ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երեք ֆոնդ, ռիսկայինության երեք աստիճան․ ներդրումներն այստեղ տարբեր արդյունք կունենան

Ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա  «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները։ ԿԲ-ն օրենսդրական փոփոխություններով՝ կենսաթոշակային ֆոնդերում ներդրված գումարները մինչև 10 տոկոսի չափով հնարավոր է ներդնել իրական հատվածում։ Մինչ այդ ուղիղ ներդրումների հնարավորություն չկար։

Կուտակած գումարները ներդնել Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Խոսքն այս դեպքում կենսաթոշակային ֆոնդերում ներդրված գումարների մասին է։ Մինչև հիմա հավաքված գումարները ներդրվում էին տեղական կամ արտասահմանյան ֆինանսական գործիքներում։ Եվ ահա, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան կուտակած գումարները ներդնել նաև տնտեսության իրական հատվածում։

Առաջարկվում է փոխել նաև ներդրման առավելագույն չափը, ասում է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը․

«Եթե մինչև այս փոփոխությունը մեկ երկրում ներդրման առավելագույն չափը15% էր, այժմ ԱՄՆ ֆինանսական շուկայում հնարավոր է ներդնել մինչև 30 տոկոս։ Փոփոխությունների հիմնական իմաստն այն է, որ կապիտալի շուկայում ԱՄՆ կշիռը ամենամեծն է, և այդ 15%-ը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով դիվերսիֆիկացիա անել, այսինքն, ԱՄՆ շուկայում ավելի շատ ներդրումներ անել։ Հիմա այս պարագան դիվերսիֆիկացիայի հնարավորություն կտա»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նոր է, ֆոնդերը տարիների ընթացքում աճել են, բայց կապիտալի շուկան նույնքան արագ չի զարգացել։ Ուստի ստացվում է այնպես, որ այդ ֆոնդերի միջոցները տնտեսության իրական հատված չեն հասնում։

«Օրինակ՝ այդ գումարները ենթակառուցվածքների՝ ճանապարհաշինարարական աշխատանքների, դպրոցաշինության մեջ ներդնելու հնարավորությունները սահմանափակ են։ Այդ գումարները ներդրվում են կամ պետական պարտատոմսերում ու բանկերում, կամ որոշ մասը՝ արտասահմանում»։

Հայաստանում երեք տիպի կենսաթոշակային ֆոնդ կա՝ հավասարակշռված, պահպանողական ու կայուն եկամտային։ Դրանց բնույթով էլ պայմանավորված՝ այս փոփոխությունը որոշակի ազդեցություն կունենա ֆինանսական համակարգի վրա։ Կայուն եկամտային ֆոնդերի միջոցները ներդրվում են կայուն եկամուտ ունեցող գործիքներում, օրինակ՝ ավանդներում և դրանք բաժնեթղթային գործիքներում նեդրվելու հնարավորություն չունեն։

«Ուստի այս փոփոխությունների ազդեցությունը դրանք էականորեն կրել չեն կարող։ Միջին ռիսկային ֆոնդերը պահպանողական ֆոնդերն են, որոնց միջոցները, բացի կայուն եկամտաբերություն ապահովող գործիքներից, կարող են ներդրվել առավել ռիսկային գործիքներում, օրինակ՝ բաժնետոմսերում»։

Նարինե Պետրոսյանն ընդգծում է, որ իրականացվող փոփոխությունները առնվազն ֆոնդի կառավարչներին հնարավորություն են տալիս պահպանողական ֆոնդերում ներդրված միջոցների շուրջ 35 տոկոսը  ներդնել բաժնետոմսերում։ Հիշեցնում է, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքում գերակշռողը պահպանողական ֆոնդերն են՝ 90 տոկոս, ուստի այս փոփոխությունները կարող են էականորեն նկատելի լինել, հնարավորություն տալով ֆոնդի կառավարիչներին ներդրված միջոցների շուրջ 35 տոկոսը օգտագործել բաժնետոմսերում։ Ֆոնդերի ամենառիսկային ֆոնդի՝ հավասարակշռվածի միջոցները կիսով չափ ներդրվում են արդեն ռիսկային գործիքներում։

«Այս փոփոխությունները մի կողմից ֆոնդերի կառավարիչների համար հնարավորություն է ուղղակիորեն ընտրել ընկերություն ու ներդրումներ կատարել, մյուս կողմից նաև ռիսկն է բարձրացնում ներդրումները կորցնելու կամ մի մասը ռիսկի ենթարկելու տեսանկյունից։ Համաշխարհային տնտեսությունում ակտիվների գները խիստ տատանողական են։ Փոփոխությունները ներդրումները կավելացնեն, թե ոչ՝ ժամանակ է պետք»։

Վիճակագրության համաձայն, շուրջ 650 մլրդ դրամ կա կենսաթոշակային ֆոնդերում։ Գումարի 35%-ը արտարժույթով է, 65%-ը դրամով։

ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան․ «Սա նշանակում է, որ 65%-ը Հայաստանի Հանրապետության ներսում է։ ՀՀ պետական պարտատոմսերի մեջ ներդրումները 42%- են կազմում։ Ներդրումները ԱՄՆ-ում են, Եվրոպայում, Ճապոնիայում: Առաջընթաց ունի Միացյալ Նահանգները: ՀՀ-ում կորպորատիվ թղթերում ներդրումները, ըստ էության, պարտատոմսեր են, որովհետև շատ թողարկումներ չկան։ Միայն մեկ դեպք եղել է, երբ մենք ունեցել ենք IPO, որտեղ որ ներդրում են արել մեր ֆոնդերը՝ Team Telecom-ն է»։

ՀՀ-ում պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է 2014 թվականից։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել։ Կենսաթոշակային 63 տարին լրանալուն պես մասնակիցները սկսում են ստանալ կուտակային կենսաթոշակ։ Շահառուների խումբը գումարը կստանա 2037 թվականից։

Կարդացեք նաև

Back to top button