ԿարևորՔաղաքական

Անդառնալիության կետն անցել ենք. վարչապետը՝ ՀԱՊԿ մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ փաստաթղթերի քննարկմանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիտարկմանը, թե Հայաստանը «աջակցում է բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են այսօրվա [ՀԱՊԿ Աստանայի գագաթաժողովի. խմբ.] մեր հանդիպման ժամանակ։ Եթե դա այդպես է, ապա հնարավորություն կա, որ Հայաստանը կվերադառնա այս միավորման լիարժեք աշխատանքին»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման, մենք, ըստ էության, վետտո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ դնում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն: Կարծում եմ, որ մենք այդտեղ անդառնալիության կետն արդեն անցել ենք»:

Կառավարության ղեկավարը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե Հայաստանի դեմ որեւէ ագրեսիա չի եղել, ասել է. «Մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021, 2022 թվականներին եղել են տարածքային ոտնձգություններ՝ ագրեսիա»:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ն հայտարարել էր, որ դա իրենց պատասխանատվության գոտին չէ, բայց, ինչպես նշել է այսօր վարչապետ Փաշինյանը, «գործընկերները շեշտել են, որ իրենց համար Հայաստանի սահմաները կարմիր գիծ են։

«Երբ որ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ինչ ենք ասել, ասել ենք՝ հարգելի գործընկերներ, էն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք՝ սահմանը դելիմիտացված չէ, մենք էլ ասել ենք՝ բա էդ դեպքում որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվեք այդ գիծը, որպեսզի հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, իրենք մեզ դեռ ցույց չեն տվել: Եվ ես ասել եմ, որ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի»:

Կարդացեք նաև

Back to top button