ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Կարմիր գծերի» գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց․ պատասխանող կողմը չներկայացավ դատարան

Վարչական դատարանում շարունակվում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որով վիճարկվում է  «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: Եթե վարչական դատարանում նախորդ նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` վստահորդի շահերը ներկայացնելու ունակ չլինելու հիմքով, այսօրվա նիստը հետաձգվել է պատասխանող կողմի բացակայության պատճառով։

Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակում է քննել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է  «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը:

Խմբակցությունը պահանջում է չեղարկել թանկացման որոշումը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու դրույքաչափերը, ըստ որոնց «Ա» գոտու մեկ տարվա վարձավճարը 12 հազար դրամից դարձել է 160 000, իսկ «Բ» գոտունը՝ 24 000 դրամ։

Եթե վարչական դատարանում նախորդ նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` վստահորդի շահերը ներկայացնելու ունակ չլինելու հիմքով, այսօրվա նիստը հետաձգվեց պատասխանող կողմի բացակայության պատճառով։

«Դատարանը որոշեց մերժել պատասխանող կողմի ներկայացուցչի դիմումը, որով խնդրվել էր դատական նիստը հետաձգել։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարցեր ունի պատասխանողին, որոնց պատասխանը չի ստացել, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պատասխանողի ներկայացուցչի՝ իր վստահորդի շահերը ներկայացնելու ոչ ունակ լինելու պատճառով, դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել և այն նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին»։

Դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության շահերը ներկայացնող Վահե Գրիգորյանը գրեթե վստահ էր, որ դատական նիստը նորից կհետաձվի կամ պատասխանող կողմի բացակայության, կամ էլ հարցերին պատասխան չունենալու պատճառով։

«Երևանի «կարմիր գծերի», այդ թվում նաև կապույտ գծերի հաստատման որոշումն ընդունած անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն կարողանում գտնել որևէ մեկին, ով կկարողանա սույն գործով դատավարության ընթացքում իրավական առումով պատասխանել՝ արդյո՞ք իրենց որոշումը, գոնե իրենց կարծիքով, համապատասխանում է սույն որոշման համար պարտադիր իրավական չափանիշներին: Երևանի ավագանու այն անդամները, ովքեր կողմ են եղել որոշմանը, չեն կարողանում գալ և հիմնավորումներ ներկայացնել իրենց իսկ ընդունած անհիմն որոշման համար»։

Ըստ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի՝ քաղաքային իշխանությունները խուսափում են ներկայանալ դատական նիստին, քանի որ իրավական պատախանատվություն չեն կարողանում կրել իրենց որոշման համար։

«Մեր պետության մեջ 13 անգամ թանկացումը ապօրինի է և անհիմն: Նրանց ներկայացրած գլխավոր կորիզային պատճառաբանությունը, թե ինչու է այս որոշումը անցկացվել, այն է եղել, որ կենտրոնը բեռնաթափվի: Կենտրոնը չի բեռնաթափվել, որովհետև նրանց ռեֆորմը ձախողված է, և նրանք պարտավոր են ունենալ քաղաքական պատասխանատվություն և հետ կանգնել այս որոշումից»։

Անցյալ տարեվերջին վարձավճարների բարձրացումը քաղաքապետարանը արդարացնում էր մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու ցանկությամբ։ Սակայն փաստն այն է, որ խցանումները շարունակում են անհարմարություններ պատճառել և կաթվածահար անել երթևեկությունը։ Փոխարենը, որքան էլ քաղաքային իշխանությունները պնդում էին, որ այս որոշումը ֆիսկալ նպատակ չունի, պաշտոնական վիճակագրությունը այլ բան է ասում։ Այսպես՝ հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ը «Ա» գոտում կայանելու համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար դրամ։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ «Ա» գոտու կայանատեղիների վճարի տարեկան դրույքաչափին համապատասխան վճարվել է շուրջ 545 մլն, իսկ «Բ» գոտու համար՝ 102 մլն դրամ։Ստացվում է, որ «Ա» գոտու համար տարեկան 160 000 դրամ միանվագ վճարել են ավելի քան 3 406 քաղաքացի, իսկ «Բ» գոտու համար՝ 4 250 քաղաքացի։ Նշենք, որ 2022-ին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե էր մտել 680 մլն, 2023–ին` 960 մլն դրամ, իսկ այս տարի արդեն 1,5 մլրդ։

«Ռադիոլուրը» հարցում է ուղարկել քաղաքապետարան և սպասում է պատասխանի։ Իսկ այս գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 9-ին։

Կարդացեք նաև

Back to top button