ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խնդիրների մի մասը օբյեկտիվ էր, գործադուլը՝ անօրինական․ մասնագետները ավտոբուսի վարորդներին առաջարկում են արհմիություն ստեղծել

Աշխատանքի ապօրինի դադարեցում․ սա «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների բողոքի ակցիայի իրավական գնահատականն է։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ասում է՝ որքան էլ գործադուլը սահմանադրական, միջազգային իրավափաստաթղթերով ընդունված հիմնարար աշխատանքային իրավունք է, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն է սահմանում գործադուլ իրականացնելու ձևն ու ժամկետը։ Ըստ այդ կարգավորման, մինչև գործադուլ անելը, աշխատակիցները պետք է սպառած լինեին կոլեկտիվ վեճի լուծման բոլոր մյուս հնարավորությունները․

«Ինքը անօրինական գործադուլ է, ցավոք, ինչքան էլ, որ ես համաձայն եմ վարորդների ներկայացրած պահանջներին, որ, այո, որպես աշխատանքային իրավունքների պաշտպան, ես համաձայն եմ բարձրացված հարցերին, որ իրենց պայմանների հետ կապված խնդիրներ կան, արտահագուստի հետ կապված խնդիրներ կան, այդ թվում՝ դրանք ձեռք բերելու հետ կապված խնդիրներ կան, խնդիրներ կան տարրական հիգիենայի հետ կապված»։

Գործադուլ հայտարարելու իրավունքը արհեստակցական կազմակերպությանն է։ Իսկ դրա բացակայության դեպքում ՝ աշխատողների ընդհանուր ժողովում ընտրված ներկայացուցիչը պետք է դիմի արհմիության համապատասխան մարմնին և ստեղծվի գործադուլային կոմիտե՝ ասում է Էլեն Մանասերյանը․

«Գործադուլ իրականացնելուց առաջ պետք է կոլեկտիվ վեճի բոլոր լուծման ուղիները սպառել, այդ թվում՝ ունենալ հաշտեցման հանձնաժողով, որը պիտի քննարկեր այս հարցը 7 օրվա ընթացքում։ Եթե հաշտեցման հանձնաժովում վեճը չէր լուծվի, ապա նոր կողմերը կարձանագրեին, որ հաշտեցման հանձնաժողովը ի վիճակի չի եղել կոլեկտիվ վեճը լուծելու և իրենք գնում են գործադուլի»։ 

Մանասերյանի խոսքով՝ դեռևս մայիսին վարորդները ստացել են արհեստակցական միություն ձևավորելու առաջարկ հենց արհմիությունների կոնֆեդերացիայից, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել․

«Նույն վարորդները դեռևս մայիսին ստացել էին նման առաջարկ՝ ստեղծելու արհեստակցական կազմակերպություն, որպեսզի իրենց խնդիրները շուտ, ավելի հեշտ և արագ լուծվեին։ Ես հասկանում եմ գործատուներին, որ ասում են՝ ես ամեն մեկի հետ հերթով չպիտի խոսեմ, հերթով գալիս են։ Այո, հերթով պիտի գան քանի չունեն արհմիություն»։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը խնդրին այլ տեսանկյունից է մոտենում։ Ասում է՝ եթե ժամանակին պետությունը, ի դեմս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ականջալուր լիներ խնդրին և պարբերաբար այցելեր «Երևանի ավտոբուս» ընկերություն, վարորդները նման քայլի չէին գնա․

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վաղուց պետք է դիտարկեր ընկերությունը բարձր ռիսկայնության գոտում։ Եթե ներառված լիներ բարձր ռիսկայնության գոտում, ստուգումների տարեկան պլանով կմտներ, կստուգեր, ոչ մի ահազանգի չէր սպասի, որովհետև այնպես չէ, որ իրենք տարեկան պլանով ստուգում չունեն, միայն բողոքի դեպքում են գործում։ Տարեկան պլանով կմտներ, կսուգեր, կտեսներ սանիտարական խայտառակ վիճակ, ժամանակավոր կասեցում կտար, որովհետև վիճակը վատ է, և այդ պայմաններում մարդը չի կարող աշխատել, աշխատողներն էլ, բնականաբար, աշխատանքի գնալու իրավասություն չէին ունենա։ Հիմա գործադուլի չէին գնա»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչդեռ, նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր՝ քաղաքապետարանն անում է առավելագույնը վարորդների իրավունքները պաշտպանելու համար․

«Բոլոր այն հարցերը, որոնք բարձրաձայնվել են, նախկինում լուծումները, էսպես ասած՝ ածանցյալ ձևերով լուծումները, բոլորը ստանում են, նորմալ ընթացք է։ Վստահաբար չենք կարող ասել, որ քաղաքապետարանը ջանք չի գործադրում, կան հարցեր, որոնք ամբողջապես լուծվել են»։

Բարձրաձայնված որոշ խնդիրներ արդեն լուծվել են՝ վստահեցնում է քաղաքապետը։ Օրինակ՝ վարորդները աշխատանքի ավարտից հետո իրենց տուն հասցնող մեքենա են պահանջել, և քաղաքապետարանը տրամադրել է, զուգարանների հարցն էլ լուծման փուլում է։ Քաղաքապետարանը նաև պատրաստ է վճարել արտաժամյա աշխատանքի համար․

«Ամենակարևոր հարցը, արտաժամյա աշխատանքի համար օրենսդրությանը համապատասխան 2025-ից, նույնիսկ դեկտեմբերից ամբողջապես վճարելու ենք, և էդ պարտավորությունը ստանձնել ենք»։ 

Քաղաքապետարանը 32 վարորդի հեռացրել է աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածներով, որոնցով գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողի արարքի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արամ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման դեպքում գործատուն իրավունք ունի առանց ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրրը․

«Եթե գործատուն ազատել է Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այսինքն,  կատարել է (աշխատակիցը-խմբ․) այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս, նաև 113-րդ հոդվածով՝ վստահությունը կորցնելու հիմքով, ապա այս 2 հոդվածներն էլ ունեն Վճռաբեկի որոշումը, համաձայն որի, եթե վստահություն կորցնելու հիմքով ազատվել է, ապա կարող է գործատուն առանց ծանուցելու ազատել։ Աշխատանքային օրենսդրությունը դա է ասում»։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էլ փոխանցում է՝ աշխատանքից ազատված վարորդներից ոմանք արդեն կապ են հաստատել քաղաքապետարանի հետ՝ քննարկելու աշխատանքի վերադառնալու հնարավորության հարցը․

«32 ազատված վարորդների ամեն մեկի մասով առանձին մոտեցում է լինելու, այսինքն, բոլոր էդ վարորդների մասով մենք քննարկումներ ենք ունենալու, նաև հետագայում իրենց հետ ենք խոսելու, որպեսզի հասկանանք՝ եթե հնարավորություն կա իրանց վերադարձի, դա արդեն աշխատանքային կարգով մեր գործընկերների հետ կհասկանանք»։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի՝ D կարգի վարորդներ փնտրելու հայտարարությանը, Կոստանյանը նշում է՝ քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս, որոնց շահագործման համար անհրաժեշտ է 342 վարորդ՝ հերթափոխով աշխատելու համար, իսկ 32 վարորդների փոխարեն արդեն սկսել են աշխատել պահուստային ռեժիմում գտնվող վարորդները։

Կարդացեք նաև

Back to top button