
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են․ այս մասին կազմակերպության 2024-ի գործունեության արդյունքների ամփոփման և 2025-ի առաջնահերթություններն ու խնդիրները ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։
Իմանգալի Տասմագամբետովն անդրադարձել է կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակին, հավաքական անվտանգության համակարգի զարգացման հեռանկարներին և Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակին։ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները հատկապես ուշադրության կենտրոնում են՝ հաշվի առնելով որոշ տարաձայնություններ՝ շեշտել է Տասմագամբետովը։
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները շարունակում են պահպանվել՝ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ տեսակամրջի ձևաչափով կայացած ասուլիսում։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների ներկայիս ձևաչափը Տասմագամբետովը պայմանավորում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ։
«Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքի լիածավալ մասնակցությանը․ որեւէ առարկություն չկա»։
Ինչպես հայտնի է՝ Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին։ Աստանայում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովից հետո, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պարտավոր չէր ռազմական գործողություններ իրականացնել այնտեղ, քանի որ Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես իր տարածք։
Քաղաքագիտական շրջանակներում եղան կարծիքներ, որ Պուտինի դիրքորոշումը ոչ միայն բացատրում է ՀԱՊԿ-ի չմիջամտելու պատճառները, այլև հստակ ուղերձ է Երևանին՝ հստակեցնելու իր քաղաքական ռազմավարությունը։ Որոշ փորձագետների գնահատմամբ էլ՝ ՌԴ նախագահի հայտարարությունն արտացոլում է Մոսկվայի աճող ցանկությունը՝ չխառնվել հակամարտություններին, որտեղ չկա իր ուղղակի շահը։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է. «2021 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ 500 մլն դոլարի պայմանագիր ստորագրեց՝ զենքի մատակարարումների վերաբերյալ, Ռուսաստանը չիրականացրեց այն և Հայաստանին թողեց թույլ և խոցելի։ Դրա հետևանքով Ադրբեջանը մի քանի անգամ սահմանում ագրեսիա կիրառեց»։
Քաղաքագետը շեշտում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտեց զենքի մատակարարումների դիվերսիֆիկացիային, քանի որ դաշինքի շրջանակներում Հայաստանին արգելված էր արևմտյան զենք ձեռք բերել։
« «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, չէր կարող արևմտյան զենք ձեռք բերել, քանի որ ՆԱՏՕ-ի հակառակորդ համարվող այս դաշինքի անդամ լինելը խոչընդոտ էր այդ գործընթացին»։
ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորը հակասությունների առիթ դարձան, երբ 2023 թվականին ՀԱՊԿ-ը գնահատական չտվեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և չպատասխանեց Հայաստանի բարձրացրած հարցին․
«Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ և անգամ անվանել է այն «անվտանգության սպառնալիք»։
«ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։
Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դրա համար եմ հարց բարձրացնում։ Ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմանը հայտնի չէ, թե որտեղով է անցնում, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գոյություն չունի։ Որովհետև կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով։ Եթե պետություններից որևէ մեկը չունի սահման, այդ տրամաբանությամբ, նշանակում է՝ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի պատասխանատվության գոտի, նշանակում է՝ չկա կազմակերպություն և սա շատ լուրջ խնդիր է»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել էր այս հայտարարություններին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն սպառնալիք չէ իր անդամ երկրների համար, այլ կոչված է պաշտպանելու նրանց ինքնիշխանությունը։
Կվերադառնա՞ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիածավալ աշխատանքներին․ փորձագիտական շրջանակում այս հարցով համակարծություն չկա։
Փաշինյանը սեպտեմբերին հարցի առնչությամբ հայտարարել էր՝ Հայաստանը կվերականգնի իր լիարժեք գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ:
«Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլև ակնհայտ է, որ չեն հնչելու: Որքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, այդքան Հայաստանը հեռանում է ՀԱՊԿ-ից»,-ընդգծել էր Փաշինյանը։




