ԿարևորՏնտեսական

Բարելավել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը․ 2025-ի պետբյուջեն կրկին խորհրդարանում է

Խորհրդարանը քննարկել է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Նախորդ քննարկումից մինչև այս նստաշրջան նախագիծը փոփոխվել է, հաշվի է առնվել առաջարկների մեծ մասը։ Տպավորիչ տնտեսական աճի ցուցանիշներ ներառված չեն, բայց կայուն, հավասարակշռված, կառավարության նպատակը սպասարկող բյուջե է ներկայացված՝ խորհրդարանում հայտարարել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Բյուջեի քննարկման հիմնական շեշտադրումը ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշերն են եղել, այլև պարտք– ՀՆԱ հարաբերակցությունը։

Կառավարությունը վերանայել ու նվազեցրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը, ինչպես նաև տնտեսական աճի կանխատեսումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականին պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ն վերագնահատելու, նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաև նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկելու համար վերանայվել է նաև դեֆիցիտը:

«2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով»։

Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ։ Նախնական տարբերակի համեմատ ցուցանիշը  35.5 մլրդ- ով պակաս է: Նախարարը դա պայմանավորում է ՀՆԱ-ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ՝ 25 տոկոս մակարդակի պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են մոտ 39.5 մլրդ դրամով:

«Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ: Այլ եկամուտների 2.6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատմամբ, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ»:

Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով։

«Կառավարության պահուստային միջոցները, ըստ նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով: Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5.5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5.4 մլրդ դրամով»:

2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի վերանայված նախագծով կառավարության պարտք-համախառն ներքին արդյունք ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 54.3 տոկոս՝ նախագծի նախնական տարբերակում ներկայացված 53.5 տոկոսի փոխարեն:

«Զարգացած երկրները ունեն պարտք–ՀՆԱ հարաբերության բարձր ցուցանիշներ։ Սինգապուրը, որը համարվում է բարձր տնտեսություն ունեցող երկիր, 400 տոկոսով ավելի է պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը։ Մենք մեր 54․6 տոկոսից զգուշանում ենք։ Հնարավո՞ր է, որ մենք համաշխարհային տնտեսության հետ կապված սխալ ենք հաշվարկում»,- ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Նախարարը ընդգծում է՝ պատգամավորը պարտքի վերին շեմի մասին է հայտարարում, կառավարությունը՝ պարտք- ՀՆԱ հարաբերակցության մասին։ Կան նաև այլ ցուցանիշներ։ Պարտքի կայունությունը քննարկելիս՝ պարտքի սպասարկման գումարն է կարևորը՝ ասում է․

«Էական է, թե դու քո եկամուտներից ինչքան ես ծախսում պարտքի սպասարկման համար։ 2025–ին ծախսերի 11․5 տոկոսը ուղղելու ենք պարտքի սպասարկմանը»։

Հարկային բեռը չի բարձրանա, բարելավումներ կլինեն՝  շարունակում է խոսքը ֆինանսների նախարարը։

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հարցնում է․ «Բարելավումը քանի՞ տնտեսվարողի համար  հարկային բեռը կնվազեցնի, քանիսի՞նը՝ կավելացնի»։

Պատգամավորն ակնարկում էր Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով հաջորդ տարվանից գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված տնտեսվարողները շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկման դաշտ կտեղափոխվեն։ Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը կավելանա։ Այսինքն, նրանք այլևս չեն օգտվի նախկինում ունեցած արտոնություններից, եթե ընդունվի ներկայացված տարբերակը՝ արձագանքում է Վահե Հովհաննիսյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարում է․ «Հարգելի գործընկերներ, 13 հազար տնտեսվարողի բեռ չի ավելանա»։

Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ այս քառօրյայում նաև Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների փաթեթն է ներառված, որտեղ առաջարկվող փոփոխությունները կբարելավեն տնտեսվարողների կյանքը։

,  

Կարդացեք նաև

Back to top button