ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սպանդանոցային ծառայությունները հասանելի կդառնան համայնքներին

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում։ Դա պայմանավորված է վարչապետի հանձնարարականով համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ։

Լիզինգի ծրագրի շահառու կդառնան նաև համայնքները: Ծրագրով լիզինգառուի ստանձնած պարտավորությունների մոնիթորինգը կվերապահվի շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործան վայրի մարզին, համայնքին: Գործող ծրագրով սահմանված է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուն պարտավորվում է որոշակի բնակավայրերում սպանդանոցային ծառայություններ մատուցել, մինչդեռ այդ պարտավորությունների նկատմամբ մոնիթորինգ նախատեսված չէր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյան․ «Ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգ»:

Վարչապետն արձագանքում է՝  ծրագրով առաջինը համայնքները դառնում են լիզինգի ծրագրի շահառու․ «Հատուկ շեշետադրում ենք անում շարժական շրջիկ սպանդանոցների համար։  Սահմանում ենք, որ պետք է մեր մարզպետները սահմանեն ու հաստատեն, որ որոշ բնակավայրերում այդպես գործելու անհրաժեշտություն կա»։

Մինչև լիզինգի ավարտը մոնիթորինգ  կիրականացվի, որպեսզի լիզինգով հատկացված միջոցներն ու սարքավորումներն ըստ նպատակի ծառայեցվեն։ Այս փոփոխությունն արվում է հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային մորթը ապահովելու համար։

«Ռադիոլուրի» զրուցակից Արման Սաղաթելյանը Սևանից է։ Նա շուրջ 50 մլն դրամի ներդրում  է արել ու սպանդանոց հիմնել։ Ասում է՝ անգամ Չինաստանից մասնագետներ է հրավիրել, բայց սպանդանոցն այդպես էլ չի գործել․ «Իմը խորհրդային տարիների սպանդանոց է, այն վերանորոգել եմ։  Մարդիկ չգիտեն՝ ինչպես  անեն, որ  սպանդանոցը աշխատի»։

Սպանդանոցները չեն վերցնում մորթված անասունի գլուխը, լյարդը, կաշին, մինչդեռ, եթե գյուղացին բակային մորթ անի, նաև դրանից գումար կաշխատի։ Արման Սաղաթելյանն ասում է՝ չեն վերցնում, քանի որ կան հիմնավոր պատճառներ։

«Պիտի բացեք մսի կոմբիանտներ, որ ամեն մեկը մի բան ընդունի, օրինակ՝ կաշին գլուխը, ոտքերը, արյունը, աղիքները։ Ոչ մի սպանդանոց թափելու տեղ չունի, ա՛յ դրա հարցը պետք է լուծել»։

Արմեն Ամիրաղյանի սպանդանոցը Նոյեմբերյան քաղաքում է գործում։ Ասում է՝ միջին հաշվով օրական երկու խոշոր անասուն են ունենում, օրեր են լինում, որ մորթ չեն էլ իրականացնում։

«Եթե տեսչությունը շատ խիստ վերաբերվի, անպայման կբերեն, եթե մի անգամ տուգանեց 300 հազար դրամ, հետո՝ 1 մլն, գյուղացին անպայման սպանդանոց կբերի։  Մինչև գրպանին չկպնես, չի գործելու»

Կառավարությունը վերջերս հաստատեց նաև սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։ Ըստ այդմ, ԱԱՀ վճարող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն կտրամադրվի։

Դա հավասար մրցակցային պայմաններ կապահովի ԱԱՀ վճարող և  շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների միջև: Այդ որոշումը կարևոր է ոչ միայն սննդի անվտանգության, այլև գյուղատնտեսական արտադրանքի իրացմամբ զբաղվողների հարկային կարգապահության, հարկային կանոններին համապատասխանության տեսանկյունից՝ բացատրում են կառավարությունում:

Կարդացեք նաև

Back to top button