Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Իսրայելը Գազայում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում։
Ըստ կազմակերպության՝ իրենց «հետազոտությունները բավարար հիմքեր են գտել եզրակացնելու, որ Իսրայելը կատարել է և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների նկատմամբ գրավյալ Գազայի հատվածում»։
«Իսրայելը կատարել է գործողություններ, որոնք արգելված են Ցեղասպանության մասին կոնվենցիայով, հատուկ նպատակ ունենալով ոչնչացնել Գազայի պաղեստինցիներին: Այս գործողությունները ներառում են սպանություններ, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքներ պատճառելը և Գազայի պաղեստինցիներին դիտավորյալ կյանքի այնպիսի պայմանների մեջ դնելը, որը նախատեսված է նրանց ֆիզիկական ոչնչացման համար»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:
Իսրայելը կտրուկ, պաղեստինցիները գոհունակությամբ են արձագանքում
Իսրայելը հերքում է մեղադրանքները։ «Amnesty International տխուր և մոլեռանդ կազմակերպությունը հերթական անգամ պատրաստել է մի շինծու զեկույց, որը լիովին կեղծ է և հիմնված է ստի վրա»,- այսպես է արձագանքել մեղադրանքին Իսրայելի ԱԳՆ-ն։
Amnesty International-ի Իսրայելի մասնաճյուղը եւս հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ ներգրավված չի եղել զեկույցի պատրաստման աշխատանքներին։
Ի հակադրություն՝ Amnesty International-ի եզրահանգումը ողջունում է պաղեստինյան կողմը։ «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հարցաքննի և պատասխանատվության ենթարկի Իսրայելի օկուպացիոն պետությանը»,- ասում է պաղեստինցի Իյադ Աբու Մուստաֆան՝ Խան Յունիսից։
ՄԱԿ-ում Պաղեստինը Իսրայելին մեղադրում է «էթնիկ զտումների» մեջ
ՄԱԿ- ումՊաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել է Գազայում «էթնիկ զտումների»։ Մանսուրը հայտարարել է, որ բռնությունները դադարեցնելու միակ միջոցը հրադադարն է՝ պատանդներին և կալանավորներին ազատ արձակման հետ միասին։
Եգիպտոսն ու Կատարը հայտնել են խաղաղության վերականգնման ուղղությամբ իրենց միջնորդական ջանքերի մասին։
Մինչև հիմա Իսրայելը հրադադար է կնքել միայն «Հեզբոլլահ»-ի հետ Լիբանանում ընթացող զուգահեռ պատերազմի շրջանակներում՝ դադարեցնելով այնտեղի մարտերը։ Սակայն Գազայի պատերազմը շարունակվում է՝ ընդամենը մեկ կարճատև, մեկշաբաթյա հրադադարով, որը եղել է ավելի քան մեկ տարի առաջ։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանը




