
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որոշ վարորդների համբերության բաժակը քաղաքի կանգառների չափ լիքն է։ Առավոտյան ժամը 6-ին աշխատանքի գնալու փոխարեն հայտարարում են՝ աշխատում են արտաժամյա, անում՝ աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործեր․
«1 ամիս առաջ մեզ խոստացել են, թե ձեզ համար ամեն ինչ լավ է լինելու, ձեր աշխատավարձը բարձրանալու է, զուգարանի հարցը լուծելու ենք։ Ընդհուպ մինչև աշխատակազմի հարցեր ենք քննարկել, լվացարան, հավաքարար։ Էդ ավտոբուսը, որ սիրուն դուրս է գալիս քաղաք, դա վարորդների շնորհքն է, ով չի հասցրել, ես եմ արել։ Մենք, բացի վարորդից, ամեն ինչ ենք»։
Հանրային տրանսպորտից օգտվելու վերջին փոփոխություններից հետո վարորդները դարձել են «զրահաբաճկոն» կառավարության ու հանրության միջև՝ իրավիճակը 1 նախադասությամբ ներկայացնում է վարորդներից մեկը։ Նրա խոսքով՝ երբ քաղաքացիները հրաժարվում են 100 դրամանոցով վճարել կամ, օրինակ, չի աշխատում QR կոդը, վերջիններս վարորդներից են պահանջում լուծել խնդիրը, հաճախ էլ լեզվակռվի մեջ մտնում․
«Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են՝ դու վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի գնա․ ուղևորին ընդամենը ասել ես, հարգելիս, ուղեվարձը վճարի։ Էդ նույն հաջողությամբ՝ հնդիկը բարձրանում է, մի հատ 200 դրամ է ցույց տալիս, ասում է՝ չունեմ, ասում ես՝ նստի։ Ուրեմն ժողովուրդը, որ էդ գումարը չունի, ի՞նչ ասեմ, ասեմ՝ իջի, գնա՞։ Երեխան գիրկը նստում է, ասում՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի՞»։
Վարորդները նաև բարձրաձայնում են զուգարան չունենալու, իրենց համազգեստների համար քաղաքապետարանին վճարելու խնդիրներ։

Մինչ քաղաքը սպասում է տրանսպորտին, շատերն ուշանում են, քաղաքապետը վարորդների չաշխատելը շանտաժ է որակում, որին, ասում է, մայրաքաղաքային իշխանությունը չի տրվելու։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրատապ հրավիրված մամուլի ասուլիսը սկսում է՝ լրագրողներին հորդորելով չօգտագործել «գործադուլ» բառը։ Բացատրում է՝ գործադուլն օրինական գործընթաց է․ բոլոր աշխատողները կարող են գործատուից բողոք ունենալ և չաշխատել, բայց՝ միայն օրենքով սահմանված կարգով։ Ըստ այդ կարգավորման՝ աշխատակիցներն առնվազն 14 օր առաջ պիտի զգուշացնեն գործատուին։ Գրիգորյանի խոսքով՝ վարորդները նախօրոք չէին զգուշացրել չաշխատելու մասին, ինչն աշխատանքային օրվա առաջին կեսին լուրջ խնդիրներ է առաջացրել․
«Իհարկե, ավելորդ է երևի արդեն նշել, որ էսօրվա գործողության մասին ոչ մի նախնական, թեկուզ 1 օր շուտ ծանուցում չի եղել, և, ինչը ավելի կարևոր է, անգամ եթե պատկերացնենք, որ 14 օր շուտ մեր վարորդները մեզ ծանուցեին, որ գործադուլ պետք է անեն, աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է, որ էս պայմաններում անգամ պետք է ապահովվեն նվազագույն պահանջներ, որպեսզի հանրության վրա էդ գործադուլը չանդրադառնա։ Ուստի, էսօրվա գործողությունը ոչ մի կերպ գործադուլ անվանել հնարավոր չի, սա շանտաժ է և, ըստ էության, էս գործողությամբ փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ ասենք՝ դե լավ, ժողովուրդ ջան, եկեք մի հատ ինչ-որ կոմպրոմիսի գանք»։

Փոխքաղաքապետի ձևակերպմամբ՝ վարորդների դժգոհության գլխավոր պատճառն այն է, որ միասնական տոմսային համակարգին անցնելու հետևանքով ստվերային վճարումների կրճատմամբ վճարվում է նաև նրանց գրպան գնացող գումարը։ Գրիգորյանը հիմնավորում է՝ նոյեմբերի 1-ից, երբ պարտադիր դարձան 100 դրամանոց մետաղադրամները կամ QR կոդով տոմսերը, աշխատանքային օրերին նախկին 18 միլիոն դրամի փոխարեն հավաքվում է 23 միլիոն, 13-ի փոխարեն՝ 18 միլիոն դրամ։ Փոխքաղաքապետը փոխանցում է՝ Տիգրան Ավինյանը վարորդներին աշխատավարձը բարձրացնելու որևէ խոստում չի տվել։
«Պարբերաբար էդ հարցին մենք վերադառնալու ենք՝ ըստ համակարգի ներդրման, ըստ ստվերի կրճատման, ըստ առկա ծախսերի եւ հավաքվող գումարների, դրա մասին բազմաթիվ անգամ ասվել է եւ ոչ միայն քաղաքապետի կողմից, եւ ոչ միայն վարորդներին, դրա մասին արդեն խոսվել է նաեւ հանրային։ Բայց որ ձեր աշխատավարձը 150 000 դրամով բարձրացվելու է՝ նման խոստում չի տրվել»։
Այդուհանդերձ, վարորդների բարձրացրած որոշ խնդիրներ օբյեկտիվ է գնահատում փոխքաղաքապետը։ Զուգարանների հարցը, օրինակ, լուծման փուլում է, հանձնարարություններ եղել են։ Ինչ վերաբերում է համազգեստները քաղաքապետարանից 15 հազար դրամով ձեռք բերելուն, ապա, փոխքաղաքապետի խոսքով, վարորդներն ազատ են դրանք գնել ցանկացած այլ տեղից՝ ավելի մատչելի։
«Ես եթե չեմ սխալվում, ժամանակին էդ գինը եղել է ավելի բարձր, և հենց ՓԲԸ-ի ղեկավարության բանակցությունների արդյունքում էականորեն իջեցվել է, բայց նաեւ ,եթե չեմ սխալվում, որեւիցե սահմանափակում, թե որտեղից պետք է էդ հագուստը ձեռք բերվի, չկա»։
Ինչո՞ւ քաղաքապետարանի որևէ ներկայացուցիչ վարորդների հավաքատեղի չգնաց․ Գրիգորյանը պատասխանում է՝ նույնիսկ ամենաօբյեկտիվ խնդիրը, այսպես հանպատրաստից չաշխատելով ու հանրությանն անհանգստություն պատճառելով, չեն բարձրաձայնում․ քաղաքապետարանը երկխոսության կգնա միայն աշխատանքային քննարկումների դեպքում․
«Կա խնդիր բարձրացնելու ձև, և էդ խնդիրը բարձրացնելու ձևը մարդկանց հանպատրաստից, առանց նախապես զգուշացնելու կանգառներում թողնելը չի, անգամ ամենաօբյեկտիվ խնդիր բարձրացնելու ձևը սա չի, սենց խնդիր չեն բարձրաձայնում» ։

Բողոքի ակցիային միացած կամ այն կազմակերպած 18 վարորդ ազատվել է աշխատանքից՝ աշխատանքային օրենսգրքի այն հոդվածներով, որոնցով գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողի արարքի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Սուրեն Գրիգորյանն ասում է՝ ակնհայտ է, որ վարորդների գործողությունները վնասել են ոչ միայն գործատուին, այլև հանրությանը։ Նա նաև գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․
«Քանի որ ես կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախնական համաձայնության տարրեր կարող են ունենալ, ուզում եմ ձեզ հայտնել, որ ես արդեն համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի եւ պարզվի՝ արդյոք մենք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարմա՞ն հետ, որն օբյեկտիվորեն առաջացնում է որոշակի ծանր հետեւանքներ, թե մենք առանձին անձանց մասով գործ ունենք մի երեւույթի հետ, որոնք հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»։
Բողոքի ակցիա իրականացնող մի քանի վարորդ օրվա կեսից վերադարձել է աշխատանքի՝ ասում է փոխքաղաքապետը։ Թեև ակցիան դեռ շարունակվում է, մայրաքաղաքային իշխանությունները հայտարարում են՝ սկզբունքի հարց է, «որևէ նախապայմանով աշխատավարձից բողոքողների հետ համաձայնության չեն գնալու»։ Ի դեպ՝ քաղաքապետարանից նաև հաղորդել էին՝ ամսվա ընթացքում 15 աշխատանքային օրվա համար վարորդների մաքուր աշխատավարձը 219-ից 401 հազար դրամ է։




