարթություններում պահպանվում և հարգվում են, և մենք գնում ենք իրավունքների իրացման և խաղաղ գոյակցության միմյանց հետ՝ այդ տրամաբանությամբ հասնելով խաղաղության պայմանագրի վերջնական արդյունքի»։
Մինչդեռ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ «վերադարձի իրավունք»-ը քննարկելիս վտանգավոր է իրավական տարբեր խնդիրները դիտարկել նույն հարթության մեջ։
«Բնականաբար, անընդունելի է հավասարության նշան դնելը գործընթացների միջև մի շարք պատճառներով, սկսած բարոյական: Որովհետև հիշենք, թե ինչպես է իրականացվել Հայաստանում բնակվող խորհրդային միության տարիներին ադրբեջանցիների հեռացումը Խորհրդային Հայաստանից։ Կան փաստաթղթեր, երբ իրենց փոխհատուցումներ են տվել, կան փաստաթղթեր, երբ իրենց տրամադրվել է տրանսպորտ, անվտանգություն, և իրենց գույքը հետները տարել են։ Համեմատե՞նք Խորհրդային Ադրբեջանում, թե ինչպես է իրականացվել բախումները հրահրված, «պոգրոմները» և նմանօրինակ երևույթները։ Այստեղ որևէ զուգահեռ չկա, ես չեմ տեսնում ադրբեջանական կողմից բարի կամքի որևէ դրսևորում»։

Պատգամավորը թվարկում է՝ գերիներ չեն ազատվում, ՀՀ սուվերեն տարածքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինյալները, պետական մակարդակով շարունակվում է հակահայկական հռետորաբանությունը։ «Մեկ հայի վերադարձի դիմաց մեկ ադրբեջանցու վերադարձի» ադրբեջանական պահանջի վտանգների մասին խոսելիս՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը դիմում է օրինակների։
«Օրինակ, ադրբեջանցիները վերադառնան «արևմտյան Ադրբեջան» և ենթադրաբար, օրինակ, ինքնավարություն ստանան, դե որովհետև Մեղրիում ապրում էին, Կապանում ապրում էին, Ջերմուկում ապրում էին։ Լավ, չեք ուզում կոչեք «արևմտյան Ադրբեջան» երկիրը թող կոչվի Հայաստան, բայց այնտեղ պետք է լինի Ադրբեջանի ինքնավար Հանրապետություն։ Իսկ Հայաստանն այդ պահանջը ներկայացնո՞ւմ է՝ 400 000 հայ էլ պետք է վերադառնա։ Ադրբեջանը հայտարարե՞լ է, որ ինքը պատրաստ է ընդունի և պատրա՞ստ է ասել, այո, հայերը որ վերադառնան Նախիջևան, կստանան ինքնավարություն, որովհետև եթե ամբողջ խորհրդային տարածքը նայեիք՝ Կարաչաևոչերկեսկայա, Կաբարդինոբալկարսկայա «ավտոնոմնայա օբլաստ»․ ազգային փոքրամասնություններն էին ստանում ինքնավարություն Նախիջևանից և Ղարաբաղից բացի։ Համաձա՞յն է, որ հայերը վերադառնան Նախիջևան Ինքնավար Հանրապետության կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի կարգավիճակով։ Ինքը միակողմանի պահանջների մասի մասին է խոսում»։

Հայկական կողմն արցախահայերի վերադարձի իրավունքը գոյություն ունեցող ձևակերպումներով խուսափում էր դնել շրջանառության մեջ՝ Ադրբեջանից կիրառվող հայելային պահանջներից խուսափելու համար։ Այս հիմնավորումն է իշխանությունը ներկայացնում՝ ընդդիմադիրների հարցերին ի պատասխան։
Խորհրդարանական ընդդիմությունը գրեթե համոզված է, որ «վերադարձի իրավունքը» կարող է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագրի» նախագծում։ Սակայն այս պահին ընդդիմադիրները ծանոթ չեն քննարկվող փաստաթղթի նախագծին, քանի որ դեպի ԱԳՆ ճանապարհը փակվել է իշխանության որոշմամբ ու այն հիմնավորմամբ, որ հարցերը չշահարկվեն նախընտրելի տարբերակով։ «Հայաստան» խմբակցության չորս պատգամավոր այդ որոշումը վիճարկում է դատարանում։




